«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խորհրդարանական ուժերը քննարկում են նոր ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը: Եւ հիմա շատ կարեւոր է, թե ովքեր են ընդգրկվելու այն հանձնաժողովի կազմում, որ պետք է այդ փոփոխությունները կատարի Սահմանադրությունից հետո ընտրական համակարգում առավել կարեւոր դեր ունեցող օրենսգրքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այսօր եւեթ պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի պատրաստվենք նոր ընտրական օրենսգրքին: Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչեւ 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»:
Այնուհետեւ Ս. Սարգսյանն ավելացրել էր. «Մենք պատրաստ ենք ամենաբաց եւ ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձեւաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր, լավագույն ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը եւ մեզ հետ հավասար կլծվեն այս կարեւոր աշխատանքին: Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին»:
Չնայած Սերժ Սարգսյանի խոստումներին՝ ԱԺ խմբակցությունները մտավախություն ունեն, որ ինչպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այնպես էլ ընտրական օրենսգրքի փոփոխության օրերին իշխանության «սիրելիները» կգրեն տեքստը` ձեւացնելով, թե կոնսոլիդացիայի միջոցով է ձեւավորվել նախագիծը:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին արդեն հայտնել են, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործնական քայլերը կարվեն 2016 թվականի սկզբին: Մինչ այդ մեր երկրում ամանորյա արձակուրդային տրամադրություններ են:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, արդյո՞ք արդեն որոշված է, թե ինչ ձեւաչափով է քննարկվելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, կա՞ արդեն այն մարդկանց «ցուցակը», ովքեր ընդգրկված են լինելու այդ աշխատանքների կատարման խմբում:
-Դեռեւս այդ հարցի հետ կապված որեւէ հստակություն չկա: Այն, որ կստեղծվի աշխատանքային խումբ խորհրդարանում, տրամաբանական է, բայց արդյոք կլինի նաեւ առանձին հանձնաժողով, որը կկատարի այդ աշխատանքները, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Քննարկումների առումով հարցը մեր հանձնաժողովի տիրույթում է գտնվում, կարծում եմ, որ կստեղծենք ընդհանուր մի աշխատանքային խումբ, որի ժամանակ էլ կկազմակերպենք քննարկումները:
Անկախ նրանից` մե՞նք կներկայացնենք, թե՞ ՀՀ կառավարությունը, անպայման աշխատանքային խմբով կքննարկենք ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Այժմ որեւէ բան հստակ չի: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում հարցի քննարկման ընդգրկունության մասին դեռ որեւէ բան չեմ կարող ասել:
-Նշվում է, որ իշխող ՀՀԿ-ն նպատակ ունի հարցի քննարկումը կազմակերպել իր թիմակիցների միջոցով, աշխատանքային խմբում եւս լինելու են իշխանության ներկայացուցիչները: Արդյո՞ք մտադրություն ունեք այդ գործընթացում ներառել նաեւ այլ քաղաքական ուժեր, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:
-Դեռեւս վաղ է խոսել մի գործընթացի մասին, որը դեռեւս չի սկսվել: Աժ արտահերթ նստաշրջանի ավարտից հետո լինելու են տոնական օրերը, այդ ամենից հետո միայն կարելի է խոսել իրատեսական բաներից: Իմ ասած աշխատանքային խումբը, երբ նստում ենք մենք՝ հանձնաժողովի անդամներով, առանց լրատվամիջոցների քննարկում ենք իրականացնում, այդ ժամանակ քննարկմանը մասնակցելու համար մենք խմբակցությունների ներկայացուցիչներին տեղեկացնում ենք, ու իրենք ուղարկում են իրենց այն անդամներին, ովքեր պետք է մասնակցեն քվեարկությանը:
Այս առումով ես կարող եմ վստահեցնել, որ պատշաճ քննարկում կիրականացվի, կկազմակերպվեն նաեւ լսումներ, այսինքն՝ այն ամենը, ինչը մեզանից է կախված, մենք պատշաճ կարգով կիրականացնենք: Միանշանակ կարող եմ, որպես հանձնաժողովի նախագահ, ասել, որ մենք ԱԺ-ում մեր աշխատանքը կատարելու ենք օրենքի տառին համապատասխան:
-Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշում են նաեւ, որ 6 ամիսը շատ քիչ ժամանակ է, որպեսզի իշխանությունները կարողանան ողջ ընտրական օրենսգիրքը փոփոխությունների ենթարկեն: Համակարծի՞ք եք, որ ժամանակը քիչ է:
-Բավարար ժամանակ է, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն, առավել եւս, որ հիմնական սկզբունքներն արդեն նոր Սահմանադրության համապատասխան հոդվածներով տրված է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ