ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր», – սոցցանցի իր էջում գրառել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ խոսնակը տեղեկացրել էր, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հայկական կողմը հետ է մղել մի քանի դիվերսիոն գործողություններ:
ԼՂՀ Պաշտպանության բանակը ավելի ուշ հաղորդեց, որ գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Շվեյցարիայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: