ՈՒՄ ԷՐ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԵԼ ՇԱՆԹԻ ՅՈՒՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին: Սակայն ավազակային հարձակումը բավականին հարցականներ է առաջացրել իրավապահների շրջանում, որոնք փորձում են գտնել գործարարի եւ ավազակային հարձակում իրականացնողի կապը:

Տեղեկացնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 39-ամյա Գեւորգ Սարգսյանը զինված եւ դիմակավորված մուտք է գործել նշված հասցեի տունը, ընտանիքի անդամներին սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար: Նա իր մոտ եղած «Cherchill» տիպի ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ:
Տան անդամները Գեւորգ Սարգսյանին դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ վերջինս կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է ստացել եւ գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել:
Նշենք, որ երբ Գեւորգ Սարգսյանը մուտք է գործել գործարարի տուն, տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) եւ 1 տարեկան երեխան: Ընտանիքի հայրը` Յուրա Ղարիբյանը, տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ:
Քննության տվյալներով՝ ամուսինը զանգահարել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն: Զինված տղամարդու կողմից կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ եւ դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխան:
Նկատենք, որ այս ավազակային հարձակումը մի շարք հարցականներ է առաջացրել ոչ միայն հասարակության, այլեւ իրավապահների շրջանում: Դատելով մինչ այս տեղի ունեցած դեպքերից՝ ավազակային հարձակում իրականացնողները սովորաբար բնակարաններ կամ առանձնատներ են մուտք գործում երեկոյան ժամերին: Սակայն այս դեպքում Գեւորգ Սարգսյանը գործարարի տուն էր մտել ժամը 14:00-ի սահմաններում, ինչը կասկածի տեղիք է տալիս: Միգուցե Գեւորգ Սարգսյանի նպատակը գործարարին թալանելը չի՞ եղել, այլ նա ուրի՞շ հարց է ունեցել Վարշամ (Յուրա) Ղարիբյանի հետ: Իսկ ով է Գեւորգ Սարգսյանը եւ ինչ կապ կարող էր ունենալ գործարարի հետ:

Հայտնի փեսայի առեղծվածը
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի` Գեւորգ Սարգսյանը ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի, կամ առավել հայտնի` Չերեմուշկայի տարածքում: Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Գեւորգ Սարգսյանի հարեւանների, ինչպես նաեւ նրան ծանոթ տղաների համար կատարվածը շատ զարմանալի է: Մեզ հետ զրույցում նրան ծանոթ տղաները նորմալ անձնավորություն բնութագրեցին. «Մարգարյան 29 հասցեում գտնվող «Պեգաս» բենզալցակայանը պատկանում է նրան, սակայն խնդիրներ ուներ, հարկայինի հետ էր, թե բանկերի, չգիտենք, բայց այդ բենզալցակայանը կա՛մ վաճառեց, կա՛մ ձեռքից վերցրեցին: Բայց այնպես չէ, որ նրանք վատ պայմաններում են ապրում, հացի խնդիր ունեն, որ գնար այդ քայլին, մենք էլ ենք շատ զարմացած»:
Այսպիսով, ի՞նչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին, հուսանք, որ իրավապահները կպարզեն կարեւորագույն հարցի պատասխանը:
Սակայն մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շատ տարիներ առաջ Գեւորգ Սարգսյանի աները՝ հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոն, աչք է ունեցել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վրա, որը նախկինում եղել է հացի արտադրամաս: Ըստ լուրերի՝ «Էլիտ Շանթ» հացի արտադրամասի տնօրեն Աշոտ Մանուկյանը լուրջ «ռազբորկաների» մեջ է եղել նրա հետ: Բանը հասել է նրան, որ Աշոտ Մանուկյանը սպանել է Գեչի Սամոյին: Ավելի ուշ վենդետա է տեղի ունեցել, եւ Գեչի Սամոյի որդին հենց հիվանդանոցում սպանել է Աշոտ Մանուկյանին:
Նկատենք, որ «Էլիտ Շանթը» ներկայումս հրուշակեղենի արտադրությամբ է զբաղվում, որի սեփականատերը Յուրա Ղարիբյանն է, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենն էլ Վալերի Սարիկյանն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վալերի Սարիկյանի եղբայրն էլ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանն է: Միգուցե Գեւորգ Սարգսյանն իր բենզալցակայանի կորցնելու մեջ մտքում մեղադրել է ՖՆ հարկային ծառայությա՞նը: Իրավապահները չեն բացառում, որ Գեւորգ Սաֆարյանին կարող է դրդած լինել վարչության պետի ու գործարարի կապը, ինչի համար նա կարող էր փորձել այդ կերպ վրեժխնդիր լինել: Համենայնդեպս, այս օրերին իրավապահները փորձում են բոլոր վարկածները քննելով՝ գտնել սպանված Գեւորգ Սարգսյանի եւ գործարար Յուրա Ղարիբյանի միջեւ եղած կապը:

Գործարարը` հարձակման մասին
Դեռեւս 2012 թվականին մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Յուրա Ղարիբյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հետ ունեցել է մտերմիկ կապ: Բանն այն է, որ Յուրա Ղարիբյանը իր եղբոր` Մանվել Ղարիբյանի հետ բիզնեսի դաշտում ունեցած տարաձայնություններն այնքան խորացրեց, որ եղբայրների փոխհարաբերություններին խառնվեցին իրավապահները:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ աղմկալի պատմություններով հայտնի Յուրա Ղարիբյանը իրավապահներին հայտնել է, որ իր տան վրա իրականացված հարձակման նպատակը եղել է գողությունը, եւ այլ բան չէր կարող լինել: Ավելին՝ վերջինս հայտնել է, թե բոլորը գիտեն, որ նա գործարար է, մեծ ունեցվածքի տեր, դրա համար էլ հարձակվել են: Մինչդեռ հարձակում գործածներից մեկը ամենեւին էլ չքավոր խավի ներկայացուցիչ չէ:
Նշենք, որ Յուրա Ղարիբյանը եւս վնասվածք է ստացել: Ըստ ցուցմունքների՝ նա զանգահարելով կնոջ հեռախոսին՝ լսել է ընտանիքի ահաբեկված ձայները եւ շտապել տուն: Իսկ թե ում հարվածից է մահացել Գեւորգ Սարգսյանը, դեռ հայտնի չէ:
Այսպիսով, դատելով Յուրա Ղարիբյանի ունեցած կապերից՝ դժվար թե հանրությունն իրականում իմանա, թե ինչու սպանված Գեւորգ Սարգսյանը մտավ հենց Յուրա Ղարիբյանի առանձնատուն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽՈՑԵԼԻ ԵՆ
Երեկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի մասնակցությամբ տեղի ունեցավ «Անչափահասների արդարադատության» խորհրդի առաջին նիստը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի խոսքով՝ որեւէ երաշխիք չկա, որ այս կամ այն երեխան իրավապահ մարմիններում մի օր չի հայտնվի. «Նույնիսկ, եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ: Հենց այդ պատճառով արդարադատությունը երեխաների համար պետք է լինի հասանելի եւ մատչելի»:
«Ժողովուրդ»-ը երեխաների իրավունքների պաշտպանության եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ:
-Տիկի՛ն Ռադոչայ, 2015 թվականին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մտահոգություն էր հայտնել, թե մարդիկ կան, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում Երեւանում: Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմեցնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն: Ծանո՞թ եք այս հայտարարությանը, նման իրավիճակ այլ երկրներում ե՞ւս կա:
-Ես չեմ կարող հաստատել Ձեր ասածը, դա ազնիվ չի լինի, քանի որ ծանոթ չեմ այդ հայտարարությանը: Սակայն կարող եմ ասել, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ բոլոր այն երկրներում, որտեղ կան մանկատներ, այնտեղ գտնվող երեխաները խոցելի են դառնում, եւ նրանք առնչվում են այդ խնդիրներին:
-Այս տարի մտահոգիչ էր նաեւ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պահվածքը: Մարդիկ, որոնք հաշվառված են այս կամ այն հոգեբուժարաններում, ոտնձգություն են իրականացնում իրենց երեխաների նկատմամբ: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մայրը սպանել էր երեխային եւ թաղել սեփական տան բակում:
-Այո՛, ճիշտ եք, այս խնդիրը կա: Կրկնում եմ՝ այն կա ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում, ցավալի է, բայց կա: Կարծում եմ՝ ժամանակն է, որ կանխարգելման մեխանիզմներ մշակվեն, ինչը արդեն իրականացվում է:
Ի դեպ, տիկին Ռաբոչայից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջինս այցելել է անչափահասների քրեակատարողական հիմնարկ, ասաց, որ ոչ, բայց պատրաստվում է ծանոթանալ երեխաների խնդիրների հետ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Ինչպես արդեն հայտնել ենք` Սյունիքի մարզի 46-ամյա մի բնակչուհի դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում էր տվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար կաշառք տալու պատրվակով փաստաբանը պահանջել է գումար: Ըստ դիմումատուի՝ 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փաստաբանն իրենից պահանջել եւ ստացել է ընդհանուր առմամբ 1 մլն դրամ՝ համապատասխան պաշտոնատար անձանց՝ դատախազին եւ դատավորին, կաշառք տալու համար, սակայն խարդախությամբ նշված գումարը հափշտակել է: Քաղաքացու հաղորդման հիման վրա 2015թ. դեկտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2015թ. դեկտեմբերի 14-ին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն կատարելը) եւ 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանական ներկայացուցչին վիրավորելու փորձ անելը): Փաստաբանը կալանավորվել է: ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը փաստաբան Ինեսսա Մանուկյանի մասին է:

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը բաց նամակ է հղել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով հրապարակավ ներկայացնել դեռեւս 03.07.2015 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ 164-րդ հոդվածների 2-րդ մասերով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի ընթացքն ու մանրամասները, հրապարակել այն աշխատանքը, որը վեց ամսվա ընթացքում իրականացրել է ՀՔԾ-ն: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում նշված գործի անաչառ քննության, այն անտեսելու, «մոռացության» տալու եւ մեղավորների նկատմամբ համապատասխան պատիժ չսահմանելու կապակցությամբ, որը կարող է խիստ բացասական հետեւանք ունենալ ՀՀ-ում զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեության եւ լրատվամիջոցների գործառույթների իրականացման համար: Նշենք, որ խոսքը այս տարվա հունիսին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը ցրելու ընթացքում լրագրողների եւ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների դեպքերով հարուցված քրգործերի մասին է:




Լրահոս