«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հեթական անգամ հանդիպեց դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց, որ Ազգային ժողովում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկման արդյունքները։

«Այս ձևաչափով մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք նախագիծը` ձեր առաջարկները ևս հաշվի առնելու նպատակով։ Մինչ երկրորդ ընթերցումը կարող ենք մեր համագործակցությունն ավելի ակտիվացնել»,-ասաց փոխնախարարը` շեշտելով, որ օրենքի նախագիծը միտված է դեղերի շրջանառության կարգավորմանը` դեղի արտադրումից մինչև սպառող։ Նաև նշվեց, որ նախարարությունը մշտապես փորձում է նպաստել տեղական դեղարտադրողներին, ինչն իր արտացոլումն է գտել նոր օրենքի նախագծում։

Նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ հոկտեմբերի վերջին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախարարական նիստում ևս անդրադարձ է կատարվել դեղերի շրջանառության, գրանցման, դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման և այլ հարցերին։

Դեղ արտադրող և ներկրող ընկերությունների ղեկավարներն առաջարկեցին ավելի հաճախ հանդիպումներ կազմակերպել նախագծի դրույթների քննարկումները շարունակելու նպատակով։

«Նոր օրենքի ընդունումով մեր դեղ արտադրողների և ներկրողների համար օրենսդրական ամուր դաշտ կստեղծվի, իսկ ԵԱՀԿ-ն` գործունեության մեծ հնարավորություն կտա»,-ասաց նախարարը` պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ևս հանդիպել դեղ արտադրող և ներկրող ընկերությունների ղեկավարների հետ` ինչպես օրենքի նախագծի առանձին դրույթները, այնպես էլ` նրանց հետաքրքրող հարցերը քննարկելու նպատակով։




Լրահոս