Հայաստանի պետական պարտքն ավելացնում են սրընթաց կերպով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախօրեին հրապարակեց Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները` նոյեմբերի վերջի դրությամբ: Ըստ այդմ, Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 4 միլիարդ 813 միլիոն 400 հազար դոլար:

Նույն այդ տվյալներից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 778 միլիոն 500 հազար դոլար: Այսինքն՝ վերջին երկու ամսում մեր պետության պարտքը ավելացել է 34 մլն 900 հազար դոլարով: Իսկ այս տարվա հունվարի 1-ի հետ համեմատած, այսինքն՝ անցած տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի պարտքը փաստացի ավելացել է 371 միլիոն 900 հազար դոլարով:

Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 330 միլիոն 400 հազար դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանը: Իսկ մնացած` 483 միլիոն դոլար պետական պարտքը բաժին է հասնում ՀՀ կենտրոնական բանկին: Ի դեպ, կառավարության պարտքից 3 միլիարդ 578 միլիոն 900 հազար դոլարը արտաքին պարտքերն են: Այսինքն՝ Հայաստանն այդ գումարները վերցրել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից: Իսկ մնացած 751 միլիոն 600 հազար դոլարը ներքին պարտք է: Ասել կուզի՝ այդ գումարը գոյացել է՝ ՀՀ ֆինանսական շուկայում պետական պարտատոմսեր վաճառելով:

Ի դեպ, պետական պարտատոմսերը վաճառվում են դրամով, հետեւաբար պարտքն էլ գոյանում է դրամով:

Ֆինանսների նախարարության հրապարակած նույն վիճակագրական տվյալներից տեղեկանում ենք նաեւ, որ Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը ծածկելու նպատակով այս տարվա տասնմեկ ամիսների ընթացքում 202 միլիարդ 700 միլիոն դրամ է օգտագործվել: Այլ կերպ ասած՝ պետբյուջեի ծախսերից մի մասն իրականացվել է նոր պարտքեր վերցնելու հաշվին` վերը նշված գումարի չափով: Մասնավորապես, պետբյուջեի ծախսերը հոգալու համար ներգրավված պարտքերից 8 միլիարդ 800 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը վերցրել է ներքին աղբյուրներից, իսկ մնացած 193 միլիարդ 900 միլիոն դրամը` արտաքին աղբյուրներից են ստացվել:

Այսինքն՝ վերը բերված թվերն ուղղակի փաստում են, որ ընթացիկ տարին Հայաստանը նոր պարտքեր կուտակելու հաշվին է ապրել: Այս հանգամանքը ինքնին մտահոգիչ չէր լինի, եթե մենք համոզված լինեինք, որ այդ գումարներով Հայաստանի տնտեսության զարգացումն է խնայվել: Այլ կերպ ասած՝ պետությունն ընտանիքի պես է: Պարտք կամ վարկ վերցնելը դատապարտելի չէ, եթե տվյալ ընտանիքը պարտքով վերցրած գումարը պատրաստվում է ծախսել ընտանիքի կենցաղը բարելավելու վրա եւ համոզված է, որ առաջիկայում իր եկամուտները կբավարարեն պարտքը մարելու համար: Իսկ չհաշվարկված, կամ այլ կերպ ասած՝ ռիսկային վարկ վերցնելու դեպքում վարկառուն վտանգում է կորցնել իր ունեցվածքը: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը նոր վարկեր վերցնելիս պետք է համոզված լինի, որ դրանք իրենց նշանակությամբ կծախսվեն, եւ որ իր կողմից վարվող քաղաքականությունը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, որպեսզի հետագայում հնարավոր լինի այդ պարտքերը վերադարձնել:

Սակայն իրականությունն այն է, որ հատկապես արտաքին աղբյուրներից ներգրավվող պարտքերի գերակշռող մասն ունեն, այսպես կոչված, արտոնյալ ժամանակաշրջան, որպես կանոն դա առաջին տասը եւ ավել տարիներն են: Արտոնյալ ժամանակաշրջանի «հմայքն» այն է, որ այդ ընթացքում վարկառուն, այսինքն՝ ՀՀ կառավարությունը պարտքի մարում չի իրականացնում: Այլ կերպ ասած՝ ՀՀ ներկա կառավարությունը առանց քաշվելու վարկեր է վերցնում՝ շատ լավ գիտակցելով, որ երբ գա դրանց մարման ժամանակը, իրենց առնվազն մեծ մասը վաղուց արդեն իշխանության չի լինի: Բայց այս փուլում այդ գումարները նրանց անհրաժեշտ են՝ թոշակներ եւ աշխատավարձեր վճարելու համար: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները նորանոր պարտքեր չվերցնեն, ապա պետք է խոստովանեն, որ Հայաստանի տնտեսությունը կործանման եզրին են հասցրել: Նույնն է թե՝ ընտանիքի հայրը տան ունեցած-չունեցածը գրավադրելով՝ պարտքեր վերցնի ու աջուձախ անկապ ծախսի` հասկանալով, որ միեւնույն է՝ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել, եւ վարկերը վերադարձնելու հոգսն իր հետնորդների ուսերին է մնալու: Նման ընտանիքները սովորաբար կորցնում են իրենց ունեցած-չունեցածը եւ հայտնվում փողոցում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս