Կրակել է «ադրբեջանցու», բայց սխալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 4-ին Վերին Ծաղկավանից դեպի Բերդ քաղաք շուրջ 1 կմ հեռավորությամբ հանդիպել է ճամփեզրին քայլող, իրեն անծանոթ, 1966թ. ծնված Վիկտոր Օրդյանին: Վերջինիս կողմից իրենից խուսափելու, անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաեւ Օրդյանի աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է, ցանկանում է ծոցագրպանից զենք հանել եւ կրակել: Արդյունքում Ա. Հակոբյանն իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է, ինչի հետեւանքով Վ. Օրդյանը ստացել է հրազենային վնասվածք: Նախկինում չդատված Ա. Հակոբյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձը):

Սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, Բերդ քաղաքում ընթացող դատավարության ժամանակ քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը Ա. Հակոբյանին մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Դեկտեմբերի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը Ալիկ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս