ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ Է 97 ՏՈԿՈՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեի տվյալները որքան շատ ենք ուսումնասիրում, այնքան նորանոր ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս, եւ այս տեսանկյունից Վայոց Ձորի մարզն առանձնահատուկ ուշադրության է արժանի: Այս մարզում այո-ի ապահովման գործընթացը հանձնարարված է եղել մարզպետ Հարություն Սարգսյանին եւ թիվ 39 ընտրատարածքից պատգամավոր դարձած Աշոտ Արսենյանին:

Այսպես, ՀՀ Վայոց Ձորի մարզում, հանրաքվեի պաշտոնական տվյալներով, քվեների 78 տոկոսը` ավելի քան 25 հազար ձայն, գրվել է այո-ի օգտին, իսկ ոչ-ին թողնվել է ընդամենը 18 տոկոս` 5 հազար քվե: Ըստ պաշտոնական արդյունքների՝ Վայոց Ձորի մարզում հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58 տոկոսը` 27 հազար մարդ: Սակայն այս ցուցանիշը ստացվել է քվեարկողների թիվը ընտրողների պաշտոնական թվի հետ համեմատելով: Բայց մարզի ընտրական տարիքի բնակչության թվի հետ համեմատելիս բոլորովին այլ պատկեր ենք արձանագրում:
Եւ այսպես, 2011 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ Վայոց Ձորի մարզի ընտրական տարիքի բնակչության թիվը չի կարող ավելին լինել, քան 38 հազար 443-ը: Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական հանրաքվեի մասնակցության ցուցանիշը Վայոց Ձորում ոչ թե 58, այլ ավելի քան 71 տոկոս է կազմում:
Սակայն պատկերն առավել ուշագրավ է դառնում, երբ առանձին-առանձին դիտարկում ենք այս մարզի երեք քաղաքներում արձանագրված արդյունքները: Այսպես, մարզկենտրոն Եղեգնաձորն, ըստ մարդահամարի արդյունքների, կարող է ունենալ առավելագույնը 6 հազար 11 ընտրող, բայց այդ քաղաքի ընտրողների պաշտոնական ցուցակներում ընդգրկված են եղել 7 հազար 490 անուն: Իսկ քվեարկությանը պաշտոնապես մասնակցել է 3 հազար 184 ընտրող: Պաշտոնական ընտրացուցակների համեմատությամբ Եղեգնաձորում մասնակցությունը կազմել է 42 տոկոս, ընտրողների իրական թվի համեմատ` 53 տոկոս:
Վայքում ընտրական տարիքի բնակչությունն, ըստ պաշտոնական տվյալների, առավելագույնը կազմում է 4 հազար 7 մարդ: Իսկ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 5 հազար 87: Պաշտոնապես Վայքում քվեարկությանը մասնակցել է 2 հազար 813 ընտրող: Ինչը կազմում է ընտրացուցակային ընտրողների 55 տոկոսը, բայց իրականում այդ թիվը կազմում է ընտրելու տարիքի բնակչության 70 տոկոսից ավելին:
Վայոց Ձորի մեկ այլ` Ջերմուկ քաղաքում իշխանությունները կարելի է ասել ռեկորդ են սահմանել: Ջերմուկը, ըստ պաշտոնական ընտրացուցակների, իբր ունի 5 հազար 800 ընտրող, սակայն իրականում այս քաղաքի ընտրական տարիքի բնակչության թիվը չի կարող ավելի լինել, քան 3 հազար 522-ը: Կրկնում ենք՝ ընտրական տարիքի բնակչության թվերը վերցված են պաշտոնական աղբյուրներից: Եւ, ահա, պաշտոնապես քվեարկությանը մասնակցել է 3 հազար 408 ընտրող, որը ընտրացուցակների համեմատ կազմում է ընտրողների 59 տոկոս: Բայց իրականում քվեարկության թիվը կազմում է Ջերմուկի ընտրական տարիքի բնակչության 97 տոկոսը: Այսինքն՝ մարզի իշխանությունները եթե մի փոքր էլ ջանային, ապա Ջերմուկում կարող էին հարյուր տոկոսանոց «արդյունք» արձանագրել: Դե, իհարկե, Ջերմուկի սեփականատեր համարվող Աշոտ Արսենյանը Սերժ Սարգսյանին իր հավատարմությունը հայտնելու եւս մեկ առիթը բաց չի թողել, սակայն տհաճ իրավիճակ է ստացվել` 97 տոկոսանոց քծնանք Սերժ Սարգսյանին եւ նույնքան տոկոսի արհամարհանք հարազատ բնակիչների նկատմամբ:
Նման պայմաններում այն հանգամանքը, որ այս մարզում իշխանություններին հաջողվել է իրենց ցանկալի «թիվը խփել», կարծում ենք՝ ամենեւին էլ պատահական չէ:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6-ին, քվեարկության ավարտից անմիջապես հետո, երբ Վայոց Ձորի իշխանական պատասխանատուներն արդեն իրենց համար արձանագրել են, որ իրենք կարողացել են ցանկալի «թիվը նկարել», Աշոտ Արսենյանը եւ մարզպետը շտապել են Երեւան, որպեսզի Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին զեկուցեն հանձնարարությունը կատարելու մասին: Իհարկե, նույն այդ պաշտոնյաներին եթե հարցնես, թե ինչու է Հայաստանն այսօր նման ծանր կացության մեջ, եւ ինչու են մարդիկ երկրից փախչում, կսկսեն հազար ու մի պատճառներ մատնանշել ու տարբեր լոլոներ երգել, բայց երբեք չեն խոստովանի, որ իրականում երկիրը քայքայողներն իրենք են ու իրենց նմանները` Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կամակատարները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԾՆՈՒՆԴ
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դառնում է 60 տարեկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մինչեւ վերջերս իբրեւ ընդդիմադիր հանդես եկող պատգամավորը որոշել է իր ծննդյան տարեդարձը նշել Երեւանի «Վիվալդի Հոլ» ռեստորանային համալիրում: Այդ միջոցառմանը կմասնակցեն նաեւ իշխանական թեւի ներկայացուցիչները, եթե չասենք, որ միայն հենց իշխանություններն էլ կլինեն: Մեր տեղեկություններով՝ տարեդարձը նշվելու է դեկտեմբերի 23-ին, քանի որ դրա նախորդ օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է պարգեւատրի Ռուբիկ Հակոբյանին: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ վերջին ժամանակահատվածում Ռ. Հակոբյանը քիչ է «շփվում» իր կուսակիցների հետ, նրան վերջին շրջանում կարելի է հանդիպել հիմնականում միայն իշխանական շրջանակներում: Հիշեցնենք, որ նույն ռեստորանում ժամանակին իր ծնունդն էր նշել մեկ այլ անողոք ընդդիմադիր՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

 

ԴԵՌ ՔԻՉ Է
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ դիմումին երեկ միացել է նաեւ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վահե Հովհաննիսյանը եւս չեն բացառել, որ կարող է՝ միանան փաստաթղթին: Հիշեցնենք, որ հանրաքվեի բողոքարկման գործընթացը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը: Փաստաթղթին երեկվա դրությամբ միացել է 15 պատգամավոր՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ խմբակցության բոլոր հինգ պատգամավորները, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն ու Թեւան Պողոսյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւ Էդմոն Մարուքյանը: ՍԴ դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն:

 

ՋՈՒՆԳԼԻՆ ԿՐԿԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում եւ Բագրատաշեն գյուղում ամերիկյան կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ իրացնելու կասկածանքով ձերբակալել են Գեւորգ Սարգսյանին (հայտնի է Ջունգլ մականունով), վերջինիս քրոջ որդի Սամվել Ղուկասյանին եւ Սիրիայի քաղաքացի Մուհակ Արաբանիին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սամվել Ղուկասյանը կալանավորվել է, իսկ մյուս երկուսը ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ Գեւորգ Սարգսյանը եւ Սամվել Ղուկասյանը նույն այն անձինք են, որոնք մեկ տարի առաջ մեղադրվում էին արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով մահվան դուռը հասցնելու մեջ: Սակայն մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեցին:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.«Դեկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով հանրապետության տարածքում անցկացվող քաղաքացիական ժողովների շրջանակում «Նոր Հայաստան» ճակատի Կապանում կազմակերպված հավաք-հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդականի եւ Կապանի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ անձինք պարբերաբար փորձել են խոչընդոտել հանդիպումը եւ սադրել նրա մասնակիցներին: Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ոստիկաններ հանցավոր անգործություն են դրսեւորել, թեպետ հանդիպման մասնակիցները բազմիցս դիմել են նրանց՝ հորդորելով օրենքով սահմանված կարգով ապահովել խաղաղ հավաքի անվտանգությունն ու ընթացքը»:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին: ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի համար պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեւմատոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սարյա Եսայանը: Արցախում Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան Գանձասար» գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:

 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կարճել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 07.08.2015թ. որոշմամբ հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Ըստ Խորհրդի որոշման՝ հիմնավորված չէ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը: Կարգապահական վարույթը հարուցվել էր Վերաքննիչ դատարանի կողմից արդարացված Արմեն Ավանեսյանի բողոքի հիման վրա:

 

ՊԱՅՄԱՆ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ
«Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է Աժ ՀԱԿ խմբակցությանը` ՍԴ դիմելու ստորագրահավաքի առիթով. «Հարգելի՛ գործընկերներ, պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ՝ ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձեւավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով կրկնվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում: Դրանով իսկ փաստելով, որ ՀԱԿ խմբակցությունը ընտրողաբար չի մոտենում ընտրակեղծարարությանը եւ խստորեն դատապարտում է նաեւ ՀՀ առաջին իշխանություններին՝ 95-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն աննախադեպ կեղծելու եւ բռնություններով այն անցկացնելու իրողությունը: Կարծում եմ, հարգելի՛ գործընկերներ, այս դեպքում ՀԱԿ-ը կընկալվի անկողմնակալ եւ անկեղծ ընտրակեղծիքների դեմ պայքարում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը:




Լրահոս