ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում անցկացվող «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը շարունակեց աշխատանքը ևս երկու թեմատիկ նիստերով:
Երկրորդ նիստը վարեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
«Նոր օսմանականության հիմնահարցերը և հետխորհրդային թյուրքագիտությունը» զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Տարոն Սիմոնյանը զեկուցեց «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը և կառուցակարգերը» թեմայով:
Բուռն քննարկումների առրթ դարձավ իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանի «Հայոց ցեղասպանության մերժողականությունը` ՄԻԵԴ-ի Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի վճռից առաջ և հետո»թեմայով զեկուցումը:
Պատկերաշարով «Հայոց ցեղասպանության ժխտման մեթոդներն ու մեխանիզմները արդի Թուրքիայում»թեմայով զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը:
Երրորդ թեմատիկ նիստը վարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերենի բաժնի վարիչ, պ.գ.թ. Մելինե Անումյանը «Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների որոշ փաստերի խեղաթյուրման փորձեր թուրք ժամանակակից պատմագրության մեջ» թեմայով զեկուցում ներկայացրեց:
«Հայոց ցեղասպանության ժխտողականության առանցքային կետերը՝ դերակատարների և դրսևորումների ձևափոխման համատեքստում» թեմայով զեկուցեց ցեղասպանագետ, քաղաքագետ Մարի Հովհաննիսյանը, կատարվեցին կարևոր մեթոդաբանական առաջարկներ ժխտողականության դեմ պայքարում:
Նիստի վերջում «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանը հանդես եկավ «Ընդհանուր ցավ. Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի արդի քաղաքականությունը» թեմայով զեկուցումով:
Ծավալվեցին քննարկումներ, արվեցին առաջարկություններ: Գիտաժողովի մասնակիցները ողջունեցին համաժողովներ, գիտաժողովներ կազմակերպելու, ուսումնասիրություններ պատվիրելու սփյուռքի նախարարության հետևողականությունը և նախաձեռնողականությունը հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում, նախանձախնդրությունն ու պատրաստակամությունը Հայ դատի և հայոց պահանջատատիրության հարցերը միշտ կենսունակ պահելուև առաջ տանելու հարցերում:
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ գիտաժողովի արդյունավետ աշխատանքին և դիպուկ հարցադրումներին: Նա մասնավորապես նշեց. «Գիտաժողովը, որով ավարտում ենք տարին, խորհրդանշական է: Ամփոփելով 2015թվականը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները՝ այս գիտաժողովով պնդում ենք ժխտողականության դեմ պայքարում մեր հաստատակամությունը: Ուրախալի է, որ հավաքվել են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ թուրքագետներ, ցեղասպանագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, միջազգայնագետներ և յուրաքանչյուրը խնդիրը դիտարկում է իր մասնագիտական տեսանկյունից , ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել գիտելիքները:
Ուրախ եմ, որ այսքան հզոր, ուժեղ, գիտուն, մրցունակ երիտասարդներ ունենք: Կարծում եմ, որ այս գիտաժողովի նյութերը պետք է տպագրվեն, նաև թարգմանվեն և տարածվեն Սփյուռքում: Անհրաժեշտ է, որ Սփյուռքը լսի, իմանա ձեր մտավախությունների մասին, որ այսօր հնչեցին այստեղ: Անդրադառնալով ժխտողականության դրսևորումներին՝ պետք է նշենք, որ Թուրքիան վայրի ժխտողականությունից անցել է ավելի քողարկված՝ սողացող ժխտողականության, ինչն առավել վտանգավոր և մոլորեցնող է: Ողջունում եմ, այստեղ հնչած կարևոր հարցադրումները, մեթոդաբանական առաջարկները, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել, վերլուծել և կոնկրետ առաջարկներ անել: Կարծում եմ, որ ցեղասպանագիտության միջազգային կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը կա, որը կզբաղվի գլոբալ ֆորումներ, լուրջ ուսումնասիրություններ կազմակերպելով:
Առաջարկում եմ,յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ևս այս թեմայով գիտաժողով կազմակերպել, կարծում եմ, որ 1 տարին բավական է Թուրքիայի կեղծ քաղաքականությունը, տարածաշրանային նոր զարգացումներն ուսումնասիրելու և եզրակացություններ անելու համար: Ուզում եմ, որ երիտասարդներդ շարունակեք դիտարկել թուրքական քաղաքականության նրբերանգները և անպայման համագործակցեք մեզ հետ: Պետք է այսուհետև ևս զգաստ լինենք: Ցավոք թեման մեկ երկու տարում չի փակվի, երկար ու ծանր գործընթաց է: Եվ եթե մի օր Թուրքիան անգամ ճանաչի ցեղասպանությունը, միևնույն է հատուցման գործընթացը երկար է լինելու: Շնորհակալ եմ ձեր արդյունավետ ու մանրակրկիտ աշխատանքի համար»: