
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանին 3,5 միլիարդ դոլարի չափով Ուկրաինայի պարտքը «քաղաքական կաշառք» է անվանել: Այս մասին նա հայտարարել է 5-րդ ալիքի եթերում. փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:
«Այդ պարտքը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական կաշաք իրենց մարիոնետին: Այդ կաշառքը հենց նրա համար էր, որ Ուկրաինան չուներ ո՛չ առանց վիզային ռեժիմ, ո՛չ ազատ առևտրի գոտի ԵՄ-ի հետ: Այդ իսկ պատճառով Ուկրաինայի ղեկավարությունը մորատորիում սահմանեց և դադարեցրեց պարտքի վճարը՝ ի օգուտ ագրեսոր պետության: Ի դեպ, այդ գումարը հավասար է 2016թ. ազգային անվտանգության և պաշտպանության մեր ծախսերին»,-հայտարարել է Յացենյուկը:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինան արժանի պատասխան կտա Ռուսաստանին՝ առևտրային պատժամիջոցներ սահմանելու համար:
«Հաջորդ տարվանից կսկսի գործել ԵՄ-ում ազատ առևտուրը: Մենք կդառնանք աշխարհում ամենամեծ շուկայի մի մասը: Ինչպես և սպասվում էր, մեր եվրոպական ընտրության համար Ռուսաստանն առևտրային պատժամիջոցներ է սահմանում ուկրաինական ապրանքների դեմ: Մենք կհաղթահարենք դա և արժանի պատասխան կտանք Կրեմլին»,-ընդգծել է Ուկրաինայի վարչապետը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան