Ոսկեպարում երկու գյուղացի պայթել է ականի վրա. երբ պետք է խրատվեն և ցուցանակներ տեղադրեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 18-ի առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի սահմանագոտում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց ներքեւ, Ոսկեպար գետի ափին ականի վրա պայթել են Բաղանիս գյուղի բնակիչներ, 1965թ. ծնված Արշակ Սահակյանը եւ 1957թ. ծնված Արտավազդ Կարապետյանը: Բաղանիս գյուղից ստացված տեղեկություններով՝ նրանք գետի ափ էին գնացել շինարարության համար ավազ հավաքելու:

Ա. Սահակյանը բեռնատար ունի, նա հարեւան Ա. Կարապետյանի համար ավազ պետք է տեղափոխեր: Շատ գյուղացիներից տեղեկացանք, որ Ա. Կարապետյանը պայթել է ականի վրա, նրան օգնության է հասել Ա. Սահակյանը: Վերջինս վիրավորին շալակած դուրս բերելու ժամանակ ինքն էլ է պայթել ականի վրա: Արշակ Սահակյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Այդ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Աղասի  Մահտեսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ականի պայթյունից ջախջախվել է Ա. Սահակյանի աջ ոտքի սրունքի ստորին երրորդականը, ձեռքը վնասվել է:

1957թ. ծնված Արտո Կարապետյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապվարչության պետ Նարեկ Վանեսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ստացած վնասվածքների պատճառով բժիշկներն  անդամահատել են Ա. Կարապետյանի ձախ ոտքի սրունքը, նաեւ ձախ ձեռքի մեկ երրորդը:

Տեղեկացնենք, որ ըստ գյուղում պտտվող լուրերի՝ սահմանի այդ հատվածն արգելափակող փշալար է եղել, որի վրայով անցել են Բաղանիսի 2 բնակիչները եւ պայթել:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 15-ին ծնեբեկ քաղելու նպատակով Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի սահմանագոտի էին մտել Բերդավանի  բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը:  Ռ. Մուղդուսյանը ականի պայթյունից ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է, Գ. Բաբիկյանի ոտքը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անդամահատել են:

Իհարկե, Տավուշի սահմանագոտում տեղադրված են ցուցանակներ, որոնք զգուշացնում են՝  այդ տարածքն ականապատ է: Հավանաբար, անհրաժեշտ է փոքրիկ ցուցանակների փոխարեն մեծ, ավելի գունեղ պաստառներ տեղադրել, նաեւ դրանց թիվն ավելացնել: Անհրաժեշտություն կա բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ կատարել, որպեսզի նրանք հեռու մնան ականապատ տարածքներից:

Թեեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայկական Կարմիր խաչի ընկերության հետ այժմ Տավուշի մարզի սահմանամեձ 15 գյուղերում հրետակոծության ժամանակ եւ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում անվտանգության կանոնները պահպանելու  դասընթաց է անցկացնում: Դասընթաց վարող Արմեն Ամիրաղյանը հայտնեց, որ այդ դասընթացին  սահմանամերձ  գյուղերի երեխաները հետաքրքրությամբ են մասնակցում, իսկ  չափահաս բնակիչները՝ ոչ այդքան: Մինչդեռ լավ կլիներ, որ մեծահասակներն էլ հետեւեին անվտանգության կանոններին, քանի որ, ցավոք, սահմանագոտում ականները դեռ երկար են մնալու, ու բնակիչները պետք է խուսափեն դրանց հետ ճակատագրական հանդիպումներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս