Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին:
“Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար”,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերևս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետև շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները: Բայց մյուս կողմից էլ, ըստ Նախագահի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, և ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի. “Այստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել”,- ասել է Նախագահը:
Հանրապետության ղեկավարը, անդրադառնալով նաև ավելի քան 5 տարվա ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատանքում եղած որոշակի ձեռքբերումներին, կարևորել է նախաքննական մարմնի աշխատակիցների աշխատանքային ունակությունների և մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ծառայությունը շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա և վստահեցրել է, որ այդ ընթացքում և՛ պարոն Շահինյանը, և՛ ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել իր և ՀՀ կառավարության աջակցությունը: