Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասին:
–Պարոն Ալավերդյան, ամփոփելով 2015 թվականը, ինչպիսի՞ գնահատական կտաքնրան, որպես Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:
-Արդեն անցնող տարում հայ ծանրորդները նվաճել են 60 մեդալ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից: Ընդհանուր առմամբ, մենք շատ քիչ ենք մասնակցում միջազգային մրցաշարերի, եթե անգամ մասնակցում ենք, ապա մեկ կամ երկու մարզիկ: Այս տարվա նվաճած մեդալների առյուծի բաժինը նվաճել են երիտասարդները և պատանիները: Ծանրամարտում լավ հերթափոխ կա: Մենք մեծ սպասելիքներ ունենք երիտասարդներից: Աշխատանքն իսկապես ահռելի է թե ֆեդերացիայում և թե մարզադպրոցներում: Այս տարի լավ աշխատանք կա կատարված:
–Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մեդալների քանակով ինչպիսի՞տարի էր 2015-ը:
-Նախորդ մի քանի տարիների ընթացում մենք ունեցել են 40-45 մեդալ ամբողջ տարվա ընթացքում: Սակայն 2008-ին, 2010 թվականին մեզ հաջողվել է նվաճել մինչև անգամ 80 մեդալ: Այս տարվա 60 մեդալը ոչ ռեկորդ է, ոչ էլ ցավալի արդյունք: Ծանրամարտի համար արդեն սովորական դարձած քանակ է:
–Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց մեկ ոսկե ևերկու արծաթե մեդալ, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում ունեինքմիայն մեկ ոսկե մեդալ: Ինչպիսի՞ գնահատական կտաք մեր ծանրորդների ելույթներին:
-Պատանեկան Օլիմպիական խաղերից հետո Սիմոն Մարտիրոսյանի մոտ հոգեբանական ճնշում կար, գուցե դա նրանից էր, որ ժամանակից շուտ մասնակցեց մեծահասակների առաջնություններին: Նրա համար ծանր էր: Սակայն հետագայում նրան հաջովեց վերականգնվել և տեսանք որ աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ առաջնությունների մասնակցությունը միանշանակ քայլ առաջ է:
–Ծանրամարտի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձավերկու ուղեգրով: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականն այս պահի դրությամբ ոչ լավ մարզավիճակում է: Ամեն դեպքում կարողացան իրենց մեջ ուժ գտնել, հավաքական կազմել շնորհիվ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան, ինչպես նաև Արման Ղազարյանի և մյուսների, ովքեր աշխատում են աղջիկների հետ: Նրանց հաջողվեց հաստատել նախորդ տարի ձեռք բերած 2 ուղեգրերը: Սակայն չեմ կարող ասել, որ Օլիմպիական խաղերում նրանցից մեծ ակնկալիքներ կունենանք:
–Արդյո՞ք Եվրոպայի առաջնությունում փորձարկումներ կլինեն, թե՞ կմասնակցենքուժեղագույն կազմով:
-Հայաստանի առաջնությունից հետո տղամարդկանց հավաքականը 8, իսկ կանանց թիմը՝ 4-5 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հենց Եվրոպայի առաջնությունից հետո ինչ-որ չափով հայտնի կլինի, թե ովքեր կլինեն այն 5 մարզիկներն, ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին: Սակայն մի խնդրի առաջ ենք կանգնած: Այն մարզիկներն, ովքեր նոր պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը նրանք չեն կարող մասնակցել Օլիմպիական խաղերին: Քանի որ 2 տարվա ընթացքում ծանրորդը պետք է մասնակցի երկու օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Օրինակ՝ Տիգրան Մարտիրոսյանն պետք է անպայման մասնակցի Եվրոպայի առաջնությանը: