Արդեն երկրորդ տարին անընդմեջ ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում նշվում է Ջազի միջազգային օրը:
Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը ապրիլի 30-ին հերթական անգամ համախմբել էր ջազի հազարավոր սիրահարների, որոնք մինչեւ ուշ երեկո հաճույքով հետեւեցին բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչեցին ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր ստեղծագործություններ:
«Ժողովուրդ»-ը համերգից հետո զրուցեց Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի հետ` պարզելու՝ արդյոք նրա գնահատմամբ ջազը Հայաստանում կայացած է:
-Հանգիստ կարող ենք ասել, որ ջազը Հայաստանում կայացած հազվադեպ բաներից մեկն է: Ինչ վերաբերում է ընդհանրապես հայկական ջազ արտահայտությանը, ապա ես դա այնքան էլ չեմ ընդունում, որովհետեւ ջազը մի հատ է, չկա հունական, անգլիական կամ ֆրանսիական ջազ… Լսե՞լ եք նման բան: Հայկական ջազ ասելով՝ նկատի ունենք պարզապես այն ջազը, որը կատարում են հայ երաժիշտները: Ու չեմ կարծում, որ եթե օգտագործվում են ժողովրդական ազգային գործիքներ, դրանով ջազը դառնում հայկական, որովհետեւ ջազի փիլիսոփայությունն ուրիշ է, եւ արտահայտչամիջոցներն են տարբեր: Կա, օրինակ, լատինո կամ այլ ժանրի ջազ, բայց ջազը մի հատ է:
-Նշվեց ջազի միջազգային օրը: Ըստ Ձեզ` դա բավարա՞ր է Հայաստանում ջազը զարգացնելու համար, այն դեպքում, երբ հեռուստաեթերը ողողված է անճաշակ երգերով, մուղամներով:
-Իհարկե, շատ ողջունելի է, որ ջազի միջազգային օրն արդեն երկրորդ տարին նշվեց նաեւ Երեւանում: Մարդիկ գալիս, բացօթյա, անվճար ունկնդրում են լավագույն երաժիշտների ելույթները, շփվում բարձրարժեք երաժշտության հետ մինչեւ ուշ երեկո: Ի դեպ, օգտվելով հարմար առիթից՝ ուզում եմ նշել, որ այս տարի աշնանը նշվելու է հայկական ջազի 75-ամյակը, որի նախահայրը եղել է Արտեմի Այվազյանը… Երեկվա միջոցառումը կարելի է համարել անցկացվելիք միջոցառումների նախաբան: Կարծում եմ՝ այդ հոբելյանը մեծ շուքով կնշվի:
-Կա՞ հոբելյանը նշելու համապատասխան հանձնաժողով:
-Որքան գիտեմ, կա հանձնաժողով, որը կառավարական չէ: Բայց մշակույթի նախարարությունը նշելու է հոբելյանը, հիմա արդեն հավաքում են բոլոր անհրաժեշտ նյութերը, որ, ինչքան գիտեմ, աշնանը նշենք: Ես դրանում համոզված եմ, որովհետեւ բոլոր ջազային կոլեկտիվները պատրաստվում են:
-Հայտնի գովազդում ասվում է. «Եթե դուք հարցնում եք` ինչ է ջազը, ուրեմն երբեւէ դա չեք հասկանա»: Ամեն դեպքում, ի՞նչ է ջազը:
-Ջազը երաժշտություն է, որտեղ կա բարձր պրոֆեսիոնալիզմ եւ մտքի ազատություն: Ա՛յ դա է ջազը:
«ՋԱԶԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԻՇ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ