ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը: Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:
Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության եւ տեղափոխման հետ կապված հարցերի կազմակերպման եւ Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակում են համակարգվել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից: Այս ընթացքում դուրս է գրվել նաեւ Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող երկու տուժածներից մեկը: Մյուսի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց: Հիվանդը ստանում է դեղորայքային բուժում:
Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը՝ Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք նույնպես ապաքինման փուլում են:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ
Այս տարի հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն կսկսվեն դեկտեմբերի 28-ից: Առաջին եւ երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչեւ հունվարի 24-ը ներառյալ, իսկ երրորդից տասներկուերորդ դասարանցիների արձակուրդը կտեւի ավելի կարճ` մինչեւ հունվարի 10-ը ներառյալ:

 

 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ 3 ՊԱՅՄԱՆ
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առաջին քայլը պետք է անի Անկարան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Կառլովի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն 3 պայմանի իրականացման դեպքում:
Առաջին հերթին՝ Անկարան պետք է ներողություն խնդրի Սու-24-ի կործանման համար: Երկրորդ հերթին՝ գտնի եւ պատժի ողբերգության մեղավորներին: Եվ երրորդ հերթին՝ Թուրքիան պետք է հատուցի ինքնաթիռի կործանման վնասը: «Եթե մեր սպասելիքները չարդարանան, ապա Թուրքիայի հետագա հայտարարությունները չեն կարողանա փոխել իրավիճակը՝ չնայած նրան, որ Թուրքիան հանդես է գալիս երկխոսության օգտին»,-ասել է Կառլովը:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը կործանվեց թուրքական զինուժի կողմից: Անկարան հայտարարեց, որ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: Հարաբերություններն էլ ավելի վատթարացան դեկտեմբերի 13-ի առավոտյան Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով. «Սմետլիվի» ռուսական ռազմական նավը, որը գտնվում էր Էգեյան ծովի հյուսիսային հատվածում՝ հունական Լեմնոս կղզուց 22 կմ հեռավորության վրա, նախազգուշական կրակ բացեց թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը մոտեցել էր ռուսական նավին:




Լրահոս