Ինչպես են պետական ունեցվածքն իրենցով անում. «առատաձեռն» Կառավարությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբեմն ուղղակի ապշել կարելի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են հաջողեցնում աննկատ կերպով պետական ունեցվածքը «մեջ-մեջ անել»: Օրինակ՝ մի օր կարող է պարզվել, որ այս կամ այն շենքը (այդ թվում՝ պատմամշակութային արժեք հանդիսացող) դարձել է մասնավոր սեփականություն: Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում է՝ շենքը դեռեւս տարիներ առաջ էժան գներով վաճառվել է իշխանությունների հովանավորությունը վայելող այս կամ այն գործարարին: Օրերս «Ժողովուրդ»-ը արձանագրեց, որ Սախարովի հրապարակում գտնվող Պուշկինի 2 հասցեի շենքի ճակատին գովազդային հսկայական պաստառ է փակցված: Պատմամշակութային այս շենքը, որում տասնամյակներ շարունակ հրշեջ ջոկատն էր տեղակայված, պարզվում է՝ դեռեւս 2009 թվականից տրվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին:

Իհարկե, շենքը միանգամից չի տրվել այդ ընկերությանը: Երեւանի սրտում գտնվող պատմամշակութային շենքի դիմաց նշված ընկերությունը պարտավորվել է հրշեջների համար նոր շենք կառուցել: Շենքը կառուցվել է Մյասնիկյան 1 հասցեում, եւ հրշեջներն էլ տեղափոխվել են այնտեղ: Իսկ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան առատաձեռն գտնվել: Այս հարցի պատասխանն ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականատերերը: Նշված ընկերությունը պատկանում է հայտնի Սամվել Մայրապետյանին եւ նրա կնոջը` Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Ինչպես հայտնի է՝ Մայրապետյանը 2008-ից 2014 թվականը ՀՀ փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գեւորգյանի սանիկն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս