«Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն այսօր անցկացրել է «Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՔԴԿ տնօրեն, Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Աժ պատգամավորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ողջ տարին անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ, որոնցում ամբողջությամբ ներգրավվել է նաև կրթական համակարգը:

«Ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուոքում և արտասահմանում մենք փորձել ենք կրթական և գիտական նախաձեռնություններով հիշել և պահանջել: Այս մրցույթը, որն անցկացվում է Մայր Աթոռի հովանու ներքո, բացառիկ է ոչ միայն իր ձևաչափով, այլ իր ենթավերնագրով և իր այն իմաստային կշռով, որ դրվել է դրա նախաձեռնման խորքում: «Երաշտ և բողբոջ» ձևակերպման մեջ իրական բողբոջները հենց մեր երեխաներն են: Շնորհակալ եմ, սիրելի աշակերտներ, որ 4000 աշխատանք ստեղծվել է` շնորհիվ ձեր պատմական հիշողության և ստեղծագործական ձիրքի»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռին և, մասնավորապես, Քրիստոնեական դաստիրարակության կենտրոնին` ողջ տարվա ընթացքում արդյունավետ համագործակցության համար:

Միջոցառման ընթացքում նախարարը և Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մրցանակներ են հանձնել «Լավագույն մտահղացում», «Լավագույն աշխատանք» անվանակարգերում հաղթող ճանաչված լուսանկարների երկու հեղինակներին: Հատուկ մրցանակի է արժանացել մեկ մասնակից, ևս տասնչորս աշխատանքի հեղինակներ պարգևատրվել են լավագույն մասնակցության համար:

Նշենք, որ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացված «Երաշտ ու ու բողբոջ»հանրապետական ֆոտոմրցույթը մեկնարկել է ապրիլին: Մրցույթին ՀՀ մարզերից և Երևանից մասնակցել է շուրջ 4000 աշակերտ, ովքեր իրենց աշխատանքները տեղադրել են մրցույթի համար ստեղծված կայքում: Մրցույթի գնահատման համար ձևավորված համձնախումբն ամփոփել է մրցույթի արդյունքները և ընտրել մրցանակի արժանի աշխատանքները:




Լրահոս