Ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից ԱԱԾ և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի» կալանավորված անդամների թիվը գնալով ընդլայնվում է: Եվ այն հանգամանքը, որ ԱԱԾ տարվողների շարքը համալրում են ազատամարտիկներ, արդեն ոչ մեկին չի զարմացնում, քանի որ ինչպես նրանց մարտական ընկերներն են նկատում՝ ազատամարտիկները թիրախավորվել և ներքաշվում են ինչ-որ անհասկանալի, կեղտոտ խաղերի մեջ:
Հանրության զարմանքի և բազում հարցերի տեղիք տվեց հատկապես պաշտպանության նախկին փոխնախարար, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցության մասնակցելը):
Նախ հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «հանցախմբի» գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվել, էական նշանակություն ունեցող հանգամանքներ ներկայացրել, կալանավորված անդամներն էլ իրենց հերթին պաշտոնյաների անուններ են նշել, որոնց հետ հանդիպել և քննարկել են երկրի վիճակն ու դրանից դուրս գալու ելքերը:
Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նշված պաշտոնյաների մեջ հիշատակվել է Վազգեն Սարգսյանի զինակից Վահան Շիրխանյանի անունը: Վերջինս սրա հետ կապված ասել է, որ շփում չի ունեցել «զինված խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, բայց լսել է նրա մասին․ «Զոհվածի տղա է և պատերազմել է Քեսաբում. այդքան բան գիտեմ»:
Ինչևէ, փաստն այն է, որ հայոց բանակի կազմավորման գործում իր մեծ ավանդն ունեցած անհատը ձերբակալվել է հանցավոր խմբի անդամակցելու կասկածանքով: Իսկ հանցավոր խումբը, ինչպես ԱԱԾ-ն հայտարարել էր «վնասազերծման» օրը, նախապատրաստվում էր երկրում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել:
Եվ այստեղ հարկ ենք համարում մի քանի տարի ետ գնալ և թարմացնել շատերի հիշողությունը: Դեռևս 2006 թվականին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այսօր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը և մի շարք ազատամարտիկներ, ըստ ԱԱԾ-ի, «ծրագրել էին» Հայաստանում իրականացնել «ցախավելների» հեղափոխություն, ինչի պատճառով Արզումանյանի և Շիրխանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցվեց:
Ի տարբերություն Վահան Շիրխանյանի՝ Ալեքսանդր Արզումանյանը որոշակի ժամանակ անազատության մեջ մնաց:
Այսպես, 2006-ի ապրիլի վերջին, ըստ պաշտոնական հայտարարությունների, Արզումանյանն ու Շիրխանյանը Մոսկվայում համաձայնության էին եկել Լևոն Մարկոսի հետ՝ իրենց միջոցով կասկածելի ծագում ունեցող գումարների տեղափոխման հարցում։ Եվ արդեն Երևանում ստացել են «Կոնվերս» բանկի միջոցով փոխանցված 180 հազար դոլարը։ Փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նախկին պաշտոնյաների բնակարաններում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են խոշոր չափի գումարներ՝ արտարժույթով։
Ի դեպ, Լևոն Մարկոսը, քաղաքական գործիչների փոխանցմամբ, միշտ եղել է իշխանությունների հետ, նախկին իշխանավորներին նա է ծանոթացրել ռուսական էլիտայի հետ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ֆինանսական ներդրումներ է արել։
Ինչևէ, կատարվածը միանշանակ միջազգային սկանդալ էր, քանի որ արծարարծվում էին արտգործնախարարի, պաշտպանության փոխնախարարի անունները: Կան մարդիկ, որոնց նկատմամբ քրգործի հարուցումը շատ լուրջ փաստարկներ պետք է ունենա: Իսկ այս դեպքում, ըստ հետագա զարգացումների, այդ փաստարկները բացակայում էին մի պարզ պատճառով՝ որևէ մեկը պատիժ չկրեց, հարցերն իրենց պատասխանները չստացան. մինչ օրս այդպես էլ անհայտ մնաց, թե, ի վերջո, ինչ փողեր էին լվացել, և ինչպես էին այդ գումարները ծառայել «ցախավելների» հեղափոխությունը:
Պակաս ցավալի չէ այն, որ վերջին իրադարձությունների շուրջ իրականացվող քննության հետ մարդիկ այլևս հույսեր չեն կապում. պարզ չէ՝ իրականում սա կեղտոտ խա՞ղ է՝ ինչպես գնահատում են ազատամարտիկները, «մասկի շոո՞ւ է»՝ ինչպես ասում էր Ժիրայր Սէֆիլյանը, թե միանգամայն այլ բան է, սակայն երբ կալանավորված անդամներից որևէ մեկի անունը հնչեցնողները, նրանց ճանաչելու մասին հայտնողները նույն կարգավիճակում են հայտնվում, չի կարող որևէ տրամաբանության մեջ տեղավորվել: Եվ նմանատիպ օրինակներն են հանրության կողմից ԱԱԾ-ի նկատմամբ վստահության պակասի պատճառների հիմքը:
Հ.Գ. Մամուլում այսօր խոսվում էր այն մասին, որ «պարագլուխ» Արթուր Վարդանյանին ճանաչում է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Ենթադրությունները թողնում ենք ձեզ:
Տաթև Հարությունյան