Ներիշխանական կուլիսներում արդեն սկսվել են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խմորումները: Հայաստանում ընդունված է, որ երբ խոսք է գնում ներիշխանական խմորումների մասին, առաջնահերթ ընկալվում է, որ տվյալ դեպքում ՀՀԿ-ի ներսում առկա զարգացուների մասին է խոսքը: Սակայն իրականում ներիշխանական խմորումների «քարտեզն» ավելի ընդգրկուն է եւ այն իր մեջ ներառում է նաեւ իշխանությունների արբանյակ քաղաքական ուժերին: Դրանք այն կուսակցություններն են, որոնց գոյությունը պայմանավորված է բացառապես իշխանությունների բարի կամքով:
ՀՀԿ-ում, ինչպես հայտնի է, առնվազն երկու առանձին թիմեր կան ձեւավորված՝ մեկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած թիմն է, որն իր շուրջ հիմնականում միավորել է ՀՀԿ-ի, այսպես կոչված, ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ մյուս խումբը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, իր մեջ ներառում է համեմատաբար երիտասարդ իշխանավորներին: Ի դեպ, երիտիշխանականների շարքերում կան նաեւ բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք պաշտոնապես ՀՀԿ անդամ չեն, բայց իրենց ապագան կապում են Միքայել Մինասյանի քաղաքական կարիերայի հետ: Եւ հիմա ՀՀԿ-ի վերը նշված երկու թեւերն էլ օր առաջ փորձում են իրենց համար պարզել, թե Սերժ Սարգսյանի ծրագրերում իրենք ինչ դերակատարություն կարող են ունենալ, որպեսզի հասկանան, թե 2017 թվականի ընտրական գործընթացներում իրենք ինչ եռանդով պետք է գործեն:
Իշխանական արբանյակ քաղաքական ուժերից ԲՀԿ-ն վերջին երկու ԱԺ ընտրություններում մշտապես «հաջողություն» է ունեցել, բայց այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո այս կուսակցությունը չի կարող հավակնել նախորդ տարիների «արդյունքներին»: Ավելին՝ ԲՀԿ-ի ճակատագիրն ամբողջությամբ կախված է ՀՀԿ-ի վերնախավի կամքից:
Նույնը վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին: Այս կուսակցությունը 2007-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով ստացել էր ավելի քան 177 հազար քվե, 2012-ին 85 հազար քվեով մի կերպ կարողացավ անցնել խորհրդարան: ՀՅԴ-ի այս անկումը հիմնականում բացատրվում էր 2008-ի նախագահական ընտրություններում այդ կուսակցության դրսեւորած իշխանահաճո մոտեցմամբ: Սահմանադրական փոփոխություններում իշխանություններին սատարելուց եւ համատարած ընտրակեղծիքները չնկատելու տալուց հետո դաշնակցությունն առանց իշխանական աջակցության կարող է չմասնակցել անգամ 2017 թվականի ընտրություններին:
Իհարկե, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համար ամենացանկալի տարբերակը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցելն է, բայց արդյոք իշխանությունների համար նման հեռանկարը ցանկալի է: Այս հարցի պատասխանը դեռ հայտնի չէ: Բայց որ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում չեն բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, փաստ է:
ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի մեկ այլ իշխանական արբանյակ կուսակցություն` ՕԵԿ-ն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ փորձում է իր դեմքն ամբողջությամբ կոսմետիկ վիրահատության ենթարկել, որպեսզի Հայաստանի հանրությունն իրեն չճանաչի, եւ իբրեւ ընդդիմություն՝ կարողանա ներկայանալ որպես ազգի փրկիչ: Սակայն ՕԵԿ-ի՝ մեկ տարուց ավել ընթացող վերափոխման գործընթացը, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի խոստանում այս կուսակցությանը:
Մյուս կողմից էլ, ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւս հայտարարել է Հայաստանում կուսակցություն հիմնելու իր մտադրության մասին: Ակնհայտ է՝ Աբրահամյանի հիմնած կուսակցությունը եւս փորձելու է դառնալ իշխանական արբանյակ քաղաքական ուժերից մեկը: Ենթադրվում է, որ Արա Աբրահամյանի միավորումը ՕԵԿ-ի, կամ նույն է թե՝ «Ազգային վերածնունդի» հետ անխուսափելի է:
Բայց արդյոք 2017-ին իշխանություններն ի վիճակի կլինեն իրենց իշխանությունը պահպանելու խնդիրը լուծելուն զուգահեռ «արբանյակներին» տեղավորելու խնդրով զբաղվել: Սահմանադրական հանրաքվեի արդյունքները վկայում են, որ նման` իշխանությունների լիակատար ազատ գործելու հեռանկարը, մեղմ ասած, «մշուշոտ ա»: Ուստի, եթե ՀՀԿ-ն հրաժարվի «արբանյակների» հետ դաշինք կազմելուց եւ նրանց թողնի ինքնահոսի, ապա վերջիններս բավականին ծանր կացության առաջ են կանգնելու: Գուցե հաջողվի խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել եւ 5-6 մանդատ ստանալով՝ սակարկությունների մեջ մտնել ՀՀԿ-ի հետ:
Սա նշանակում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ականատես ենք լինելու, թե ինչպես իշխանական նշված եւ շատ այլ մանր կուսակցությունների ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնելու իշխանություններին եւ հատկապես Սերժ Սարգսյանին քծնելու համար, որպեսզի իրենց «անտեր» չթողնեն: Ի վերջո, ՀՀԿ-ի հետ նույն ընտրացուցակով շատ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ էլ կան:
Ու դժվար թե այս ընթացքում իշխանական դաշտում նոր ուժեր կարողանան հայտնվել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ