Այն, որ Հայաստանում ամանորը նշելը թանկ հաճույք է, վաղուց գաղտնիք չէ: Չնայած ամանորի գիշերը Հայաստանում գործող ռեստորանային համալիրները բազմապիսի առաջարկներ են ներկայացնում, սակայն գումարներն այնքան էլ հասու չեն բոլորին: Եվ այսպես, Armlur.am-ը ներկայացնում է դեկտեմբերի 31-ի գիշերը որ ժամանցի վայրն ինչ առաջարկներ է ներկայացնում:
ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին փաստացի պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տոնական համերգի մեկնարկը կլինի ժամը 22:00-ից: Երեկոյի ընթացքում կլինի շոու ծրագիր, հանդես կգան հայտնի երգիչ, երգչուհիներ, այդ թվում` Դաթոն, «Ռեինկարնացիա» խումբը: Ռետորանային համալիրից մեզ հայտնեցին, որ դեռ սահմանափակ քանակությամբ ազատ տեղեր կան, իսկ գնային առումով երկու փաթեթ է գործում` մեկ անձի համար 20 հազար դրամ (միայն մուտքավճար) կամ 40 հազար դրամ (մուտքավճար գումարած հյուրասիրություն):
ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին փաստացի պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում մի փոքր ավելի մատչելի տարբերակներ են գործում: Այստեղ Ամանորի գիշերը մուտքն արժե 10 հազար դրամ: Փարվանայում երգելու է Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագիրն էլ վարելու են «Վիտամին» ակումբի տղաները:
Պատգամավոր Գրիգորի Մարգարյանին փաստացի պատկանող «Բելաջիո» ռեստորանում մեկ անձի վճարը կազմում է 45 հազար դրամ: Այն ներառում է նաև ուտելիք: Ռետորանում կլինի շոու ծրագիր, հանդես են գալու երգիչ-երգչուհիներ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մուտքը 10 հազար դրամ է: Ռեստորանից տեղեկացրեցին, որ լինելու են երաժշտական համարներ, երգելու է Հայկ Ղևոնդյանը:
Իսկ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող «Ֆլորենս» ռեստորանում մուտքի վճարը 20 հազար դրամ է: Ելույթ են ունենալու երգիչ Մհերը, Սոնան, Արմոն և այլք:
Jose համալիրի SHOW CLUB-ում մուտքը մեկ անձի համար կազմում է 25 հազար դրամ: կլինեն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ Սամվել Գրիգորյան, Լիլու, Նարեկ Մակարյան, Մերի Մակարյան, Օլգա Այվազյան, Լիլիթ Կարապետյան: