«Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրն արտագաղթն է, սա սոցիալական արտագաղթ չէ, անհուսությունից, անպաշտպանվածությունից ծնված արտագաղթ է»,-երեկ նման տեսակետ է հնչեցրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը` հավելելով, որ արտագաղթն էլ ավելի է շատացել նախագահական վերջին ընտրություններից հետո:
Մանուկյանի խոսքով՝ սարսափելի իրավիճակ է հայ-վրացական սահմանի մոտ, որտեղից մարդիկ հեռանում են ավտոբուսներով, ընդ որում` հեռանում ընտանիքներով, իրենց ունեցվածքով: Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ պատմեց, որ որպես պատգամավոր գործուղումների մեկնելիս տեսել է` ՀՀ-ից ինքնաթիռը հեռանում է մարդկանցով լեցուն, բայց վերադառնում կիսադատարկ: Ա.Մանուկյանը երեկ ներկայացրեց նաեւ արտագաղթի բոլոր բացասական հետեւանքները. «Եթե սա շարունակվեց, մի հինգ-յոթ տարի հետո բանակ, հարկատու, ընտրություն համակարգերը կքայքայվեն, չի մնա հարկատու, երիտասարդ, աշխատող մարդ, որը էս երկրի հույսն է»:
Մինչ իշխանությունները կփորձեն հակադարձել այս հայտարարություններին, նշենք, որ ընդդիմադիր գործիչների պարբերաբար հնչեցրած մտահոգությունները հիմնավորում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը:
Ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ԱՎԾ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-մարտ ամիսներին» զեկույցի համաձայն՝ միայն այս տարվա առաջին երեք ամսում արտագաղթել է 35 հազար 500 հոգի: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ից հեռացել է 259 հազար 210 եւ վերադարձել 223 հազար 710 ՀՀ քաղաքացի: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները մոտ 10 հազարով գերազանցել են նախորդ տարվա տվյալները. 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից հեռացած ու երկիր ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -25 հազար 394 մարդ: Իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում ՀՀ-ից հեռացածների ու երկիր վերադարձածների թվի տարբերությունը կազմել է -19 հազար 543: Ասել է թե՝ ընդամենը երկու տարվա ընթացքում այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, իսկ 2009թ. համեմատ` եռապատկվել: Շեշտենք, որ սրանք միայն ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ցուցանիշներն են, այսինքն` այս տարի երկրից հեռացել ու չի վերադարձել 35 հազար 500 ՀՀ քաղաքացի (իսկ ընդհանրապես ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմում է -37 հազար 97 մարդ):
Արտագաղթի ծավալները, թերեւս, այնքան էլ նկատելի չէին լինի, որոշակի դրական տեղաշարժ լիներ այլ բնագավառներում: Բայց, ցավոք սրտի, այստեղ ցուցանիշները եւս, մեղմ ասած, անհանգստացնող են: Ըստ ԱՎԾ հրապարակման՝ Հայաստանում նվազել է նաեւ ծնելիությունը: Եթե 2012թ. առաջին եռամսյակում ծնվել է 9 հազար 716 երեխա, ապա 2013թ. ծնվածների թիվը կազմել է 9 հազար 564, այսինքն` 152-ով պակաս: Եթե այս տվյալները դիտարկում ենք ժամանակային ավելի մեծ կտրվածքով, ապա անհամամասնությունն ավելի ակնառու է դառնում. Հայաստանում հետեւողականորեն նվազել է ծնելիության ցուցանիշը. 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 10 հազար 625 երեխա, 2011թ.` 10 հազար 251: Բարեբախտաբար, այս տարի նվազել է մահացությունների թիվը. 2012-ին` 8 հազար 36 հոգի, 2013-ին` 7 հազար 489: Միայն թե, երբ բնական հավելաճի, այսինքն` ծնվածների ու մահացածների թվի տարբերությունը համեմատում ես Հայաստանից հեռացածների թվի հետ, պատկերն անմխիթար է. միգրացիայի ցուցանիշները շարունակում են գերազանցել:
Ըստ ԱՎԾ-ի` Հայաստանում նվազել է ամուսնությունների թիվը, փոխարենը ավելացել են ամուսնալուծությունները: 2012թ. առաջին եռամսյակում գրանցվել է 4հազար 668 ամուսնություն, իսկ 2013-ին` 4 հազար 591: 2012թ. առաջին եռամսյակում գրանցվել է 779 ամուսնալուծություն, իսկ 2013-ին` 897: Դժվար չէ կռահել, որ այս հանգամանքն էլ իր բացասական հետեւանքներն է ունենալու առաջիկայում` ժողովրդագրության վրա:
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանը դատարկվում է, այն էլ` սրընթաց կերպով: Ընդ որում, ակնհայտ է, որ այս ամենը հետեւանք է ՀՀ-ում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՐԸՆԹԱՑ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ