Պուշկինի 2 հասցեում գտնվող 1930-ականներին կառուցված շենքը, որտեղ նախկինում տեղակայված է եղել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը, մեկն է Սախարովի հրապարակի մաս կազմող եւ այն ամբողջացնող շենքերից: Այս շենքն ունի տեղական հուշարձանի կարգավիճակ: Սակայն այսօր անհայտ է, թե հուշարձանը ինչ ճակատագիր կունենա:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն այն օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: «Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրներն են Սամվել Մայրապետյանն ու նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը: 2012 թվականի սեպտեմբերից հրշեջ ջոկատը տեղափոխվեց Մյասնիկյանի 1 պողոտայում գտնվող նոր մասնաշենք:
Տեղեկացնենք, որ Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքը ՀՀ կառավարությունը օտարել է Սամվել Մայրապետյանի ընկերությանը դեռեւս 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ: Ըստ որի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն իր միջոցների հաշվին ֆինանսավորել է պետության կարիքների համար ձեռք բերվող, Երեւանի Մյասնիկյան պողոտայի 1 հասցեում ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի համար նոր տիպային շենքի կառուցման կապալի, շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքները:
Բացի այս, կառավարության նույն որոշմամբ՝ շենքը կառուցվելուց եւ սահմանված կարգով շահագործման հանձնվելուց հետո Պուշկինի 2 հասցեում գտնվող անշարժ գույքը Մյասնիկյանի շենքի կառուցման ծախսերի գնին հավասար գնով օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին` որպես հատուցում Մյասնիկյանի շենքի ֆինանսավորման դիմաց: Սակայն սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ ոչ միայն այդ շենքն է օտարվել Սամվել Մայրապետյանին, այլեւ հարակից շենքերն ու տարածքները, որոնց նկատմամբ դեռեւս 2008-ին կառավարությունը գերակա շահ է ճանաչել, որտեղ, ի դեպ, հուշարձան համարվող եւս մեկ շենք կա:
«Ժողովուրդ»-ը Սամվել Մայրապետյանից հետաքրքրվեց շենքի ճակատագրով, թե ինչ է պատրաստվում նա անել այդ շենքի հետ: Հարցին ի պատասխան՝ Մայրապետյանն ասաց. «Ընդհանուր ծրագիրը պետք է կատարվի, իրացման գործընթացը դեռ չի կատարվել: Երբ ավարտվի, այն ժամանակ էլ կորոշվի: Խոսքը ամբողջ թաղամասի մասին է, դա դեռ ծրագրի մի մասն է կազմում: Բայց ամեն դեպքում այն այնպիսի շենք է, որին ձեռք տալ չի կարելի: Ի սկզբանե նշված է, որ այն համարվում է պետության կողմից պահպանվող շենք: Այդ շենքը որպես սեփականություն անցել է ինձ, բայց շենքի հետ կապված ցանկացած որոշում ընդունելիս պետք է համաձայնեցվի կառավարության հետ: Դեռեւս այդ հարցը չի էլ քննարկվում, որովհետեւ բակային մասը իրացված չէ»:
Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ շենքի ճակատային մասում փակցված է «Արմենտել» ընկերության գովազդային մեծ պաստառ: «Ժողովուրդ»-ը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրինական է պետական պահպանության շենքի վրա գովազդային պաստառ փակցնել: «Եթե նման վահանակ է կպցված, բնականաբար որոշակի պայմանագրային հարաբերություններ կան»,- ասաց Ա. Սահակյանը:
Այնպիսի տպավորություն է, որ Մայրապետյանի գործերն այնքան են վատացել, որ նա ստիպված է իր սեփական շենքի վրա հսկայական գովազդային պաստառներ փակցնելով եկամուտ վաստակել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ