ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու եւ վճարում չկատարելու համար: Ինչպես հայտնի է՝ «կարմիր գծերի» տարածքում անվճար թույլատրվում է ավտոմեքենա կայանել մինչեւ 15 րոպե: Իսկ դրանից ավել կայանելու դեպքում ավտոմեքենայի սեփականատերը ենթարկվում է 5 հազար դրամ վարչական տույժի: «ժողովուրդ»-ի տրամադրության տակ եղած փաստերն ապացուցում են, որ նշված 5 հազար դրամ գումարը չվճարելու դեպքում քաղաքապետարանի գրության հիման վրա ԴԱՀԿ-ն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ կատարողական վարույթներ է հարուցում` նրանցից պահանջելով վճարել 7 հազար 500 դրամ:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԴԱՀԿ-ից հայտնեցին, որ առանց դատարանի ուժի մեջ մտած վճռի, իրենք կատարողական վարույթները հարուցում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա: Իսկ ի՞նչ է գրված այնտեղ. նշված հոդվածի 1-ին կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա…»: Այսինքն՝ առանց դատարանի վճռի ոչ ոք չի կարող մարդուց գումար բռնագանձել: Ուստի մենք կարող ենք արձանագրել, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը փաստացի իր պաշտոնեական դիրքը չարաշահում է եւ քաղաքապետարանի «պասով» եկամուտ է ապահովում իր անվան հետ կապվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը: Առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի արգելանք է դնում մարդկանց հաշիվների վրա: Ահա կոռուպցիայի դասական օրինակ:
Ինչպես հայտնի է՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տալիս` ինքնակամ հեռանալու համար: Իհարկե, նա չպարզաբանեց, թե այդ ժամկետի լրանալուց հետո, եթե Սերժ Սարգսյանը չլսի իր հորդորը եւ ինքնակամ չհեռանա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է մտադիր անել: Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին՝ պարզելու համար՝ արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվում է կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը: Վլադիմիր Հակոբյանի համար հարցը անակնկալ էր այնքանով, որ նա այն ավելի շուտ որպես կատակ ընկալեց, բայց, այնուամենայնիվ, բավականին լուրջ պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների հետ կապված դիմել «Ժառանգության» մամլո խոսնակին»: Մի խոսքով, Հայաստանը փրկելուն ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի այս ջանքն էլ արդյունք չտվեց, փաստորեն Սերժ Սարգսյանը չի ցանկանում ինքնակամ հեռանալ: Մնում է խոսել պարտադրանքի լեզվով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր սիրած զբաղմունքով՝ որսով զբաղվել: Ինչպես հայտնի է՝ նա նույնիսկ սիրում է պարբերաբար որսի գնալ նաեւ էկզոտիկ վայրերում՝ աֆրիկյան տափաստաններում: Սակայն մեր տեղեկություններով՝ օրերս նա որսի է գնացել Հայաստանի Վայոց Ձորի մարզում: Ըստ այդ լուրերի՝ երկրորդ նախագահը հաջողացրել է Վայոց Ձորի լեռնաշխարհում որսալ երկու վարազ եւ եղնիկ: «Ժողովուրդ»-ն այդ լուրերի իսկությունը պարզելու նպատակով դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Սակայն նա ասաց, որ որսի հետ կապված հարցերին չի կարող պատասխանել, քանի որ դրանք վերաբերում են անձնական կյանքին: «Որսի արդյունքներից տեղյակ չեմ»,- եզրափակեց Սողոմոնյանը:
Երեկ Հայաստանի ինֆորմացիոն դաշտում կրկին հայտնվել էր Արա Աբրահամյանը: Նա «Ազգային միասնություն» անունով ինչ-որ շարժում է ստեղծել, բայց պարզվում է` չի բավարարվում միայն դրանով, մտադիր է իրեն պատկանող «Համաշխարհային հայկական կոնգրես» եւ Ռուսաստանի հայերի միության հենքի վրա ստեղծել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումով ինչ-որ կազմակերպություն եւ այն գրանցել Հայաստանում իբրեւ միջազգային կազմակերպություն: Այն, թե ինչպես է մինչ օրս Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միությունն իր անձնական գրասենյակը սարքել եւ աշխարհով մեկ փորձում էր իբրեւ «ալամ աշխարհի» հայերի նախագահ ներկայանալ, Հայաստանում ապրող հայերիս երբեք չի հետաքրքրել: Թվում էր, թե նա երբեք չի համարձակվի իր փուչ ու հայրենադավ գործունեությունը Հայաստան տեղափոխել, բայց պարզվում է՝ նա իր անձնական ամբիցիաները բավարարելու համար ավելի հեռուն է գնում; Եւ Հայաստանը կրկեսի վերածելու փորձ անող մի նոր գործչի մուտքը մեր քաղաքական դաշտ կարծես թե դառնում է անխուսափելի:
ՀԱԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
Հայաստանի մշակութային կյանքում հասունանում է հերթական սկանդալը, որն ի ցույց է դնում այն թշվառ եւ ամոթալի վիճակը, որն այսօր առկա է ՀՀ մշակութային վերնախավում: Մեր տեղեկություններով` օրեր առաջ մշակույթի նախարարությունում որոշում է կայացվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին: Ասել է թե` Օպերայի հրապարակում մի փոքրիկ վրանի տեղադրումը թույլ չտվող եւ թատերական հրապարակը մշակութային նպատակներով ծառայեցնելու կոչեր անող Հասմիկ Պողոսյանը Օպերային թատրոնը հասցրել է մի վիճակի, որ այն այլեւս չունի գլխավոր դիրիժոր: Սա աննախադեպ մի իրավիճակ է, որին մշակութային գերատեսչության կենսաբան կառավարիչը հասել է իր անհասկանալի կադրային նշանակումների եւ մշակութային այդ կարեւոր կառույցում տարիներ ի վեր հյուսվող ինտրիգների եւ անառողջ միջավայրի խրախուսման արդյունքում:
Եվ փաստորեն Օպերային թատրոնը վերածվել է Հասմիկ Պողոսյանի եւ նրա «պրոտեժեների» սեփական բոստանի, որտեղ ինչ ուզում եւ ինչպես ուզում, անում են: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ որոշ շահագրգիռ կողմեր ցանկություն են հայտնել գլխավոր դիրիժորի պաշտոնում տեսնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ նախագահի խորհրդական, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան եւ նախկին մշակույթի նախարար Արմեն Սմբատյանի որդուն:
Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի կառավարման խորհրդի անդամ, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին բազմիցս «բարիով» հորդորել են հեռացման դիմում ներկայացնել, սակայն նա, բնականաբար, չի համաձայնել: Իսկ նրան հեռացնել չէին կարող, քանի որ Կարեն Դուրգարյանը խորհրդի անդամ էր: Եվ արդյունքում` որոշել են խնդիրը լուծել՝ գլխավոր դիրիժորի հաստիքը ժամանակավորապես վերացնելով, ապա՝ Դուրգարյանից ազատվելուց հետո, այն կրտսեր Սմբատյանի համար վերականգնելով:
Արդյո՞ք կհաջողվի հայոց մշակութային դաշտը տարիներ ի վեր ամայացնող եւ անդեմ դեմքերով համալրող Հասմիկ Պողոսյանին նաեւ այս սկանդալը մարսել եւ շարունակել իր պաշտոնավարումը, կարելի է չկասկածել: Ի վերջո, «Կաշեյ անմահի» նման հավերժ Հասմիկ Պողոսյանն իր նախարարական գործունեության իննը տարիների ընթացքում ավելի խայտառակ սկանդալների կիզակետում է եղել` սկսած հուշարձանների վերակառուցման համար հատկացված միլիոնավոր դրամների վատնումից, ավարտած չեղած բեմադրությունների յուրացված միջոցներով, սակայն մշտապես հաջողացրել է ջրից չոր դուրս գալ` իր բարձրաստիճան «ընկերուհիների»` առաջին տիկնանց շնորհիվ: Պարզապես, ինչպես ռուսներն են ասում,«ջՈ ՊպՐՋՈՉց ՏոՌՊվՏ»: