«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ՕԵԿ-ը տնտեսական քաղաքականության մեջ այդքան մեծ դերակատարություն չունի, ուստի իրենք անում են այն, ինչ կարողանում են:
-Պարո՛ն Բաղդասարյան, ՕԵԿ-ի վերակազմավորումից հետո դեռ չի հրապարակվել, թե այժմ կուսակցությունը քանի անդամ ունի: Ո՞րն է պատճառը, արդյոք այն, որ ՕԵԿ-ականների թիվը կրճատվել է, ու ամոթալի եք համարում այն հրապարակելը:
-Հրապարակել ենք անցած տարի՝ ՕԵԿ-ի համագումարի ժամանակ: 70 քանի հազար, կարծեմ` 72 հազար:
-Ձեր գնահատմամբ` ո՞ր արժանիքների համար է, որ մինչ այսօր Դուք եւ Հանրապետական կուսակցությունը շարունակում եք մնալ կոալիցիոն գործընկերներ:
-Մենք միշտ նրանց հետ չենք եղել, երեք տարի մենք եղել ենք ընդդիմության մեջ, ընտրություններ են եղել, ընտրությունների արդյունքներն ամփոփվել են, ես երրորդ տեղն եմ գրավել, ու կազմել ենք կոալիցիա: Ինչի՞ ենք միշտ եղել, էդ ե՞րբ ենք միշտ եղել:
-Նկատի ունեմ այս հինգ տարիների ընթացքում ու, որոշակի ընդմիջումով, նաեւ դրանից առաջ…
-Դե այս ընթացքում կոալիցիա ենք կազմել, կոալիցիոն փաստաթուղթ ենք ստորագրել, մեր ստորագրած փաստաթղթի շրջանակներում համագործակցում ենք: «Օրինաց երկիր»-ը չի եղել Հանրապետականի օգտին սոսկ, Հանրապետականն էլ` «Օրինաց երկրի», փոխադարձ գործընկերություն է:
-Բայց արժե՞ր հեղինակազրկվել հանուն ՀՀԿ-ից ստացած մի քանի նախարարական պորտֆելների: Ի վերջո, կոալիցիայում լինելու պատճառով ՕԵԿ-ի վարկանիշն այսօր շատ ցածր է:
-Ուրեմն ՕԵԿ-ն ունի իր ձեռագիրը, եւ ամեն մի կուսակցություն ունի իր ձեռագիրը, մենք ունենք մեր մոտեցումը, մեր սկզբունքները, որոնք շատ հարցերում կարող են համընկնել Հանրապետական կուսակցության` որպես կոալիցիոն գործընկերոջ մոտեցումների հետ, շատ դեպքերում էլ` տարբերվել: Յուրաքանչյուրն առանձին կուսակցություն է: ՕԵԿ-ը մինչ այդ էլ պորտֆելներ ունեցել է, մի՛ մոռացեք, որ ՕԵԿ-ը 2003-2006թթ. ավելի շատ պորտֆելներ է ունեցել՝ նախարարներ, մարզպետեր, ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ: Հետո դուրս եմ եկել իշխանությունից, ՕԵԿ-ի գործարար պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել, մարդիկ դուրս են եկել կուսակցությունից, սա փաստ է: Հետո մենք մասնակցեցինք ընտրություններին, ու ես գրավեցի 3-րդ տեղը, ինչից հետո էլ կազմեցինք քաղաքական կոալիցիա: Այսքանը:
-Դուք ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն եք, իսկ այսօր Հայաստանում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան` օր օրի աճում են արտագաղթի ծավալները, տնտեսությունը փլուզվում է: Դուք ի պաշտոնե պարտավոր եք միջոցներ ձեռնարկել այդ ամենը կանխելու համար, սակայն լռում եք եւ որեւէ ծրագիր չեք առաջարկում: Ինչո՞ւ:
-Ի՞նչ անեմ, ինչքան որ իմ հնարավորությունները ներում են, ես պայքարում եմ, բարձրաձայնում եմ: Իշխանության մեջ մեր դերակատարությունն այդքան մեծ չէ, որ մենք ինչ ուզենանք, կարողանանք անել: Մենք ունենք, ասենք, անվտանգության խորհուրդ… Ես անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, Դուք գիտեի՞ք անվտանգության խորհրդի մասին երեք տարի առաջ:
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ Ձեր շնորհիվ…
-Այո՛, իհարկե, միանշանակ: Այո՛, նաեւ իմ շնորհիվ է կայացել անվտանգության խորհուրդը, նաեւ Արմեն Երիցյանի շնորհիվ կայացել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, բոլոր այն մարդկանց շնորհիվ, որոնք այդ համակարգերում ներգրավված են: Բայց շատ բան կախված է աշխատանքը կազմակերպողից:
-Նշեցիք, որ բարձրաձայնում եք խնդիրների մասին, ըստ Ձեզ` արտագաղթի մասին միայն բարձրաձայնելը բավակա՞ն է այն կանխելու համար:
-Ես բարձրաձայնում եմ, եւ ավելին, ինչքան որ մենք կարող ենք, մեր լիազորությունների շրջանակներում… մենք այսօր երկրի տնտեսական քաղաքականության մեջ մեծ դերակատարություն չունենք: Դուք շատ լավ գիտեք՝ կա կառավարություն, կա վարչապետ, կա Հանրապետական կուսակցություն, 90 տոկոս վարչական իշխանությունը կենտրոնացված է նրանց ձեռքում: Մենք մեզ վստահված ոլորտներում ինչքան որ կարողանում ենք, փորձում ենք անել:
-Դուք նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավարն եք, ի՞նչ եք պատրաստվում անել, իրենց իրավունքների պաշտպանության հարցով մարդիկ ե՞րբ կարող են Ձեզ դիմել:
-Հանձնաժողովը զբաղվելու է պետական մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելով:
-Վերջին շրջանում լրատվամիջոցների վրա ճնշումն ուժեղացել է…
-Այդ թվում` նաեւ լրատվամիջոցների: Շուտով ես հանդիպելու եմ բոլոր լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այսօր օմբուդսմենը գրում է զեկույցներ, սակայն այդ զեկույցները մնում են թղթի վրա, որովհետեւ շատ հաճախ բանի տեղ չեն դնում: Մեր այս հանձնաժողովում օմբուդսմենի զեկույցները դրվելու են քննարկման:
«ԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ՎԱՐՉԱՊԵՏ, ԿԱ ՀՀԿ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ