ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱ՞ՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի եւ դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողի միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը դպրոցում, եւ ինչն է եղել պատճառը, որ դպրոցի աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ ծեծի են ենթարկել ծնողին: Տարբեր աղբյուրներից պարզեցինք, որ 86-րդ դասարանի աշակերտուհի Լիդիան սովորականի պես գնացել է դասի, սակայն տնօրենը նրան թույլ չի տվել մտնել դպրոց` պատճառաբանելով, թե նա դպրոցականին ոչ հարիր է հագնված: Մինչդեռ աշակերտուհին նորմալ հագուստով է եղել, սակայն հուզված վերադարձել է տուն: Ավելի ուշ դպրոց է եկել նրա մայրը՝ Նատալյա Սարգսյանը, որպեսզի բացատրություն պահանջի տնօրենից:
Ականատեսների պնդմամբ` աշակերտուհու մայրը, մտնելով տնօրենի սենյակ, լուռ լսել է նրա նախատինքները: Տնօրեն Գայանե Սարուխանյանը երեխայի մորն ասել է, թե «ձեռք չի տալիս իմ պայմանները, «ռադդ քաշի՛»: Լիդիայի մայրիկն էլ, մինչեւ վերջ լսելով տնօրենին անհարիր խոսքերը, վերջում տեղեկացրել է, որ ամեն ինչ ձայնագրել է, ու փորձել հեռանալ նրա սենյակից: Բայց երբ տնօրենը լսել է ձայնագրության առկայության մասին, բարձրաձայն բղավել է՝ օգնեցե՛ք, բռնե՛ք ծնողին: Տնօրենն ու ծնողը սկսել են քաշքշել միմյանց մազերը, եւ նրանց «օգնության» են հասել ուսմասվար Էլզա Ավագյանն ու պահակ Գարիկը: Արդյունքում աշակերտուհու մոր ձեռքերը ոլորել են, վերցրել հեռախոսը եւ ջնջել ձայնագրությունը: Ծնողը, այլ ելք չունենալով, հեռացել է դպրոցից:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, սակայն ծեծի ենթարկված մայրը չի բարձրաձայնել այս մասին: Ինչո՞ւ չի դիմել իրավապահ մարմիններին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ այցելեց Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պարզաբանմամբ` Լիդիան դպրոցում խնդիրներ ուներ. «Նա լավ չէր սովորում եւ, առհասարակ, դասի նորմալ չէր հաճախում: 120 ժամ բացակայություն ուներ եւ շատ արտասովոր պայմաններում մեծացող երեխա է: Ես իմացել եմ, որ նրա մայրն աշխատում է գիշերային ակումբում, եւ դասղեկն ինձ ասել է, թե աղջիկը դասերի չի հաճախում, եւ այդ երեխայի շուրջ մշտապես շատ խնդիրներ կան»: Ըստ տնօրենի՝ Լիդիան աշակերտուհուն ոչ հարիր էր հագնվում, ինչը 9-րդ դասարանի տղաների մոտ մշտապես վեճի տեղիք էր տալիս. «Ինչ-որ ձեւ պետք է լուծում գտնեինք, եւ այդ օրը, չեմ ժխտում, Լիդիային ուղարկեցի տուն, ավելի ուշ եկավ մայրը, խիստ նյարդայնացած եւ դեմագոգիայով սկսեց խոսել, ու ես նրա ասացի, որ հանգստանա: Երբ տեսա, որ այդ հեռախոսներով չգիտեմ նկարում էր կամ ինչ էր անուն, չի անջատում եւ շարունակում իր այդ գործողությունը, երդվում եմ՝ մոտեցել եմ իմ սենյակի դռանը, նրան հանգիստ ասել, որ լքի իմ աշխատասենյակը: Նա դուրս եկավ, հանգստացավ, ավելի ուշ մտավ սենյակ, խոսեցինք, ներողություն խնդրեց ու գնաց»:
Չնայած Գայանե Սարուխանյանի այն պնդմանը, որ աշակերտուհու մորն այդ օրը ոչ ոք ծեծի չի ենթարկել, ավելին, մայրը ներողություն է խնդրել ու հեռացել, նաեւ հաջորդ օրն է ինչ-որ տղամարդու հետ եկել ու շարունակել աղմկել: Սակայն, ինչպես նշեց տնօրենը, ինքը սադրանքին չի տրվել:
Պատմության մյուս կողմի մանրամասները լսելու համար «Ժողովուրդ»-ը հյուրընկալեց նաեւ աշակերտուհու մորը՝ Նատալյա Սարգսյանին, որն ազգությամբ ուկրաինուհի է եւ հայերեն ընդհանրապես չի խոսում եւ չի հասկանում:
«Ես օրենքի մարդ եմ եւ օրենքով եմ շարժվում: Այս հարցը, հուսով եմ, կլուծվի օրենքի շրջանակներում: Հիմա ձեզ մանրամասներ չեմ պատմի, բայց կասեմ, որ իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, վերցրել են իմ անձնական իրերը, եւ այս հարցը հետաքննությունը կպարզի, քանի որ ես դիմել եմ դատաբժշկական փորձաքննության: Ինձ հետ վարվեցին շատ վատ, ես ինձ զգում էի բռնաբարվածի նման»,-պատմեց նա՝ արցունքակալած աչքերով:
Նատալյայից տեղեկացանք, որ նա դիմում-խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ սպասում է նրանց հետ հանդիպմանը. «Դեռ չեմ հանդիպել նրանց: Հիմա ես շատ վատ վիճակում եմ, այս ընթացքում փորձում եմ ուշքի գալ կատարվածից եւ պետք է ասեմ, որ երեխայիս համար շատ վտանգավոր էր այդ դպրոցում մնալը: Անձամբ եմ նրան հանել դպրոցից»:
Ծնողի հավաստմամբ` Պուշկինի անվ. դպրոցի տնօրենը, տեսնելով երեխայի այն հագուստը, ինչով նա հաճախել է նաեւ Չեխովի անվ. դպրոց, ասել է, որ դա լիովին համապատասխանում է դպրոցի չափանիշներին, եւ դպրոցի դռները բաց են Լիդիայի առաջ:
Ի դեպ, մայրը ցույց տվեց նաեւ իր ոտքի կապտուկները, ինչպես նաեւ դստեր լուսանկարները: Երբ խնդրեցինք լուսանկարել ոտքի կապտուկները եւ աշակերտուհու «անհարիր հագուստը», մայրը չհամաձայնեց. «Ո՛չ, հիմա ես սպասում եմ օրենքի արդարությանը եւ հետաքննությանը»:
Ի դեպ, Վանաձորի մանկավարժական ինստիտուտն ավարտած վանաձորցի Գայանե Սարուխանյանը 90-ականներին ԱԺ պատգամավոր էր՝ հայտնի «Շամիրամ» խմբակցության անդամ, «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս