Armlur.am-ն արդեն հայտնել էր, թե որքան գումար է անհրաժեշտ Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում անցկացնելու համար: Այսօր կներկայացնենք, թե որքան գումար է անհրաժեշտ տոնական օրերը Երևանից դուրս անցկացնելու համար:
Հայաստանում գտնվող հանգստյան տները և հյուրանոցներն արդեն ամանորյա փաթեթներ ունեն, որն իր մեջ ներառում է ամանորյա միջոցառում, երեքանգամյա սնունդ, հետաքրքիր ժամանց: Այժմ տեսնենք, թե որքան գումար է անհրաժեշտ այդ ամենը վայելելու համար:
Օրինակ, Ծաղկաձորում գտնվող «Մարիոթ» հյուրանոցը ոչ միայն փաթեթներ և առաջարկներ ունի դեկտեմբերի 31-ից սկսած, այլ նաև մինչև այդ օրը: Այս հյուրանոցը դեկտեմբերի 25-27-ն առաջարկում է 2 անձի համար նախատեսված տոնական ընթրիք, որն արժե 125 հազար դրամ: Սա իր մեջ ներառում է նախաճաշ, ընթրիք և երկու օր հաճելի ժամանց:
Իսկ Ծաղկաձորում գտնվող այլ հյուրանոցները բազմապիսի փաթեթներ ունեն դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար: Գումարը սկսվում է 2 անձի համար 300 հազար դրամից և կարող է հասնել մինչև 1 մլն դրամ, որը կախված է առաջարկվող ծառայություններից և ամանորյա շոու-ծրագրերից:
Հետաքրքիր առաջարկներ ունի նաև Ջերմուկում գտնվող հանգստյան տներն ու հյուրատները: Օրինակ, «Վերոնա» հանգստյան տան առաջարկած փաթեթն իր մեջ ներառում է Ամանորյա բանկետ, Սուրբ Ծննդյան միջոցառում, նվերներ, երեքանգամյա սնունդ: Այստեղ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը մեկ անձի համար ծառայություններն արժեն 145 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը մեկ անձի համար՝ 200 հազար դրամ: