ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է «ԷԿՈՆՈՄ ՌԵԺԻՄԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀ կառավարությունում, այնուամենայնիվ, ի վերջո սկսել են մտորել ծախսերը կրճատելու մասին: Մասնավորապես երեկ՝ կառավարության նիստում, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե եկող տարվա փետրվար-մարտ ամիսներից պաշտոնական գործուղումների համար ավիատոմսերը կենտրոնացված կարգով են ձեռք բերվելու, եւ այդ նպատակով հատուկ համակարգ է ստեղծվելու: Ըստ Հարությունյանի՝ գործադիր մարմինների բոլոր աշխատակիցներն այսուհետեւ ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով՝ չվերադարձվող ու փոփոխության ոչ ենթակա: Բացառություն արվելու է միայն անվտանգության խորհրդի անդամների համար: Ստացվում է, որ նախարարներից բիզնես կարգով ճամփորդելու իրավունք կունենան միայն ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարները: Իսկ մնացած նախարարների դեպքում բիզնես կարգի ավիատոմս ձեռք կբերվի միայն ութ ժամից ավել տեւողությամբ չվերթների դեպքում:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել բարձրաստիճան պաշտոնյաների համար բիզնես կարգի ավիատոմսեր ձեռք բերելու համար բյուջետային միջոցները վատնելու խնդրին: Բայց մինչ օրս որեւէ արձագանք չկար: Ու եթե կառավարությունում մի օր էլ որոշեն ծառայողական ավտոմեքենաների թիվը կիսով չափ կրճատել, ապա դարձյալ հսկայական միջոցներ՝ միլիարդավոր դրամներ կխնայվեն:
Բայց այս իրավիճակում ուշագրավն այն է, որ չնայած կառավարության քայլերն ուղղված են ծախսերը կրճատելուն, սակայն առայժմ խուսափում են հրապարակավ խոստովանել, որ բյուջեում փող չկա:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական քարոզչության պատասխանատուներին հանձնարարվել է սահմանադրական փոփոխությունների թեման մոռացության մատնել: Այս հարցում իշխանական լրատվամիջոցները բնական «դաշնակից» ունեն՝ ի դեմս Ամանորի տոների: Առաջիկա երեք շաբաթներին առանց այդ էլ լրատվության մեջ քաղաքական նորություններն այլեւս հետաքրքրություն չեն ներկայացնում: Ամանորի տոներից հետո, երբ արդեն լրատվական դաշտը կսկսի ակտիվանալ, իշխանական լրատվամիջոցներում հիմնական շեշտը կդրվի ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ոտքից գլուխ փոխոխության ենթարկվելիք նախագծի վրա: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ նոր ընտրական օրենսգիրքը խորհրդարանը պետք է ընդունի մինչեւ եկող տարվա հուլիսի 1-ը: Այսինքն՝ այդ փաստաթղթի մշակելու եւ խորհրդարանում քննարկելու համար իշխանությունները եւ ընդդիմությունն ունենալու են ընդամենը վեց ամիս ժամանակ:

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երեկվա դրությամբ պետական բյուջեից արդեն իսկ ծախսվել է 1 տրիլիոն 292 միլիարդ 718 միլիոն դրամ: Մինչդեռ այս տարվա պետբյուջեով ընդհանուր 2015 թվականի համար նախատեսված էր ծախսել 1 տրիլիոն 412 միլիարդ 741 միլիոն դրամ: Բայց ՀՀ կառավարությունը դեռ պարտավոր է մինչեւ տարեվերջ ֆինանսավորել 120 միլիարդ 22 միլիոն դրամի ծախսեր: Բայց հարկեր եւ տուրքերից պետբյուջեի ամսական մուտքերը սովորաբար 92 միլիարդ դրամի սահմաններում են լինում: Ու գործադիր իշխանությունը պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար ստիպված է լինելու նոր վարկային միջոցներ ներգրավել կամ էլ պակասուրդը պետք է լրացնի արտաքին պահուստներից: Նշված երկու տարբերակներն իրենց բնույթով, ըստ էության, չեն տարբերվում, քանի որ ամեն դեպքում ստացվում է, որ Հայաստանն այսօր պարտքով է ապրում:

 

 

 
Դեկտեմբերի 15-ին «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի առանձնատան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման գործով բավականին ուշագրավ զարգացումներ են սկսել տեղի ունենալ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ մի տղամարդ, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է գործարար Գեւորգ Սարգսյանը, ներխուժել է Ղարիբյանների տուն: Ընտանիքի անդամների հետ ծավալված կռվի արդյունքում Գեւորգ Սարգսյանը սպանվել էր: Պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Գեւորգ Սարգսյանի տանը խուզարկություն անցկացնելու համար, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատարանից իրավապահներին ակնարկել են, որ ավազակային հարձակման վարկածին իրենք այդքան էլ չեն հավատում, առավել հակված են կարծելու, որ իրականում Սարգսյանը գնացել է Ղարիբյանների տուն՝ ինչ-որ հարցերի շուրջ զրուցելու, բայց վեճ է բռնվել, ինչի արդյունքում նա սպանվել է: Իսկ քննիչները ցանկանում են խուզարկությամբ պարզել Ղարիբյանի եւ Սարգսյանի կապը, ինչպես նաեւ հասկանալ՝ նա համայնքում գրանցված ավազակային ի՞նչ հարձակումների հետ է կապ ունեցել:

 

 

 

 
ԱՆԱԿՆԿԱԼԻՔ
Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեիի հետ:
Ինչպես դեռ 1 ամիս առաջ Երեւանում հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո իր դիրքերն ամրացրած Ս. Սարգսյանը եւ ավելի վաղ` նոյեմբերի սկզբի խորհրդարանական ընտրությունների արդյունքով իր կլանի ազդեցությունն ընդլայնած Իլհամ Ալիեւը հանդիպելու են` բանակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Սակայն միջնորդների այդ հայտարարությունից հետո տարածաշրջանում լրջագույն իրադարձություններ են տեղի ունեցել. ռուս-թուրքական հարաբերություններն աննախադեպ լարման են հասել, ինչը, բնականաբար իր զգալի ազդեցությունն է ունենալու նաեւ առաջիկա հանդիպման օրակարգի վրա: Ռուս-թուրքական հակամարտության արդյունքում արդեն իսկ որոշակի փոփոխությունների են ենթարկվել այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի շահերն ու մտադրությունները: Սակայն այս գործընթացը դեռեւս շատ նոր է, իսկ զարգացումն էլ՝ առայժմ անորոշ, որպեսզի կողմերը կարողանան առավել հստակ հեռանկար ձեւակերպել իրենց երկարաժամկետ շահերի առումով: Ուստի սպասել, որ Բեռնում կայանալիք հանդիպման ընթացքում կարող է լինել որոշակի առաջընաց կամ լուրջ քննարկում հենց բանակցային փաստաթղթի շուրջ, թերեւս իմաստ չունի:
Առավել հավանական է, որ կողմերը կփորձեն հստակեցնել ձեւավորվող այս նոր իրավիճակում իրենց դիրքավորումը եւ ըստ այդմ էլ առաջ տանել իրենց պահանջները: Նկատենք, որ այս իրավիճակում Ալիեւ-Սարգսյան հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, լինելու է ավելի շատ բանակցային գործընթաց հենց միջնորդների, քան Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ: Եվ առավելագույն արդյունքը, որ կարելի է ակնկալել, համատեղ ինչ-որ հայտարարությունն է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու հանձնառության մասին, որը որեւէ կերպ չի երաշխավորի դրա հենց հաջորդ իսկ օրը սահմանային լարվածության վերսկսման բացառումը:
Հիշեցնենք, որ Ալիեւ-Սարգսյան անցած հանդիպումը տեղի ունեցավ գրեթե մեկ տարի առաջ` Փարիզում, որից հետո հաջորդող իսկ օրերին Ադրբեջանը վերսկսեց սահմանային սադրանքները: Իսկ անցած տարեսկզբից նոր թափ հաղորդեց հիբրիդային պատերազմին, որն այս տարվա ընթացքում ունեցավ աննախադեպ դրսեւորումներ` ի դեմս ծանր հրետանու, հրթիռային կայանների գործադրման եւ օրերս էլ արդեն` տանկի կողմից հայկական դիրքերի արկակոծման: Ուստի առաջիկա հանդիպումից միակ դրական ակնկալիքը թերեւս հենց ինքնին հանդիպման կայացումն է, որը գոնե ֆորմալ առումով կենդանի է պահում 2011թ. կազանյան ձախողված հանդիպումից ի վեր կիսամեռ վիճակում գտնվող բանակցային գործընթացը:




Լրահոս