Մայիսի 26-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ այս պահի դրությամբ գրանցվել է գյուղապետի ընդամենը երկու թեկնածու. գործող գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանն ու ՕԵԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ի դեպ, վերջինը գործող Գյուղապետի՝ Ա. Մանուկյանի սանիկն է:
Թերթը Մանուկյանից հետաքրքրվել է՝ արդյոք լարված չէ գյուղում տիրող
նախընտրական վիճակը. “Չէ, լարվածություն չկա: Մեզ մոտ խաղաղություն է: Ոչ ոքի հանդեպ թշնամացած չեմ: Ես չգիտեմ, թե Հայրապետյանը ոնց է համոզում գյուղացիներին, բայց ես ոչ ոքի չեմ համոզում: Աշխատել եմ չորս տարի, ու այս ընթացքում ժողովուրդը, իմանալով իմ լավ ու վատ կողմերը, կամ ձայն կտա, կամ էլ ոչ: Նրա բարեկամությունն ու ընկերությունը տրամադրված են, որ իրեն ձայն տան, հո չե՞ս կարող միանշանակ բոլորին թեքել իմ կողմ”:
Մանուկյանի տեղեկացմամբ՝ իր դեմ առաջադրվել է հարազատ սանիկը. “Իմ սանիկն է, ուզում է գյուղապետ դառնալ: Ես համ նրա կնունքի, համ հարսանիքի քավորն եմ”: Գյուղի ընտրացուցակում գրանցված են 790 ընտրող, սակայն ընդամենը 530-ն են մասնակցելու համայնքի ղեկավարի ընտրություններին: Մնացածներն այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի նպատակով:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում