ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ՍԱՏԱՐԻ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման երեկ կայացած  քաղխորհրդի նիստում քննարկվել է «Բարեւ Երեւան» դաշինքին աջակցելու հարցը, սակայն կոնսենսուսի բացակայության պատճառով որոշում չի կայացվել: Քաղխորհրդի նիստին մասնակցել են 5 ուժեր` «Ժողովրդավարական հայրենիք»-ը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ»-ը, «Ժողովրդավարական ուղի»-ն, Հայաստանի կանաչների կուսակցությունը եւ «Մարդու իրավունքներ-96»-ը: Հիշեցնենք, որ  «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակում ընդգրկված են նաեւ  «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունների ներկայացուցիչներ: news.am-ի տեղեկություններով` «Բարեւ Երեւան» դաշինքին սատարելուն  դեմ է  արտահայտվել  Հայաստանի կանաչների կուսակցության առաջնորդ Արմենակ Դովլաթյանը:

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախօրեին ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ վերջինս անդրադարձել էր Տարոն Մարգարյանի հոր` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պանթեոնի աճյունաքարին` այն կոչելով «բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող հսկայածավալ սկյութական դամբարան»:  Աբրահամյանն ասել է. «Դա վարչական լծակի օգտագործում ձեւակերպելն անտրամաբանական է: Դա իշխանություններն են որոշել, որ երջանկահիշատակ վարչապետի գերեզմանն այնտեղ լինի: Ես գտնում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը վաստակել է այդ իրավունքը»:

ՋԱՆՔ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ
Մայիսի 25-30-ը Բրյուսելում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով պետք է մեկնի Հայաստանի խորհրդարանի 10 պատգամավոր: «168 ժամ»-ի ներկայացմամբ` Բրյուսել մեկնողներին որոշելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Սակայն պատգամավորներից շատերը պնդում են, որ նա ոչինչ չի որոշում, եւ պատվիրակության կազմը որոշողն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որից ցանկալի ուղեգրերը ստանալու նպատակով էլ պատգամավորները ջանք չեն խնայում:

ԳՈՐԲԱՉՈՎՆ ԷԼ Է ՄԱՍՈՆ
Ճարտարապետ Ելենա Աթոյանը «ԳԱԼԱ»-ին ասել է, թե մեր երկիրն այսօր ղեկավարում են մասոնները, որը չար ուժ է: «Լիքը հանրաճանաչ մարդիկ` հայկական ազգանունների տակ, մասոն են: Ռուբեն Գեւորգյանցը չզլացավ ԶԼՄ-ներով հայտարարել, որ ինքը մասոն է: Չեմ կասկածում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մասոն եւ ողջ ՀՀՇ-ականները, Վազգեն Մանուկյանը: «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին, երբ Գորբաչովը ձերբակալեց, տարավ Մոսկվա, նստեցրեց, բոլորին մասոն դարձրեց: Եվ նրանք խմբով գաղտնի կառավարությանն են ծառայում»,-հավաստիացրել է ճարտարապետը:

ԿԺԱՄԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը հաջորդ շաբաթ կժամանի տարածաշրջան: Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան կատարելիք այցի ընթացքում նա քննարկելու է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ չկարգավորված հակամարտությունների հարցը: Սոարեշը Հայաստանում կլինի մայիսի 9-10-ին:

ՎԱՏ-ՎԱՏ ԲԱՆԵՐ` ՀՀԿ-ԻՑ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ անդրադարձել է ՀՀԿ-ի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես լրագրողների նկատմամբ բռնություններին. «Դրանք վատ բաներ են, երբ լրագրողի են ծեծում: Դա ոչ թե շտաբի մեղավորությունն էր, այլ բոլոր կուսակցություններում էլ կարող են լինել մարդիկ, որոնք իրենց լավ չեն դրսեւորում: Բռնանալու ժամանակներն արդեն անցել են: Բոլոր քաղաքական ուժերին կոռեկտության կոչ եմ անում, քանի որ արդեն քարոզարշավի վերջն է»:




Լրահոս