«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված այս զեկուցագիրը կազմել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսը 2005թ. դեկտեմբերին: Հեղինակը քննարկում է Հայաստանի էներգետիկ անկախության հիմնահարցը` ուղենիշ վերցնելով հայ-ռուսական հարաբերությունները: Մանրամասնորեն ներկայացնելով ՌԴ պաշտոնյաների այցելություններն ու դրանց արդյունքները` Էվանսը վերահաստատում է իր նախնական կարծիքը, ըստ որի` Հայաստանը էլ ավելի է խորացնում իր կախվածությունը Ռուսաստանից: Ավելին` ամերիկացի դիվանագետը հակված է կարծելու, որ Հայաստանը այնքան էլ առանձնահատուկ գործընկեր չէ Ռուսաստանի համար:
Այսպես, Էվանսը հայտնում է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը 2005թ. դեկտեմբերի 2-3-ը այցելել էր Հայաստան` ամփոփելու Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների շարքը, որը մեկնարկել էր նույն տարվա մարտին, ՌԴ նախագահ Պուտինի այցով: Դիվանագետը հատկանշում է, որ թեեւ Ռուսաստանի տարին հագեցած էր ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններով, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ Հայաստանի` իր «ռազմավարական գործընկերոջից» ունեցած կախվածության շուրջ առկա մտահոգությունների աճին զուգահեռ: Հեղինակը հատկապես շեշտում է ռուսական գազի նկատմամբ Հայաստանի կախվածության պարագան: Հանուն արդարության հարկ է նկատել, որ ԱՄՆ-ն էլ նվազ ջանքեր չի գործադրել Հայաստանի կախվածության խորացման հարցում` մշտապես խոչընդոտելով հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:
Էվանսը տեղեկացնում է, որ դեռեւս նույն թվականի մարտին նախագահ Պուտինը կարճ այցելություն էր ունեցել Երեւան, որը «հայերն այնպես ներկայացրին, կարծես վերջին պատմաշրջանի ամենակարեւոր այցն էր»: Դիվանագետը հավելում է, որ տարվա վերջին 8 ամիսներն աչքի են ընկել ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններով, ինչպես օրինակ` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի, ՌԴ Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւի, ՌԴ տրանսպպորտի նախարար Իգոր Լեւիտինի դեպքում: Իսկ խնդրո առարկա Ֆերադկովի այցին հաջորդել էր նաեւ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովի այցը: Դեսպանն արձանագրում է. «Մինչ հայկական ԶԼՄ-ները, թվում է, կուլ տվեցին «առանձնահատուկ հարաբերությունների» թեզը, մենք պետք է նկատենք, որ հաեւանությամբ գտնվող այլ երկրները եւս արժանացան Մոսկվայի բարձր ուշադրությանը»:
Անդրադառնալով ռուսական ներդրումներին` ԱՄՆ դեսպանը դրանցից որոշները համարում է «մաքուր քաղաքական ենթատեքստ» ունեցող: Նա շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել դեռեւս խորհրդային շրջանում գործող 5 խոշոր օբյեկտներ` որպես «Գույք` պարտքի դիմաց» գործարքի բաղկացուցիչ մաս: Իսկ գիտական ասպարեզում դիվանագետի ուշադրությունն են գրավել ՀՀ եւ ՌԴ գիտությունների ակադեմիաների միջեւ կնքված մի շարք համաձայնագրերը, որոնք, տարածված հաղորդագրության համաձայն, ներառում են 67 պրոյեկտներ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի եւ այլ ոլորտներում: Էվանսը նկատում է, որ այդ փոխգործակցության ծրագրերի ստորագրությունը լայնորեն տարածվել է մամուլում, սակայն ինքը չի կարող հատկանշել դրանց հեռանկարային երկարաժամկետ նշանակությունը: Տասնամյա հեռավորությունից կարող ենք փաստել, որ այդ ծրագրերից որեւէ մեկը օգտակար ու գործնական նշանակություն չունեցավ: Ընդհանրապես, խորհրդային ավանդույթներն այսօրինակ հարցերում լավագույնս են արտահայտվում, երբ ծրագրերի մասին հայտարարում են այնչափ բարձրաձայն, որչափ որ լռում են դրանց արդյունքների մասին: Ինչեւէ, ԱՄՆ դիվանագետը այդ ամենի փոխարեն բարձր է գնահատում հայ-ռուսական համագործակցությունը ռազմական ոլորտում: Նա ընդգծում է, որ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը ոչ միայն Ռուսաստանին է տալիս Գյումրիի ռազմաբազան առանց որեւէ վարձավճարի, այլեւ ինքն է վճարում բազայի ծախսերը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ-ՌԴ կառավարությունները կնքել են ռազմական բազմակողմանի համագործակցության պայմանագիր, որը թույլ է տալիս Հայաստանին ռազմական նշանակության արտադրանք գնել նվազեցված գնով եւ հնարավորություն ընձեռում հայ սպաներին ռուսական ռազմական ակադեմիա հաճախել առանց վճարի:
Ամփոփելով իր մեկնաբանությունը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ` դեսպան Էվանսը փաստում է, որ Ռուսաստանը երկար ժամանակ է՝ տիրապետում է Հայաստանի էներգետիկ ոլորտին եւ իր դիրքերը զգալիորեն ուժեղացրել է նաեւ 2005թ.` ձեռք բերելով Հայաստանի էլցանցերը: Դիվանագետը «Գազպրոմի» այն հայտարարությունը, ըստ որի` նախատեսվում է կրկնապատկել բնական գազի գինը Հայաստանի համար, համարում է լուրջ ապացույց այն բանի, որ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից շարունակում է խորանալ: Էվանսը արձանագրում է, որ Հայաստանը շարունակում է գերազանցապես կախված մնալ Ռուսաստանից` ի հեճուկս Իրանի հետ երեւացող կապերի: Հեղինակը ամփոփում է. «Գազպրոմը տիրապետում է գազամուղին, գազով աշխատող գեներացիոն համակարգերին, իսկ ահա այժմ էլ էլեկտրականության բաշխման համակարգին: Ռուսական «Մինատոմն» էլ Հայաստանի միջուկային ներուժի միակ մատակարարն է»:
Ահա թե ինչպիսին է Քոչարյանի կառավարման իրական արդյունքը, երբ ամեն տարի Հայաստանը կորցրել է իր էներգետիկ անկախությունն ու էլ ավելի խճճվել ռուսական կախվածության թակարդում: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի իշխանությունը եւս շարունակեց նույն վատագույն ավանդույթները` կատարյալ դարձնելով Հայաստանի էներգետիկ ինքնուրույնության ոչնչացման օպերացիան: Այսօր Հայաստանն ավելի խոցելի է դարձել, ավելի հպատակված Ռուսաստանին, քան երբեւէ, ինչի մեջ իրենց մեղավորությունն ունեն թե՛ հայաստանյան էլիտան, թե՛ նաեւ ամերիկացիները, որ շարունակաբար աջակցել են իշխանություններին, միաժամանակ իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրություններով պայմանավորված` լրջագույնս սառեցրել հայ-իրանական այլընտրանքային գործակցությունը:
Ն. Հովսեփյան