Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ “Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։
Հիշեցնենք, որ վառելիքի հետ կապված չարաշահումներ հայտնաբերվեցին նաեւ ճանապարհային ոստիկանությունում, որի արդյունքում ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման եւ առ այսօր պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։