ՔԿԱԳ-Ը ԽԱԲՈ՞ՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել մի քաղաքացի` իր վրդովմունքն արտահայտելով ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ՝ ԶԱԳՍ) մատուցած ծառայությունից:
Քաղաքացի Լիանա Աֆրիկյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ դիմել է Արաբկիր վարչական շրջանի ՔԿԱԳ` վերցնելու իր ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք: Այն տրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ահա այս դեպքում մարտի 4-ից մինչ այսօր քաղաքացու տեղեկանքը չեն տրամադրել: Դիմողի խոսքով՝ ինքը մարտի 4-ին ՔԿԱԳ է ներկայացրել համապատասխան կտրոն, գրքույկում ստորագրել իր անվան դիմաց եւ անհրաժեշտ փաստաթղթերը թողնելուց հետո հեռացել: Դիմողին ասել են, որ իր տեղեկանքը կարող է ստանալ մոտ 1 շաբաթից, բայց քանի որ Լ. Աֆրիկյանը 2 շաբաթով պետք է բացակայեր ՀՀ-ից, նախօրոք խնդրել է, որպեսզի իր մայրը ներկայանա եւ վերցնի տեղեկանքը: Սակայն մայրն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ:
Եվ ահա ապրիլի 30-ին Լ. Աֆրիկյանն անձամբ այցելել է գործակալություն, որպեսզի վերցնի արդեն ուշացած փաստաթուղթը: ՔԿԱԳ վարիչի աշխատասենյակում եղել են 2 հոգի. հենց ինքը՝ վարիչը՝ Կ. Լ. Շահբազյանը, եւ ոմն Գոհար: «Ես առավոտյան մոտավորապես ժամը 10:20-ի սահմաններում արդեն ԶԱԳՍ-ում էի: Աշխատավայրից թույլտվություն եմ խնդրել, դուրս եկել, որ տեղեկանքն արագ վերցնեմ, հետ գամ: Բայց մի քանի ժամ մնացի ԶԱԳՍ-ում, փաստորեն, ապարդյուն: Չհասկացա, թե ինչու էին լարվել իմ դեմ: Պատկերացնո՞ւմ եք, վարիչ տիկին Շահբազյանն ինձ ասաց՝ մի հատ շորերդ ուղղի՛, նո՛ր ներս մտի: Ես էլ ասացի, որ իմ հագուստը ուղղված է: Ինչն էր ագրեսիայի պատճառը՝ չհասկացա: Նկատեցի, որ տիկին Շահբազյանի սեղանին տոպրակներով ինչ-որ ուտելիքներ էին դրված, ու փոխանակ այդ տեսարանից ամաչեր եւ մարդկանց չընդուներ այդ ձեւով, ինձ էր նկատողություն անում: Հետո ես նորից սենյակից դուրս եկա՝ տեղեկացնելով, որ ինձ շտապ անհրաժեշտ է տեղեկանքը: Բայց էլի 2 ժամ սպասեցի եւ նորից մտա ներս: Այդ ժամանակ ինձ ասացին, որ տեղեկանքը վաղուց են տվել ինձ եւ որպես ապացույց` մատնանշեցին իմ ստորագրությունը, որը ես էի տվել մարտի 4-ին: Ես չգիտեմ` ինչու ինձ նման քաշքշուկի մեջ գցեցին: Ու ինչո՞ւ էին ինձ հետ շատ կոպիտ խոսում: Բայց իմ խնդրանքն ընդամենը հասարակ տեղեկանք ստանալն էր»,-զայրացած պատմեց քաղաքացին:
Եթե անգամ ամենասովորական տեղեկանք ստանալն է քաղաքացու համար խնդիր դառնում, եւ ՔԿԱԳ վարիչը, որ պարտավոր է ծառայել ՀՀ քաղաքացուն, հագուստ ուղղելու «դաստիարակությամբ» է զբաղվում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է ՀՀ քաղաքացու հանդեպ այն ատյանների վերաբերմունքը, որոնցից քաղաքացին որոշակի կախվածություն ունի: Իսկ ո՞ւր է ապահով Հայաստանի արդարադատության նախարարը:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս