ՄՏԱԴԻՐ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՐԱԴԱՐԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս գրական շրջանակներում տարածում գտան տեղեկություններ «Դարակ» նորաստեղծ հրատարակչության մասին: Դրա հիմնադիր-խմբագիր Աշոտ Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ին պատմել է նոր հրատարակչության գործունեության, դրա առջեւ դրված հանձնարարականների մասին: Բանաստեղծի հետ զրուցել ենք նաեւ գրական թեմաներից, հետաքրքրվել, թե ինչու է նա լքել ՀԳՄ շարքերը:

-Պարո՛ն Գաբրիելյան, «Դարակ»-ի ֆեյսբուքյան էջում նշվում է` որպեսզի գրականությունը ապահով տեղ գրավի բոլոր տների գրադարակներում, անհրաժեշտ է, որ ճիշտ ժամանակին վեր հանվեն հասարակության անառողջ երեւույթները: Այսինքն` մտադիր եք դրանք «բուժե՞լ» գրականության միջոցով:
-«Դարակ»-ը, որի հիմնադիր-տնօրենն Արմեն Գասպարյանն է, ստեղծվել է թիմային աշխատանքի արդյունքում: Թիմի մաս են կազմում գրողներ եւ թարգմանիչներ: Մենք շեշտը հիմնականում դնելու ենք հասարակության շրջանում իշխող երեւույթների ուսումնասիրության վրա, մտադիր ենք հասկանալ, թե ինչ գրականություն է անհրաժեշտ, որ մարդկանց գրադարակները «վերականգնվեն»: Օրինակ` մեր առաջին մատենաշարը` «Սաֆո»-ն, ունի հատուկ ֆեմինիստական ուղղվածություն, եւ նպատակներից մեկը կնոջ իրավահավասարության խնդրի առաջքաշումն է Հայաստանում: Այս մատենաշարում տպագրվել են միայն կին գրողներ: Ուրիշ մատենաշարերի միջոցով էլ անդրադառնալու ենք Հայաստանում ազգային այլ խնդիրների: Մոտ 5-6 մատենաշար արդեն նախատեսել ենք, սակայն այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի:
-Ամիսներ առաջ հրատարակչություններից մեկը տարածեց ընթերցանության զարգացմանը միտված մի գովազդ, որտեղ հայտարարվում էր, որ միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ: Այս ձեւակերպումը քննադատության արժանացավ նաեւ Ձեր կողմից: Հիմա Ձեր նորաստեղծ հրատարակչությունը պատրաստվու՞մ է ինչ-որ կարգախոսներով հանդես գալ, ո՞րն է կարգախոսի Ձեր նախընտրելի տարբերակը:
-Մենք ՀՀ օրենքը խախտելով` գովազդներ չենք տարածի: Համենայն դեպս, Ձեր նշած պարագայում խախտված էր «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետը, որտեղ նշվում է, որ արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է՝ օգտագործելով այն սպառողների վարկաբեկման ճանապարհը, ովքեր չեն օգտվում գովազդվող ապրանքներից: Իսկ մեր կարգախոսը կլինի մեր գործը:
-Տեւական ժամանակ է` լքել եք Հայաստանի գրողների միության շարքերը: Ինչո՞ւ գնացիք այդ քայլին:
-Այնտեղ մնալու իմաստը չեմ տեսնում: Նախ` ինչպե՞ս կարելի է տարբեր ժանրերի, գեղագիտական հայացքների տեր մարդկանց հավաքել մի տեղ ու պիտակավորել որպես գրող: Կարծում եմ` ՀԳՄ-ի գործառույթը շուկայական այս հարաբերություններում ավելորդ է: Դա ընդամենը հասարակական կազմակերպություն է, որից յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստեղծել: Ստեղծագործական առումով ՀԳՄ-ն գրողին ոչինչ չի կարող տալ: Այն կարող է, օրինակ, գրողների համար սոցիալական հարցեր լուծել, սակայն դա կնշանակի կաշկանդել գրողին, կախվածության մեջ դնել` ինչ-որ քարոզչության մեջ օգտագործելու համար: Դա Սովետից եկած մեխանիզմ է: Շուկայական, հրատարակչական գործը ծաղկեցնելու համար ՀԳՄ-ն պետք է մեթոդներ մշակի, օժանդակի հրատարակիչներին, որպեսզի վերջիններս հատուկ հայցեկարգերի համաձայն՝ լավ գրողների գործեր ընտրեն` տպագրելու համար, ոչ թե պետական փողերով հովանավորի գրողների, որոնցից 50-60 տոկոսի գործերը բանի պետք չեն:
– Բույնը լքած
Կկուն
Մի օր կվերադառնա,
Եվ իր բույնը
Չճանաչելով,
Կշարունակի բնադրվել…
Սա հատված է Ձեր «Նոր բույն» բանաստեղծությունից: Այստեղ, կարծես, ներկայացվում է հայի թափառական կերպարը, ակնարկվում այն մասին, որ մեր խնդիրների լուծումը տեսնում ենք հայրենիքից դուրս…
-Այդ խնդիրն արդեն գենետիկորեն մեզ է պատկանում: Հայի թափառական կերպարը բնորոշվում է այսպես` երբ վատ է` հեռանալ, երբ լավ է` վերադառնալ: Ամեն դժվարությունից դուրս գալու ելքը փնտրում ենք հայրենիքից հեռանալու մեջ: Այդպես վատնում ենք կյանքը` ո՛չ հայրենիքում, ո՛չ էլ դրանից դուրս ոչինչ չանելով եւ ահագին կյանք ետեւում թողնելով: Անեծքի պես բան է, որ հայը չի կարողանում իր հողի վրա հանգիստ շենացնել հայրենիքը: Իսկ որպեսզի այդ անեծքի դեմ դուրս գա, հայը պետք է ճանաչի դա ու չկրկնի նախորդների սխալները:

 

 

 

 

«ԱՅԴՊԻՍԻ ԴԱԺԱՆ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐ ՉԷԻ ԿԵՐՏԵԼ»

Օրեր առաջ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Համար 707» ներկայացման պրեմիերան. գլխավոր հերոսուհին դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է:

«Ժողովուրդ»-ը դերասանուհուց հետաքրքրվեց ստացած արձագանքների մասին, ինչպես նաեւ այն նոր կերպարների, որոնցով Լուիզան ներկայացավ հանդիսատեսին: Ամերիկացի ժամանակակից դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի ստեղծագործություններից մեկի հիման վրա բեմադրված ներկայացումն իր ձեւաչափով ոչ ստանդարտ է. մեկ ներկայացման մեջ միահյուսված են թատերական երեք ժանրեր` դրամա, տրագեդիա եւ կոմեդիա: Հանդիսատեսին մատուցվում է երեք սիրային պատմություն: Դրանցից մեկում, օրինակ, Լուիզան հանդես է գալիս սառը եւ չոր կերպարում. «Այդպիսի դաժան կնոջ կերպար չէի կերտել: Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով նախկին ամուսնու հետ չի կարողանում «կիսել» ամենաթանկը` երեխային: Այստեղ ներկայացված են հոգեբանական լուրջ, բայց նուրբ երկխոսություններ»,-պատմեց նա:
Իսկ, ահա, մյուս երկու պատմությունների շրջանակում Լուիզան ավելի շատ հայտնվում է հումորային ամենատարբեր իրավիճակներում: Սակայն դերասանուհին շեշտում է, որ ներկայացվող հումորը երբեք չի դառնում գռեհիկ. «Իմ կերպարը ստանալիս ես փորձում էի որոշ դրվագներ ներկայացնել իմ պատկերացմամբ, սակայն ռեժիսորը որոշ հղկումներ արեց, ասաց, որ մենք էժանագին հումորի միջոցով ծիծաղ կորզելու խնդիր չունենք»,-անկեղծացավ դերասանուհին:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք կան նոր նախագծեր, որոնցում Լուիզան ընդգրկված է եւ կներկայանա արդեն գալիք տարում. «Հեռուստատեսային նախագծերում` սիթքոմներում, սերիալներում, նկարահանվելու առաջարկ եմ ստացել, բայց մերժել եմ: Այս փուլում նախընտրում եմ դադար առնել, զբաղվել թատերական գործունեությամբ»,-ասաց նա:
Դերասանուհին սրտի թրթիռով է սպասում Ամանորին: Նա տոնը կնշի ընտանիքի հետ` արտերկրում` որեւէ լողափնյա երկրում, հավանաբար Միացյալ Էմիրություններում: «Ամանորն ինձ համար երբեք հոգս, բեռ չի եղել, ես հաճույք եմ ստանում ինչպես նախապատրաստական աշխատանքներից, այնպես էլ Նոր տարվա գիշերից, դրան հաջորդող օրերից: Ես չեմ ընկնում կարծրատիպային սովորույթների ետեւից, որոնք, սովորաբար, հոգեւոր բավարարվածություն չեն պատճառում»,-մեկնաբանեց նա:
Լուիզայի խոսքով` ինքը Նոր տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ակտիվ կերպով ներգրավվում է եփել-թափելու գործընթացի մեջ. «Մենք ունենք ընտանեկան ուտեստներ, որոնք անպայման պետք է լինեն ամանորյա սեղանին, օրինակ` պասուց դոլման եւ նրբաբլիթները: Իսկ, առհասարակ, ես մաքսիմալիստ չեմ եւ նախապատվությունը տալիս եմ ոչ ճոխ սեղանին»,-նշեց նա:
Ի դեպ, Լուիզան հավատում է Ամանորի հրաշքին, նրա համար Ձմեռ պապիկը բարձրյալն է, որի հետ դերասանուհին հաղորդակցվում է աղոթքների միջոցով: Դե, իսկ նրա 10-ամյա դուստրը մինչեւ հիմա էլ հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, իսկ մայրիկը փորձում է անել հնարավորը, որ այդ հեքիաթը չավարտվի:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՄԱՍՆԱԿԻՑ
«Եվրատեսիլ¬2016»¬ում Վրաստանը կներկայացնեն Նիկա Քոչարովը եւ նրա Young Georgian Lolitaz այլընտրանքային ռոք¬խումբը: Այդ մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի հանրային հեռուստատեսությունում կայացած մամուլի ասուլիսում: Երիտասարդ երաժիշտ Նիկա Քոչարովի համար Վրաստանից «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու առաջարկը, իր խոսքով, անակնկալ է եղել, ինչին նա պատասխանել է՝ իսկ ինչու ոչ: Դեկտեմբերի 15¬ին երգի ստեղծման մրցույթ է հայտարարվել, որով վրաստանցի երաժիշտները Ստոկհոլմում հանդես կգան «Եվրատեսիլ¬2016»¬ում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա «Եվրատեսիլ»¬ում Վրաստանը ներկայացրեց երգչուհի Նինա Սուբլատին, որն զբաղեցրեց 11¬րդ տեղը:

 

 

 

ՀԻՄԱ ԷԼ` ՈՒԻԼ ՍՄԻԹԸ
Քանյե Ուեսթից եւ Լինդսի Լոհանից հետո ԱՄՆ նախագահ դառնալու իր ցանկության մասին CBS News հեռուստաալիքով հայտնել է նաեւ Ուիլ Սմիթը: Ինչպես գրում է News.am Style-ը` հղում անելով Daily Mail-ին, 47-ամյա դերասանի որոշման պատճառ է դարձել մահմեդականների մասին գործարար Դոնալդ Թրամփի հայտարարութունը: Թրամփն ինքը ներկայումս պայքարում է նախագահի պաշտոնի համար 2016 թ. ընտրություններում: Իր նախընտրական ծրագրում Թրամփը նախ խոստացել էր երկրից արտաքսել բոլոր սիրիացի փախստականներին, հետո առաջարկել էր փակել պետության տարածքի բոլոր մզկիթները, իսկ հետո էլ, առհասարակ, արգելել բոլոր մահմեդականների մուտքը երկիր, քանի որ նրանց շարքերում կարող են նաեւ ահաբեկիչներ լինել: Սմիթը ցնցվել է այդ խոսքերից: «Եթե մարդիկ շարունակեն մահմեդականների ու երկրի շուրջ պատ կառուցելու մասին զանազան խենթություններ խոսել, որոնք ես վերջերս անընդհատ լսում եմ լրատվական թողարկումներով, ապա խոստանում եմ, որ ես ինքս կսկսեմ քաղաքականությամբ զբաղվել: Ես նկատի ունեմ, որ նախագահ կդառնամ»,-ասել է նա:

 

 

ՄԸՐԱՅԱ  ՔԵՐԻՆ  ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Մըրայա Քերին գալիք տարում համերգ կունենա Երեւանում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Forpostart Production եւ Show Star ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը։
«Այժմ երգչուհու հետ բանակցություններ են տարվում։ Երեւանյան համերգը ծրագրվում է երգչուհու համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում։ Համերգի կոնկրետ ժամկետը հայտնի չէ»,- ասել է Մխեյանը։
Նշենք, որ Մըրայա Քերին աշխարհի ամենահայտնի երգչուհիներից է։ Նրա սկավառկները թողարկվել են ավելի քան 200 մլն օրինակով։ Նա հինգ անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակին:




Լրահոս