«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աղմուկ է հասունանում. մի խումբ կանանց զայրացրել է իրենց ՔԿՀ ղեկավարության գործելաոճը: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած կանայք նշեցին, որ դեկտեմբերի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումից առաջ «Աբովյան» ՔԿՀ ղեկավարության հրահանգով դատապարտյալ կանայք տարվել են Արմավիր՝ նոր բացվող քրեակատարողական հիմնարկի մաքրություն իրականացնելու համար: «Գիտեք, այս ամենի մեջ ցավալին այն է, որ իրենց նպատակների համար մեզ ծառայեցնում են, բայց մեր խնդրանքներն ու հորդորները չեն անցնում:
Աղջիկներից մեկը Արմինե Գրիգորովնայի թրաֆիքինգի գործով ազատազրկման է դատապարտվել: Երեկ իր հայրիկի հուղարկավորությունն էր, նա դիմել էր ղեկավարությանը, որպեսզի գնար, վերջին հրաժեշտը տար հորը, բայց թույլ չէին տվել: Այսպես չի կարելի շարունակել, մի շարք կանայք էլ կարճաժամկետ մեկնման համար դատարանի դռներ են ընկել»,- բողոքեց մեր զրուցակիցը: