Երևանում, Կապանում և Արտաշատում կյանքը թանկացել է. մարդկանց եկամուտների աճը համեմատելի չէ գնաճի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեվանում, Կապանում եվ Արտաշատում կյանքը թանկացել է
Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ում կյանքը թանկացել է: Թեեւ գնաճին զուգահեռ՝ մեր հանրապետությունում պարբերաբար բարձրանում են աշխատավարձերն ու կենսաթոշակները, այնուամենայնիվ, մարդկանց եկամուտների աճը համեմատելի չէ գնաճի հետ: Նկատենք նաեւ, որ ապրանքատեսակները ՀՀ քաղաքներում ունեն տարբեր գներ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երեւանում եւ ՀՀ 10 մարզերում կատարում է սակագների ամենամսյա դիտարկում: Գների դիտարկումը կատարվում է հետեւյալ քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ, Իջեւան, Հրազդան, Եղեգնաձոր, Գավառ, Կապան եւ Արտաշատ:

Ըստ ԱՎԾ-ի՝ Երեւանում 1 կգ բրինձը այս տարվա նոյեմբերին վաճառվել է 950 դրամով, Գյումրիում՝ 850-ով, Վանաձորում՝ 730-ով, Էջմիածնում՝ 680-ով, Աշտարակում՝ 840-ով, Իջեւանում՝ 750-ով, Կապանում՝ 860-ով, Արտաշատում 780-ով: 1 կգ լոբին Երեւանում վաճառվել է 1710 դրամով, Աշտարակում՝ 1490-ով, Վանաձորում՝ 1460-ով, Կապանում՝ 1760-ով, Արտաշատում՝ 1580-ով: Լոբու ամենաէժան գինը արձանագրվել է Էջմիածնում՝ 1200 դրամ: Իսկ բլղուրի 1 կգ Երեւանում վաճառվել է 1350 դրամով, Գյումրիում՝ 990-ով, Աշտարակում՝ 1170-ով, Իջեւանում՝ 1470-ով, Կապանում՝ 1180-ով, Արտաշատում՝ 1010 դրամով: Ի դեպ, նշված ապրանքատեսակներն այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն թանկացել են:

Այս տարվա նոյեմբերին սիսեռի 1 կգ Երեւանում վաճառվել է 1560 դրամով, իսկ Գյումրիում՝ 1050 դրամով: Վանաձորում 1 կգ սիսեռը վաճառվել է 1560 դրամով, Աշտարակում՝ 1410-ով, Հրազդանում՝ 1060-ով, իսկ Եղեգնաձորում՝ 870-ով, Կապանում՝ 1160-ով, Արտաշատում՝ 1220-ով: Բարձր տեսակի ալյուրի 1 կգ Երեւանում վաճառվել է 460 դրամով, Գյումրիում՝ 310 դրամով, իսկ Էջմիածնում՝ 280-ով: Աշտարակում բարձր տեսակի ալյուրի 1 կգ արժեցել է 360 դրամ, Իջեւանում՝ 390, Կապանում՝ 350, իսկ Արտաշատում՝ 400 դրամ: Ձավարը նույնպես թանկացել է. 1կգ Երեւանում վաճառվել է 700 դրամով, Գյումրիում՝ 460-ով, Էջմիածնում՝ 420-ով, Աշտարակում՝ 470-ով, Իջեւանում՝ 580-ով, Կապանում՝ 590-ով, Արտաշատում՝ 450-ով:
Իսկ բարձր տեսակի 1կգ-անոց հացը Երեւանում նոյեմբերին վաճառվել է 530 դրամով, Գյումրիում՝ 430-ով, Վանաձորում՝ 460-ով, Էջմիածնում՝ 486-ով, Աշտարակում՝ 450-ով, Հրազդանում՝ 440-ով, Մարտունիում՝ 510-ով, Կապանում՝ 460-ով, Արտաշատում՝ 502-ով: Մեկ կիլոգրամ լավաշը Երեւանում արժեցել է 767 դրամ, իսկ Գյումրիում այն վաճառվել է 680 դրամով, Վանաձորում՝ 780-ով, Աշտարակում՝ 760-ով, Կապանում՝ 720-ով, Արտաշատում՝ 530-ով:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ նոյեմբերին 1 կգ տավարի միսը Երեւանում վաճառվել է 2500 դրամով, Գյումրիում՝ 2400-ով, Աշտարակում՝ 2500-ով, Արտաշատում՝ 2300-ով: Խոզի մսի 1 կգ Երեւանում արժեցել է 3400 դրամ, Գյումրիում այն վաճառվել է 3500 դրամով, Կապանում՝ 3400-ով, Արտաշատում՝ 2900-ով: Մեկ կիլոգրամ ոչխարի միսը Երեւանում վաճառվել է 3010 դրամով, Գյումրիում՝ 2520, Արտաշատում՝ 2400-դրամով: Ի դեպ, Աշտարակում ոչխարի միս չի վաճառվել, ինչը տարօրինակ է, քանի որ Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղերում մարդիկ ոչխարաբուծությամբ են զբաղվում:

Թանկացումներ արձանագրվել են նաեւ կաթնամթերքի շուկայում: Օրինակ՝ 1 լիտր թարմ կաթը Երեւանում վաճառվել է 420 դրամով, Գյումրիում՝ 370-ով, Վանաձորում՝ 390-ով, Աշտարակում՝ 430-ով, Կապանում՝ 400-ով, Արտաշատում՝ 430-ով: Իսկ 1 լիտր մածունը Երեւանում վաճառվել է 690 դրամով, Գյումրիում՝ 480-ով, Վանաձորում՝ 635-ով, Աշտարակում՝ 720-ով, Մարտունիում՝ 680-ով, Կապանում՝ 530-ով, իսկ Արտաշատում՝ 710-ով:

Նշենք, որ 1 կգ կարտոֆիլը Երեւանում վաճառվել է 200 դրամով, Գյումրիում՝ 180 դրամով, Վանաձորում, Աշտարակում եւ Արտաշատում 170-ով, Իջեւանում՝ 140-ով, Մարտունիում՝ 170-ով, Կապանում՝ 220 դրամով: Իսկ շաքարավազն ավելի բարձր գին ունեցել է Կապան քաղաքում՝ 1 կգ 400 դրամ: Շաքարավազի մեկ կիլոգրամը Երեւանում վաճառվել է 350 դրամով, Գյումրիում՝ 340 դրամով, Եղեգնաձորում՝ 360 դրամով, Մարտունիում՝ 370 դրամով, Արտաշատում՝ 360 դրամով:

Ի դեպ, նշենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից աղը նույնպես տարբեր գներ է ունեցել ՀՀ տարբեր քաղաքներում: Օրինակ՝ Երեւանում աղի մեկ կիլոգրամը վաճառվել է 170, իսկ Գյումրիում՝ 190 դրամով, Աշտարակում այն վաճառվել է 180 դրամով: Աղը նույն գինն է ունեցել նաեւ Եղեգնաձորում եւ Մարտունիում: Իսկ ահա Կապանում այն վաճառվել է 200 դրամով: Վերջում հավելենք, որ միայն մեկ տուփ լուցկին է, որ ՀՀ բոլոր քաղաքներում ունի նույն գինը: Այն վաճառվել է 10 դրամով:
Թե ինչով է պայմանավորված ՀՀ տարբեր քաղաքներում գնային նման տարբերությունը, դժվար է միանշանակ ասել: Նշենք միայն, որ տարբեր սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ ժողովրդագրական եւ աշխարհագրական գործոնների համադրման արդյունքում առավել մեծ են եղել թանկացումներն Աշտարակում, Երեւանում, Կապանում եւ Արտաշատում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս