Անցնող տարվա ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումները մի քանի անգամ փորձել են սրել իրավիճակը շփման գծում՝ դիմելով դիվերսիոն-հետախուզական անցումների, որոնք բոլորը տապալվել են: Ազգային անվտանգության աշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:
«Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, հետախուզական ներթափանցումների կանխարգելման եւ խափանման գործում եւս ազգային անվտանգության մարմինները, համագործակցելով բանակի եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կարողացան կատարել իրենց առջեւ դրված խնդիրը՝ զերծ պահելով մեր բնակչությանը հակառակորդի վնասակար գործունեությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ հավելեց ԱԱԾ տնօրենը:
Գորիկ Հակոբյանը փաստեց, որ միաժամանակ չեն դադարում այլ ուղղություններով ՀՀ դեմ ադրբեջանական հատուկ ծառայությունների թշնամական նկրտումները եւ սադրիչ գործողությունների փորձերը: Դրանց խափանման, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիների առջեւ օրենքով դրված այլ խնդիրների՝ պատշաճ որակով կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընթացիկ տարում իրենց գործունեությունն են կառուցել ԱԱԾ հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի, սահմանապահ զորքերի եւ մյուս մարմիններն ու ստորաբաժանումները:
«1993թ-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտնվել եւ դատապարտվել: Հակառակորդի դեմ տարվող հակահետախուզական աշխատանքի գերակշիռ ծավալն այսօր կազմում են կանխարգելիչ միջոցառումները»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Գորիկ Հակոբյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին հրապարակվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների իրական նկրտումներն ու գործելաոճը բացահայտող բազմաթիվ հայտարարություններ, որոնք էականորեն նպաստել են նաեւ մեր հասարակության տեղեկացվածության աստիճանի ու զգոնության բարձրացմանը: ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել եւ կալանավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի երկու քաղաքացիներ: