ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին ` ՀՀ աշխատավորների օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին, որում մասնավորապես ասված է. «Հայի ստեղծագործ մտքի ու արարող  ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն  մեր ամենամեծ ձեռքբերումները  կերտում ենք մայր Հայաստանում»: Թե ինչ ձեռքբերումներ նկատի ունի Սերժ Սարգսյանը` հայտնի չէ: Ցավոք, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, անցած հինգ տարիներին   դժվար է  նշել գոնե մեկ «մեծ ձեռքբերում` կերտված մայր Հայաստանում»: Փոխարենը յուրաքանչյուրի համար էլ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանի  պաշտոնավարման ընթացքում «մայր Հայաստանում կերտվել են ամենամեծ ձախողումները»` սկսած աղքատության շեշտակի աճից, որը 26 տոկոսից հասավ արդեն 40 տոկոսի (դա պաշտոնական տվյալներով, իսկ ոչ պաշտոնական, սակայն առավել հավաստի տվյալներով` այդ թիվը գերազանցում է 57 տոկոսը), ԱՊՀ տարածքում գրանցված ամենամեծ`  մոտ 20 տոկոսանոց  տնտեսական անկումից եւ  Հայաստանից արտագաղթած շուրջ 360 հազար քաղաքացիներից: Հետաքրքիր է, նման պատկեր ունեցող երկրի ղեկավարն ինչպես կարող է իրեն թույլ տալ դիմելով երկրի աղքատ քաղաքացիներին` խոսել ձեռքբերումների մասին: Թեպետ` եթե առաջնորդվենք հայրենի Ազգային վիճակագրական ծառայության  հրապարակած տվյալներով` կստացվի, որ Հայաստանում «կյանքն ուրախ է, ապրուստը` ձրի»: Այդ գերատեսչության` նախօրեին հրապարակած տվյալներով՝ Հայաստանում անցած տարվա համեմատ կյանքը էժանացել է. մեկ շնչի փաստացի նվազագույն սպառողական զամբյուղը 53 հազարից նվազել է մինչեւ  50 հազար: Ի՞նչ պակաս ձեռքբերում է: Ավելին, ստացվում է, որ հայրենի կառավարությունն ու Ազգային ժողովը  լրիվ իզուր տեղն էլ անցած տարեվերջին 2,5 հազար դրամով բարձրացրին  նվազագույն աշխատավարձը:  Իսկ եթե ավելի լուրջ, ապա Սերժ Սարգսյանի ուղերձագիրները պետք է  գոնե ձեռնպահ մնային  վերը նշված շեշտադրումներից, քանի որ  այսօր հայը կարող է «մեծ ձեռքբերումներ կերտել» աշխարհի ցանկացած երկրում, բացի  «մայր Հայաստանից»: «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում Տավուշի մեր թղթակիցը ներկայացրել է, թե ինչպես են սահմանամերձ գյուղերից արտագաղթում անգամ տավարածները` փորձելով իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել Ռուսաստանում: Էլ չենք խոսում  մեր հայրենակիցների իրապես ձեռքբերումներ կերտող ինտելեկտուալ հատվածի մասին, որոնցով մենք այնքան ուրախանում եւ միեւնույն ժամանակ այնքան տխրում ենք, երբ նրանց կերտած ձեռքբերումները դառնում են այլ երկրների հպարտության առարկա:  Այո՛, մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական գոտում, կիսապատերազմական եւ կիսաշրջափակված վիճակում: Սակայն այդքանով հանդերձ` հայի պրպտող, աշխատասեր տեսակը ունակ է անգամ նման պայմաններում իրական ձեռքբերումներ կերտել եւ սեփական հայրենիքում ապրել արժանավայել կյանքով, եթե միայն ընչաքաղց իշխանավորները չխանգարեն:




Լրահոս