Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում, ըստ էության, նշել էր, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդար ընթացքին միջամտած պաշտոնյաները «պատժվելու են»` հայտնվելով «սեւ ցուցակում»:
ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարելու ԱՄՆ պարտավորությանը համահունչ, ԱՄՆ դեսպանատունը կարող է նաեւ հիմք ընդունել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները՝ գնահատելու՝ արդյո՞ք անձինք, ովքեր ուղղակիորեն միջամտել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ ընթացքին, կարող են մասնակցել դեսպանատան ծրագրերում եւ միջոցառումներում»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց սահմանադրական փոփոխությունների համար այո-ի քարոզչությունն իրականացրած ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Կասե՞ք` Դուք կոնկրետ ի՞նչ քայլեր եք արել քարոզչական, ընկերական շրջանում, որպեսզի հանրաքվեին այո-ն գերակշիռ լինի:
-Քաղաքական տեսանկյունից քարոզչություն ենք անցկացրել: Բնական է, որ մեր նեղ շրջապատում կլինի, թե ավելի ընդլայնված, կոչ ենք արել, որ քվեարկեն այո, բայց մարդկանց որոշելիքն է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ով ինչ քվեարկի:
-ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ բոլոր այո քվե հավաքած ու ընտրակեղծիքների մեջ կասկածվող պաշտոնյաներին սեւ ցուցակում են գցելու: Ի՞նչ եք անելու, եթե Դուք էլ հայտնվեք այդ սեւ ցուցակում:
-ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը լուրջ ընկալելու համար կամ լուրջ տեսանկյունից նայելու համար պետք է առաջին հերթին այնտեղ մատնացույց արվեն հանցագործները, այսինքն՝ մարդիկ, ովքեր խոչընդոտել են հանրաքվեի ազատ արդար անցկացմանը եւ խախտել են ժողովրդավարական նորմերը եւ քրեական հանցագործություն են կատարել: Եթե խոսքը գնում է այդ տեսանկյունով, ապա ես ու իմ գործընկերները ինչ կապ կարող ենք ունենալ նման գործընթացների հետ: Եթե ԱՄՆ-ի դեսպանատունը ինչ-որ ձեւով փորձում է քաղաքական գնահատականներ տալ անցկացված հանրաքվեի եւ ընդհանրապես գործընթացին, կարծում եմ՝ ԱՄՆ-ն ավելի լավ է՝ զբաղվի իր խնդիրներով եւ իր գործունեությամբ չփորձի ներքաշվել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ: Հնարավոր է՝ դա նաեւ ձգտում է Հայաստանում որոշակի պրոբլեմներ առաջացնելու ուղղությամբ, որը նկատելի է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի ձգտումների մեջ: Բայց Հայաստանի ժողովուրդը շատ իմաստուն է, եւ ես վստահ եմ, որ մենք չենք ենթարկվի նմանատիպ պրովոկացիոն հայտարարությունների: Հայաստանը եւ հայ ժողովուրդը այն փորձադաշտը չեն, որ ԱՄՆ-ն փորձի այստեղ իր շահերը առաջ քաշել եւ ինչ-ինչ մութ խաղեր խաղալ: Բավականին մտահոգիչ է, որ ԱՄՆ-ն փորձում է ոչ միայն ներքին քաղաքականության մեջ ներքաշվել, այլեւ շանտաժի ենթարկել քաղաքական դաշտում գտնվող այն անձանց, ովքեր որ այո-ի կողմնակից են եղել: Ի՞նչ է նշանակում պաշտոնյան գնացել, ընտրություն է կեղծել: Ի՞նչ կապ ունեն պետական պաշտոնյաները կեղծիքների կամ ԱՄՆ-ի սեւ ցուցակների հետ: Դա ընդհանրապես անթույլատրելի եմ համարում: Ես դատապարտում եմ նման քայլը:
-Աչք փակելով կամ քննադատելով ԱՄՆ-ի կարծիքի վրա, չեք կարծո՞ւմ, որ մենք՝ որպես երկիր, կամաց-կամաց կդասվենք հետամնաց երկրների շարքին, որտեղ առկա են կոռուպցիա, կեղծիքներ: Ի դեպ, ԱՄՆ դեսպանատունն այդ մասին էլ է հայտարարել:
-Ես չեմ կարծում , որ ԱՄՆ-ն է որոշելու աշխարհի որ երկիրն է առաջընթաց ունեցող երկիրը, որը` հետընթաց: Սա գեոքաղաքականություն է: Հայաստանը չպետք է շանտաժի ենթարկվի արեւմտյան տարբեր երկրների կողմից հնչած հայտարարություններին: ԱՄՆ-ն՝ որպես ժողովրդավարություն ունեցող երկիր, պետք է զերծ մնա այդպիսի գնահատականներից, քանի որ ԱՄՆ-ն այստեղ թշնամիններ չունի, եւ պետք չէ նման քաղաքական շանտաժի ենթարկել հնագույն մի ժողովրդի, որն ԱՄՆ-ից ավելի մեծ պատմություն ու մշակույթ ունի:
-Իսկ ինչպե՞ս եք տեսնում այս տհաճ իրավիճակի ելքը:
-Այս իրավիճակի միակ լուծումը իրավական առումով բոլոր ընթացակարգերի պարզաբանումն է:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՍԱՀԱԿՅԱՆԸ` ՈՒՍՈՒՑԻՉ
Երեկ խորհրդարանում շարունակվեց կառավարության հրավիրած արտահերթ նիստը, որին, ինչպես եւ նախորդ օրը, երեկ էլ մասնակցում էին ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք էլ հիմնականում հարցեր էին ուղղում եւ ապահովում Աժ աշխատանքի ընթացքը: Խորհրդարանում իրավիճակն այնպիսին էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարցի զեկույցի ժամանակ որոշեց արտասանել:
Երեկ օրենսդիրներին էր ներկայացվել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչու է նախագծում օգտագործվել «փայ» բառը՝ փայավճար, փայաբաժին եւ այլն: «Մի տեսակ այդ բառը մեզ մոտ կարծես ժարգոնային ձեւով է օգտագործվում, չե՞նք կարող դա բաժնեմասով փոխարինել»,-առաջարկեց ՕԵԿ-ականը: «Փայը կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչն է՝ դրամական արտահայտությամբ, որը ցույց է տալիս կոոպերատիվի անդամի մասնակցության չափը կոոպերատիվում»,-բացատեց փոխնախարարը:
Քննարկմանը «խառնվեց» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով լինելով նախկին ուսուցիչ՝ հայտարարեց, թե գրական հայերենում «փայ» բառ չկա. «Չկա այդպիսի բառ, հայերենը չունի, առավել եւս եթե բարբառային իմաստը բացատրեմ, լրիվ հակառակ պատկերը կստացվի: Դրա համար մինչեւ երկրորդ ընթերցում կարելի է նաեւ իրավաբանների հետ զրույցել»: ԱԺ նախագահի հայտարարությունից հետո դահլիճում սկսեցին քննարկումներ, ինչին, սակայն, Սահակյանը արձագանքեց. «Խնդրում եմ, ինձ կամենտարիաներ չանեք, հայերենում փայ բառ գոյություն չունի: Եթե օտար տերմին է, դրա իմաստը բաժնեմասը պետք է լինի»:
Այնուհետեւ օրենսդիրները սկսեցին քննարկել «Ջրային օրենսգրքում» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը, որի հարակից զեկուցողը՝ ՍԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ներկայացրեց ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը: Տ. Վարդապետյանին հարց ուղղող միակ պատգամավորը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էր:
«Իմանալով Ձեր ստեղծագործական տաղանդը եւ ստեղծագործությունները ճիշտ շեշտադրումներով վեր հանող անձը՝ այսպիսի մի միտք եմ ուզում օգտագործել, որ կուզենայի Դուք մեկնաբանեք: Մեզ ժառանգություն է հասել մի արտահայտություն՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, այս դեպքում մեր քաղաքականությունն այնպիսինն է, որ մեզնից հետո` անապատ: Մենք կարո՞ղ ենք այս նախագծով փոխել այդ գաղափարը, եւ ստեղծագործական ինչ մոտեցում կցուցաբերեք այս խնդիրը ներդաշնակ անցկացնելու եւ սուր շեշտադրումներ չունենալու համար»,-հետաքրքրվեց Բիշարյանը: Վարդապետյանն ի պատասխան՝ նշեց, թե հիանում է Բիշարյանի երեւակայությամբ:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը հավելեց, թե մեր գործարարների համար իրենց ձկնիկները ոսկե ձկնիկներ են. «Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այս նախագիծը փակում է բոլոր ճանապարհները, որ որեւէ մեկը չմտնի այդ դաշտ ու չխոշորանա: Եվ հայտնի Ֆրիկի այն գաղափարը, որ մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ մի չորքոտանի, գործի այս նախագծից հետո»: ՀՀԿ-ական պատգամավորին, կարծես թե, այդ հայտարարությունը հարազատ էր. «Որքա՜ն ինտելեկտուալ ու բանաստեղծական երկխոսություն է ծավալվում իմ եւ Ձեր միջեւ: Բոլոր դեպքերում ոսկե ձկնիկներ թող լինեն, եթե իրականում կան այդպիսիք: Եվ այս պահին ակամայից Նահապետ Քուչակ եմ հիշում՝ դու ջուր, ու ես ձուկ, հոգիս, առանց ջուր ձուկն մեռանի: Բոլոր դեպքերում, թող ե՛ւ ջուր լինի, ե՛ւ ձուկ»:
«Ներողություն, մենք Ձեզ չենք խանգարո՞ւմ այստեղ»,- ծիծաղելով արձագանքեց Հերմինե Նաղդալյանը:
Հարցի քվեարկությունը կկայանա այսօր:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԺԱՆՈՎ ԾԽԱԽՈՏ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել ծխախոտներ: Մասնավորապես աճուրդի են հանվել 2 հազար 10 տուփ «Վինսթոն», հազար տուփ «Մարլբորո», 220 «Քամել» եւ 80 տուփ «Երեւան»: Ծխախոտները վաճառվում են մեկ ամբողջական լոտով, եւ դրանց նախնական արժեքն է 730 հազար դրամ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ծխախոտները էժան գնով են վաճառվում, սակայն իրականում ծխախոտների գնից բացի՝ գնորդը պետք է վճարի նաեւ մաքսային պահատվության գումարը, քանի որ ապրանքը գտնվում է մաքսային պահեստում: Իսկ թե ինչքան, պարզ չէ:
ՏՄՊՊՀ-Ի ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանի վերջին՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 9 մլն 600 հազար դրամ, 87 հազար դոլար եւ 8.5 հազար եվրո: ՏՄՊՊՀ անդամի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 530 հազար դրամ: Անցած տարի նա աշխատավարձից բացի՝ ստացել է մոտ 1 մլն 400 հազար դրամ եւ 670 դոլար փոխառություն: Սահակյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, հայտարարագրել է 30 հազար 470 դոլար եւ 1 մլն դրամ: Հարությունյանը փոխառություններից ստացված տոկոսների տեսքով անցած տարի ստացել է 2,5 հազար դոլարի եւ 490 հազար դրամի եկամուտ: Իսկ նրա ամսական աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ: Մի խոսքով, Հայաստանի պաշտոնյաների շրջանում համեստ աշխատավարձով մեծահարուստ կանայք դարձել են անհրաժեշտ «պարագա»:
ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանին հնարավոր է՝ առաջիկա օրերին մեղադրանք առաջադրվի: Բանն այն է, որ նշված վարչական շրջանի բնակիչներից մեկը ՀՀ ԱԱԾ-ին կաշառքի մասին հաղորդում է ներկայացրել: ԱԱԾ-ում բնակչի բողոքը քննել են, եւ չի բացառվում, որ առաջիկայում վերը նշված պաշտոնյային մեղադրանք առաջադրվի, եւ անգամ նրան կալանավորելու խնդիր դրվի:
ԴԱՏՆ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ
Այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայի դատարանում կմեկնարկի այս տարվա հունվարի 12-ին Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ Ավետիսյաններին սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ի դեպ, ըստ armlur.am-ի՝ ուկրաինական լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն՝ սպանության օրերին 102-րդ ռազմաբազայի հրամանատար աշխատած ՌԴ ԶՈՒ գնդապետ Անդրեյ Ռուզինսկին այժմ գտնվում է Լուգանսկի ինքնահռչակ պետությունում եւ ինչ-որ զինված ստորաբաժանման հրամանատար է: