Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին, Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80-ամյակին և գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Իսահակյանական եռատոն» հանդիսությունը համախմբել էր մայրաքաղաքի գրադարանային համակարգի աշխատակիցներին ու վարպետի ստեղծագործությունները գնահատողներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով գրադարանի աշխատակիցներին` Արամ Սուքիասյանը նկատել է, որ հոբելյանական այս եռատոնը նաև հարգանքի ու խոնարհման օր է մշակութային այն օջախին, որը տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել է բազմաթիվ սերունդներ:
«Անշուշտ, 80-ամյա կառույցներ, այն էլ մշակութային, մեր քաղաքում քիչ են և դրանցից մեկը, ինչը խիստ պատվաբեր է, հենց գրադարանն է: Սա խոսում է նաև գրքի հանդեպ մեր ժողովրդի վերաբերմունքի ու գնահատանքի մասին: Նաև առանձնակի ակնածանք է սեփական մշակույթի, արվեստի, ինչպես նաև հենց արվեստագետի նկատմամբ: Հպարտ ենք, որ Երևանի քաղաքապետարանն ունի այսօրինակ ներկայանալի գրադարան, որն այսօր էլ շարունակում է կրթել ու դաստիարակել հայրենասեր ու հայրենանվեր սերունդ»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:
«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի 80-ամյակի առթիվ, գրադարանավարության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Գրադարանի 80-ամյակի առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ներդրած ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տեղեկատու-մատենագիտական բաժնի վարիչ Գայանե Եդիգարյանն ու գրացուցակների կազմակերպման բաժնի վարիչ Մարինե Գրիգորյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: