ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունները ետ մղելիս մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանի հարազատներին և կիսում է ծանր կորստյան վիշտը:
Հաշվի առնելով շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկու հայկական հանրապետությունների ռազմական ոլորտների համագործակցությունը՝ գործողությունների համադրման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վաղ առավոտյան մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին վերաբերվող հարցեր: