Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը:
Նիստն սկսելուց առաջ կառավարման խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից սպանված հայ զինծառայողների հիշատակը:
Նիստում քննարկվել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփմանը:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության մոտ կես միլիոն քաղաքացիներին, հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց, ովքեր, չնայած իրենց դեմ գործադրված բազմաթիվ արգելքներին, մնացին անկոտրում ու սկզբունքային:
Անդրադառնալով հանրաքվեի ընթացքում արձանագրված զանազան ընտրակեղծիքներին` «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը կոչ է անում իրավապահ մարմիններին օբյեկտիվ քննության ենթարկելու արձանագրված բոլոր ընտրակեղծիքներն ու խստագույնս պատժել կեղծարարներին:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը, լինելով համակարգային իշխանափոխության կողմնակից, դրա իրականացման ճանապարհը համարում է առաջիկա խորհրդարանական ընտրությունները և կոչ է անում լայն հասարակական-քաղաքական համախմբման:
Կառավարման խորհուրդն արձանագրեց, որ չնայած գործունեության կարճատև ժամանակահատվածին, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումն արդեն կայացած հզոր ուժ է` բաղկացած շուրջ 150 քաղաքական կուսակցություններից և հասարակական կազմակերպություններից, լի Հայաստանն այս օրհասական վիճակից հանելու վճռականությամբ:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը ևս մեկ անգամ հաստատում է, որ բաց է համագործակցության համար և կոչ է անում երկրի ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին միանալու միավորմանը:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայություն