Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.

«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր բարդ ու դժվարին աշխատանքը` ուղղված անձի, հասարակության եւ պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը եւ պահպանմանը, դժվար է գերագնահատել: Այդ կարեւոր առաքելության հաջող ու արդյունավետ իրականացման համար համակարգի յուրաքանչյուր աշխատակցից պահանջվում է բարձր արհեստավարժություն ու պատասխանատվություն, անմնացորդ նվիրվածություն հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Եվ հատկապես հիմա, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ռազմաքաղաքական տարբեր զարգացումներ, ազգային անվտանգության առջեւ ծառացած խնդիրները պահանջում են նոր մոտեցումներ եւ լուծումներ: Դրա հետ կապված ձեր աշխատանքը պետք է մշտապես կատարելագործվի՝ հաշվի առնելով ժամանակի պահանջները: Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանեն հնարավորը օրենքով իրենց վերապահված գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար: Պետությունն էլ այսուհետ եւս կշարունակի ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»:




Լրահոս