Որոշ ժամանակ առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը մի ուշագրավ խոստովանություն էր արել՝ նշելով, որ ընտրարշավներից մեկի ընթացքում իր դուռը թակել ու ընտրակաշառք են առաջարկել, ինքն էլ վերցրել է այդ ընտրակաշառքը եւ քվեարկել բոլորովին ուրիշ թեկնածուի օգտին: Բադեյանն այդ կապակցությամբ հետեւյալ խորհուրդն էր տվել ընտրողներին. «Եթե (քաղաքացիների) դուխը հերիքում ա, թող ասեն (ընտրակաշառք առաջարկողին)՝ վերցրու եւ գնա… Եթե առհասարակ տղամարդ չես, վերցրու, բայց ուրիշի՛ն քվեարկիր»:
Երեւի պատգամավորի տված միակ գործնական խորհուրդն էր սա, որն ընտրողները կիրառեցին ՀՀ նախագահի ընտրություններում` ՀՀԿ փող բաժանողներից վերցնելով կաշառքը եւ ձայն տալով Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուրեմն, եթե իշխանական շրջանակներում շարունակեն քննարկել այն հարցը, թե ինչպես պատահեց, որ Ր. Հովհաննիսյանը կես միլիոնից ավելի ձայն ստացավ, ապա որպես մեղավոր պիտի ճանաչեն Մանվել Բադեյանին: Մի պատգամավորի, որը վերջին շրջանում սկսել է չհանդուրժել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Ավելին, երբեմն դուրս գալով հավասարակշռությունից՝ նա պահանջում է դահլիճից հեռացնել Զարուհուն: Քանի որ ԱԺ կանոնակարգում պատգամավորին դահլիճից դուրս բերելու մասին համապատասխան հոդված չկա, գուցե առաջիկայում Բադեյանը հանդես գա եզակի օրենսդրական նախաձեռնությամբ եւ ամրագրի այդ դրույթը: Ու քանի որ նրա խմբակցությունն ամենամեծն է, Բադեյանը կկարողանա հաշվեհարդար տեսնել իր կողմից չսիրված պատգամավորների հետ…
Մ. Բադեյանին շատերն իր անուն-ազգանունով չեն ճանաչում, որովհետեւ նա ավելի հայտնի է «Եվրոստանի Արայիկ» մականվամբ, քանի որ գլխավորում է «Եվրոստան-ույուտ» ընկերությունը: Իսկ մինչ այդ գավառցի Մանվել Բադեյանը հասցրել է 1979թ. ավարտել Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորմամբ: 1979թ. ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում եղել է գիտաշխատող: 1980-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981թ. Երեւանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ: 1982-1984թթ. սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում: 1984-1992թթ. ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս: 1992-1995թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն: 1995-1999թթ.՝ «Եվրոստան-ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն: Խորհրդարան է եկել 1999թ. ու մինչեւ օրս կարծես «գրանցել» է իր տեղն ԱԺ-ում:
Բադեյանն իր հաստատուն տեղն է գրանցել նաեւ ունեւոր պատգամավորների շարքում: 2012-ին նա հայտարարագրել է 18 անշարժ գույք, որից 2-ը առանձնատուն Երեւանում ու Գառնիում՝ 854, 84 քմ ընդհանուր մակերեսով, 3 բնակարան Երեւանում՝ 405 քմ մակերեսով, 4 արտադրատարածք՝ 9677.6 քմ մակերեսով, 7 հողամաս ու արտադրամասին հարակից հողատարածք՝ մոտ 5 հա ընդհանուր տարածքով, 2 տնամերձ հողամաս՝ 2350 քմ մակերեսով: Նաեւ՝ հայտարարագրել է 3 ավտոմեքենա: Պատգամավորի տարեկան եկամուտը կազմում է 34 մլն 455 հազ. 310 դրամ, որից 3 մլն 135 հազարը՝ պատգամավորի աշխատավարձն է, մնացածը՝ շահաբաժինը «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ից: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 408 մլն դրամ, 812 հազ. դոլար եւ 40 հազ. եվրո: Բադեյանին է պատկանում նաեւ «Տերմոապակ» ՓԲԸ-ի 50% բաժնեմասը: Ասել է թե՝ պատգամավորը միլիոնատեր է բառի բուն իմաստով: Միայն թե զարմանալի է՝ միլիոնատեր մարդն ինչու է ստանում պատգամավորի աշխատավարձը, որը նրա համար ընդամենը նախաճաշի դրամ է:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ Մ. Բադեյանը մասնակցություն ունի նաեւ ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հայաստանյան հետաքրքրությունների մեջ: Նա հայտարարել էր, թե առաջարկել է «Կարֆուր» ցանցին իր ունեցած տարածքը՝ հիպերմարկետ կառուցելու համար, սակայն այն հարմար չի եղել տեխնիկական պատճառներով: Պատգամավորը փոխանցել էր նաեւ իրեն հասած շրջանառվող լուրերը, թե իբր «Կարֆուր»-ն արդեն վաղուց իր շենքն է կառուցում Ավանում: Այսինքն, եթե մի շարք հայ գործարարներ, որոնք հիպերմարկետներ ունեն, նեղանալու լինեն, առաջին հերթին պիտի նեղանան Մ. Բադեյանից, քանի որ ֆրանսիական ընկերության առջեւ դռներ բացողներից մեկը նա է:
Ի դեպ, հարկ է նկատել, որ ի տարբերություն ՀՀԿ-ական շատ պատգամավորների, որոնք վախենում են մտքեր արտահայտել, որպեսզի ուղեղների կուսությունն ի հայտ չգա, Մ. Բադեյանը հաճախ է մասնակցում բանավեճերի, ասուլիսների, քաղաքական իրավիճակների մասին սեփական մեկնաբանությունները ներկայացնում: Իհարկե, նրա համար Հայաստանն ամենախաղաղ երկիրն է, որին չեն սպառնում արաբական հեղափոխությունների սցենարները, նաեւ՝ ամենաապահով երկիրն է՝ հավանաբար իր տան բակից նայելիս… Երեւի հենց այդպես մտածելու համար էլ նրան անընդհատ խորհրդարան են բերում, մանավանդ գիտեն, որ պատրաստակամ կողմ է քվեարկում այն օրինագծերին, որոնք բխում են իշխանության շահերից:
ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԲԱԴԵՅԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ