Ի՞նչ կփոխվի, եթե ապացուցվի, որ Պերմյակովը սատանիստ է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության գործով դատավարությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, մեկնարկեց լարված մթնոլորտում:

Այն, որ դատական քննությունը պետք է տեղի ունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, խիստ վրդովվմունքի տեղիք տվեց: Սպանվածների հարազատները չէին կարողանում տեղավորվել ներսում, իսկ վրաններից նիստի ընթացքին հետևելը նպատակահարմար չէին գտնում. Պերմյակովին պետք է հենց տեղից տեսնեին:

Փաստն այն է, որ որևէ հարմարություն դատական քննությունն անցկացնելու համար ռազմաբազայում ստեղծված չէր: Իսկ որ պակաս կարևոր չէ, Պերմյակովին հսկում էին ռազմաբազայի զինծառայողներ: «Սա օրենքի կոպիտ խախտում է»,- նկատեց տուժողների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Այս պայմաններում դժվար է պատկերացնել առողջ դատական քննություն. թե ինչ քայլեր կձեռնարկվեն պատկան մարմինները, պարզ կլինի հունվարի 18-ին:

Երեկվա դատական նիստի ընթացքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց գործի նյութերի ծանոթանալու ընթացքում իրենց հայտնի դարձած շատ կարևոր հանգամանքի վրա:

Խոսքն այն մասին է, որ ըստ գործի տվյալների՝ մեղադրյալ Վալերի Պերմյակովը «odnoklassniki.ru» սոցիալական կայքում էջ է բացել՝ անդամակցելով սատանիստների խմբի, և նշված էջում գրառում է կատարել՝ «Պայմանագիր սատանայի հետ»: Ըստ այդմ, Պերմյակովը երդվել է մի քանի կանանց և տղամարդկանց հանձնել տիրոջը՝ սատանային՝ նվիրվելով նրան մարմնով ու հոգով՝ հրաժարվելով Աստծուց:

Երեմ Սարգսյանը նշեց, որ այդ փաստը բնութագրում է անձին, նրա մղումները, էությունը, ինչպես նաև դա կարող է գնահատվել որպես նրա արարքի դրդապատճառ:

Թե ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան գործում, եթե ապացուցվի, որ Պերմյակովն իսկապես սատանիստ է, դժվար է ասել: Սակայն այս պարագայում առաջ է գալիս նաև նրա՝ հոգեկան առողջության հարցը: Արդյոք Պերմյակովի նկատմամբ մեղմ պատիժ կսահմանվի՞, եթե, ասենք, սրանից ելնելով՝ հանկարծակի պարզվի՝ նա չի գիտակցել իր քայլերի լրջությունը, աֆեկտի տակ է եղել: Այդուհանդերձ, փորձաքննություններն այլ պատկեր են արձանագրել: Իսկ ահա Պերմյակովի պահվածքը նիստերի դահլիճում շատերին կասկածի տեղիք է տվել:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս