Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ում կյանքը թանկացել է: Թեեւ գնաճին զուգահեռ՝ մեր հանրապետությունում պարբերաբար բարձրանում են աշխատավարձերն ու կենսաթոշակները, այնուամենայնիվ, մարդկանց եկամուտների աճը համեմատելի չէ գնաճի հետ: Նկատենք նաեւ, որ ապրանքատեսակները ՀՀ քաղաքներում ունեն տարբեր գներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երեւանում եւ ՀՀ 10 մարզերում կատարում է սակագների ամենամսյա դիտարկում: Գների դիտարկումը կատարվում է հետեւյալ քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ, Իջեւան, Հրազդան, Եղեգնաձոր, Գավառ, Կապան եւ Արտաշատ:
Ըստ ԱՎԾ-ի՝ Երեւանում 1 կգ բրինձը այս տարվա նոյեմբերին վաճառվել է 950 դրամով, Գյումրիում՝ 850-ով, Վանաձորում՝ 730-ով, Էջմիածնում՝ 680-ով, Աշտարակում՝ 840-ով, Իջեւանում՝ 750-ով, Կապանում՝ 860-ով, Արտաշատում 780-ով: 1 կգ լոբին Երեւանում վաճառվել է 1710 դրամով, Աշտարակում՝ 1490-ով, Վանաձորում՝ 1460-ով, Կապանում՝ 1760-ով, Արտաշատում՝ 1580-ով: Լոբու ամենաէժան գինը արձանագրվել է Էջմիածնում՝ 1200 դրամ: Իսկ բլղուրի 1 կգ Երեւանում վաճառվել է 1350 դրամով, Գյումրիում՝ 990-ով, Աշտարակում՝ 1170-ով, Իջեւանում՝ 1470-ով, Կապանում՝ 1180-ով, Արտաշատում՝ 1010 դրամով: Ի դեպ, նշված ապրանքատեսակներն այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն թանկացել են:
Այս տարվա նոյեմբերին սիսեռի 1 կգ Երեւանում վաճառվել է 1560 դրամով, իսկ Գյումրիում՝ 1050 դրամով: Վանաձորում 1 կգ սիսեռը վաճառվել է 1560 դրամով, Աշտարակում՝ 1410-ով, Հրազդանում՝ 1060-ով, իսկ Եղեգնաձորում՝ 870-ով, Կապանում՝ 1160-ով, Արտաշատում՝ 1220-ով: Բարձր տեսակի ալյուրի 1 կգ Երեւանում վաճառվել է 460 դրամով, Գյումրիում՝ 310 դրամով, իսկ Էջմիածնում՝ 280-ով: Աշտարակում բարձր տեսակի ալյուրի 1 կգ արժեցել է 360 դրամ, Իջեւանում՝ 390, Կապանում՝ 350, իսկ Արտաշատում՝ 400 դրամ: Ձավարը նույնպես թանկացել է. 1կգ Երեւանում վաճառվել է 700 դրամով, Գյումրիում՝ 460-ով, Էջմիածնում՝ 420-ով, Աշտարակում՝ 470-ով, Իջեւանում՝ 580-ով, Կապանում՝ 590-ով, Արտաշատում՝ 450-ով:
Իսկ բարձր տեսակի 1կգ-անոց հացը Երեւանում նոյեմբերին վաճառվել է 530 դրամով, Գյումրիում՝ 430-ով, Վանաձորում՝ 460-ով, Էջմիածնում՝ 486-ով, Աշտարակում՝ 450-ով, Հրազդանում՝ 440-ով, Մարտունիում՝ 510-ով, Կապանում՝ 460-ով, Արտաշատում՝ 502-ով: Մեկ կիլոգրամ լավաշը Երեւանում արժեցել է 767 դրամ, իսկ Գյումրիում այն վաճառվել է 680 դրամով, Վանաձորում՝ 780-ով, Աշտարակում՝ 760-ով, Կապանում՝ 720-ով, Արտաշատում՝ 530-ով:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ նոյեմբերին 1 կգ տավարի միսը Երեւանում վաճառվել է 2500 դրամով, Գյումրիում՝ 2400-ով, Աշտարակում՝ 2500-ով, Արտաշատում՝ 2300-ով: Խոզի մսի 1 կգ Երեւանում արժեցել է 3400 դրամ, Գյումրիում այն վաճառվել է 3500 դրամով, Կապանում՝ 3400-ով, Արտաշատում՝ 2900-ով: Մեկ կիլոգրամ ոչխարի միսը Երեւանում վաճառվել է 3010 դրամով, Գյումրիում՝ 2520, Արտաշատում՝ 2400-դրամով: Ի դեպ, Աշտարակում ոչխարի միս չի վաճառվել, ինչը տարօրինակ է, քանի որ Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղերում մարդիկ ոչխարաբուծությամբ են զբաղվում:
Թանկացումներ արձանագրվել են նաեւ կաթնամթերքի շուկայում: Օրինակ՝ 1 լիտր թարմ կաթը Երեւանում վաճառվել է 420 դրամով, Գյումրիում՝ 370-ով, Վանաձորում՝ 390-ով, Աշտարակում՝ 430-ով, Կապանում՝ 400-ով, Արտաշատում՝ 430-ով: Իսկ 1 լիտր մածունը Երեւանում վաճառվել է 690 դրամով, Գյումրիում՝ 480-ով, Վանաձորում՝ 635-ով, Աշտարակում՝ 720-ով, Մարտունիում՝ 680-ով, Կապանում՝ 530-ով, իսկ Արտաշատում՝ 710-ով:
Նշենք, որ 1 կգ կարտոֆիլը Երեւանում վաճառվել է 200 դրամով, Գյումրիում՝ 180 դրամով, Վանաձորում, Աշտարակում եւ Արտաշատում 170-ով, Իջեւանում՝ 140-ով, Մարտունիում՝ 170-ով, Կապանում՝ 220 դրամով: Իսկ շաքարավազն ավելի բարձր գին ունեցել է Կապան քաղաքում՝ 1 կգ 400 դրամ: Շաքարավազի մեկ կիլոգրամը Երեւանում վաճառվել է 350 դրամով, Գյումրիում՝ 340 դրամով, Եղեգնաձորում՝ 360 դրամով, Մարտունիում՝ 370 դրամով, Արտաշատում՝ 360 դրամով:
Ի դեպ, նշենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից աղը նույնպես տարբեր գներ է ունեցել ՀՀ տարբեր քաղաքներում: Օրինակ՝ Երեւանում աղի մեկ կիլոգրամը վաճառվել է 170, իսկ Գյումրիում՝ 190 դրամով, Աշտարակում այն վաճառվել է 180 դրամով: Աղը նույն գինն է ունեցել նաեւ Եղեգնաձորում եւ Մարտունիում: Իսկ ահա Կապանում այն վաճառվել է 200 դրամով: Վերջում հավելենք, որ միայն մեկ տուփ լուցկին է, որ ՀՀ բոլոր քաղաքներում ունի նույն գինը: Այն վաճառվել է 10 դրամով:
Թե ինչով է պայմանավորված ՀՀ տարբեր քաղաքներում գնային նման տարբերությունը, դժվար է միանշանակ ասել: Նշենք միայն, որ տարբեր սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ ժողովրդագրական եւ աշխարհագրական գործոնների համադրման արդյունքում առավել մեծ են եղել թանկացումներն Աշտարակում, Երեւանում, Կապանում եւ Արտաշատում:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱ
Մեր հասարակությունում կան հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, ովքեր հասարակության համար լուրջ վտանգ են ներկայացնում, մինչդեռ նրանք ազատ շրջում են փողոցում: Եւ, ահա, ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կհաստատի շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը:
Տեղեկացնենք, որ շուրջօրյա խնամքի տունը պետական աջակցությամբ ծրագրեր իրականացնող հաստատության տեսակ է: Այն խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման շրջանակում նախատեսված է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց (ՀԱԽՈՒ) մշտական կամ ժամանակավոր բնակության համար:
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ այսպես կստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ՝ հոգեբուժական խոշոր հաստատությունների բեռնաթափման համար, ինչը թույլ կտա այդ հաստատություններն աստիճանաբար փոխարինել այլընտրանքային ծառայություններով:
Նշենք, որ շուրջօրյա խնամքի տունը նախատեսված է ոչ ավելին, քան ՀԱԽՈՒ տասնվեց անձանց միաժամանակյա բնակության համար: Այստեղ, խնամվողի հաշվարկով, չի կարող պակաս լինել 6 քմ-ից: Յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավել, քան երկու ՀԱԽՈՒ անձ: Շուրջօրյա խնամքի տանն ընդունում եւ խնամք են տրամադրում 18 տարին լրացած ՀԱԽՈՒ այն անձանց, որոնք ամբողջովին կամ մասամբ պահպանել են իրենց կենցաղային հմտությունները եւ ինքնուրույնությունը, ունեն հասարակությանը ինտեգրման կարիք, սակայն չունեն իրենց մշտական բնակավայրում բնակվելու հնարավորություն. չունեն ընտանիք, կամ ընտանիքը չի կարող, չի ցանկանում ապահովել նրանց խնամքը: Շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձանց տրամադրում է՝ անհրաժեշտ կահույք, հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն, անկողնային եւ անձնական հիգիենայի պարագաներ:
Իսկ դուրսգրումը կատարվում է ՀԱԽՈՒ անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի, ՀԱԽՈՒ անձի ընտանիքի անդամի գրավոր դիմումի հիման վրա՝ ՀԱԽՈՒ անձին ընտանիք վերադարձնելու ցանկության եւ նրա գրավոր համաձայնության դեպքում: Նաեւ ՀԱԽՈՒ անձի մահվան դեպքում: Նկատեցիք` հոգեկան խնդիրներ ունեցող անձը կարող է դիմում գրել եւ խնդրել իրեն դուրս գրել խնամքի կենտրոնից: Սա բավականին խոցելի կետ է, քանի որ նպաստում է հոգեկան խնդիրներ ունեցողների փողոց դուրս գալուն:
Հ.Գ. Ի դեպ, եթե հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ չունեն համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ իրենք հասարակության համար վտանգ են ներկայացնում, այս դեպքում միայն հանձնաժողովային զննումից հետո է գործն ուղարկվում դատարան: Եւ միայն դատարանն է իրավասու անձին ոչ հոժարակամ հոսպիտալացնել:
Իսկ թե որ հիվանդի դեպքում ինչքան ժամանակ հարկավոր կլինի դատարանին` որոշելու` այդ անձը պետք է մեկուսանա՞ հասարակությունից, թե՞ ոչ, անհայտ է: Եվ ամենեւին բացառված չէ, որ մինչեւ դատարանի որոշումը հիվանդը կարող է իր ձեռքով սպանել հարազատ երեխաներին կամ ծնողներին: Իսկ թե որքանով խնամքի տների ստեղծումը կնպաստի այս վտանգավոր խնդրի լուծմանը, դեռեւս անհայտ է:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդը» Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց տեղեկացավ, որ սկսած 1992 թվականից Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծում, ազգամիջյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած են համարվում շուրջ 4500 մարդ, որից 400-ը գրանցված են Հայաստանի Հանրապետությունում: Նրանցից 9-ը Տավուշի մարզի բնակիչ են: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղից անհայտ կորել են Հովսեփ Շահումյանը եւ Դիվանիչ Ջանվելյանը: Հ. Շահումյանը անհետ կորել է 1992 թվականին, Դ. Ջանվելյանը՝ 1995 թվականին: Զառա Ամատունին հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համագործակցում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, որպեսզի պարզվի անհայտ կորածների ճակատագիրը: ԿՄԽԿ-ն անհայտ կորածների վերաբերյալ այլ տեղեկություններից զատ՝ 2014 թվականից նրանց հարազատներից կենսաբանական նմուշներ է վերցնում, որպեսզի ավելի ստույգ դարձնի անհետ կորածների վերաբերյալ տվյալները: 1992թ. հունիսի 13-ի երեկոյան Կոթիի եւ Ղազախի շրջանի Փարաքլի գյուղի սահմանագոտում փայտ հավաքելիս անհետ կորած, 1953թ. ծնված Հովսեփ Շահումյանի եղբայր Սերոբ Շահումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե համոզված է, որ Հովսեփը կենդանի չէ, սակայն փափագում է նրա աճյունը հայրենի Կոթիի հողում ամփոփել:
«ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ» ԿՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 4-ին Վերին Ծաղկավանից դեպի Բերդ քաղաք շուրջ 1 կմ հեռավորությամբ հանդիպել է ճամփեզրին քայլող, իրեն անծանոթ, 1966թ. ծնված Վիկտոր Օրդյանին: Վերջինիս կողմից իրենից խուսափելու, անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաեւ Օրդյանի աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է, ցանկանում է ծոցագրպանից զենք հանել եւ կրակել: Արդյունքում Ա. Հակոբյանն իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է, ինչի հետեւանքով Վ. Օրդյանը ստացել է հրազենային վնասվածք: Նախկինում չդատված Ա. Հակոբյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձը): Սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, Բերդ քաղաքում ընթացող դատավարության ժամանակ քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը Ա. Հակոբյանին մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Դեկտեմբերի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը Ալիկ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ