Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են տարելիցի շրջանակում մայրաքաղաքում իրականացված ծրագրերը:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ 100-րդ տարելիցին նվիրված բոլոր այն ծրագրերն ու մշակութային միջոցառումները, որոնք մայրաքաղաքում նախատեսվել էին 2015թ. ընթացքում, ամբողջությամբ կյանքի են կոչվել:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի բոլոր անդամներին համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու համագործակցված:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը, վստահ եմ, մեզանից յուրաքանչյուրի համար եղել է հոգու պարտք, որը կատարվել է մեծագույն պատասխանատվությամբ: Դեռ անելիքներ կան, որոնք պետք է կատարենք մինչև 2016-ի ապրիլի 24-ը, և համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով դրանք ևս կիրականացվեն»,- ընդգծել է քաղաքապետը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ստանձնած պարտավորության և դրսևորած պատասխանատվության համար հանձնաժողովի մի շարք անդամներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: