Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու նպատակով դեկտեմբերի 15-ից ԱԺ ՀԱԿ խմբակցությունն Ազգային ժողովում ստորագրահավաք է սկսել, որին անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունից երեկվա դրությամբ ՀԱԿ-ին հաջողվել էր հավաքել 18-ը՝
1. Լեւոն Զուրաբյանը,
2. Արամ Մանուկյանը,
3. Գագիկ Ջհանգիրյանը,
4. Ստեփան Դեմիրճյանը,
5. Նիկոլ Փաշինյանը,
6. Հեղինե Բիշարյանը,
7. Լեւոն Դոխոլյանը,
8. Տիգրան Ուրիխանյանը,
9. Զարուհի Փոստանջյանը
10. Թեւան Պողոսյանը,
11. Խաչատուր Քոքոբելյանը,
12. Էդմոն Մարուքյանը,
13. Հովհաննես Մարգարյանը,
14. Իշխան Խաչատրյանը,
15. Վարդան Օսկանյանը,
16. Մհեր Շահգելդյանը,
17. Ալեքսանդր Արզումանյանը,
18. Լյուդմիլա Սարգսյանը:
Հավելենք, որ Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը լրանում է այսօր: Եւ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը երեկ հայտարարել է, որ եթե իր մի ձայնը վճռական լինի, վերջին պահին կմիանա ստորագրահավաքին:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` պարզելու համար ՀՀԿ-ի դիրքորոշումը Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնության շուրջ:
-Պարո՛ն Բաղդասարյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվել է, սակայն ընդդիմությունը հետզհետե ավելի ու ավելի հիմնավոր փաստեր է ներկայացնում հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքների մասին: Իսկ ոչ-ի դաշտի ուժերի մի մասն էլ շարունակում է իր հանրահավաքային պայքարը: Ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերում այս չմարող դժգոհությանը:
-Ընդդիմության պայքարը հանրաքվեի հետ կապված չէ: Ընդդիմությունը պարզապես իր խնդիրներն է առաջ քաշում: Դա նեղ անձնական եւ նեղ քաղաքական խնդիրներ են: Սահմանադրական այս բարեփոխումներն ընդդիմության վաղեմի երազանքն է եղել, բայց քանի որ իրենք չեն ներկայացրել այս փոփոխությունների նախագիծը, պետք է ըմբոստանան: Եւ ցանկացած երեւույթի կապակցությամբ, անկախ նրանցից՝ դա կլինի սահմանադրական բարեփոխումներ, թե մեկ ուրիշ խնդիր, նրանք առիթ են ման գալիս՝ փողոց դուրս գալու համար` ցանկանալով ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, որը իրենց չի հաջողվի:
-Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ին կհաջողվի հավաքել անհրաժեշտ 27 ստորագրությունը եւ դիմել ՍԴ: Թե՞ հանգիստ եք, քանի որ Հայաստանում մշտապես էլ հետընտրական վիճարկումները Սահմանադրական դատարանում ունեցել են զրոյական արդյունք:
-Ստորագրահավաքով նրանք իրենց դեմքն են ուզում պահել: Եթե այդ էլ չանեին եւ խելոք տուն գնային, ինչ պետք է ասեր հանրությունը իրենց: Դա նաեւ քաղաքական ակցիա է, եւ պետք է կատարեն այդ քաղաքական ակցիան:
-Պարո՛ն Բաղդասարյան, իսկ եթե ընդդիմությանը հաջողվի ապացուցել, որ հանրաքվեն կեղծվել է, ինչ է անելու ՀՀԿ-ն:
-Իրավապահներն այդ քննությունը կատարում են, եւ նրանց բոլոր կասկածները կփարատվեն, ամեն ինչ կհրապարակվի եւ համապատասխան հայտարարություն կարվի:
-Երեկ պարզ դարձավ, որ կառավարությունը որոշել է 33 միլիոն դրամ հատկացնել՝ 100 հազար տպաքանակով նոր Սահմանադրության գրքույկները հրատարակելու համար: Փաստորեն` փոխանակ դա մինչ հանրաքվեն արվեր, որ քաղաքացիները կարողանային ծանոթանալ նախագծին, հիմա եք որոշել տպել…
-Եթե սահմանադրական բարեփոխումները եղել են, չպետք է տպագրվի՞: Դրա համար կկատարվեն հաշվարկներ, եւ եթե հաշվարկները շատ կլինեն, բնականաբար կկրճատվի: Կարող է՝ դա նախնական հաշվարկ է: Այդտեղ ո՛չ կարող է ավել գումար գրվել, ո՛չ էլ պակաս: Սա հաշվարկ է, սովորական, տպագրական հաշվարկ է, որը կկատարվի:
ՔԱՐՈՒՔԱՆԴ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԵԼ
Երեկ Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստում քննարկվեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենսդրական նախագիծը, որը ներկայացրեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի հանրապետության տարածքում եւ հանրապետություն մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ իրականացնող, չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը եւ դրանց վերահսկողությունը, ինչպես նաեւ կնվազեն ճանապարհների վերականգնման համար ծախսվող միջոցները:
Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ երեկ, խորհրդարանի դահլիճը կիսադատարկ էր: Սակայն դահլիճում ներկա պատգամավորները, այնուամենայնիվ, ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը` հարցեր ուղղելով տրանսպորտի եւ կապի փոխնախարարին: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ը դեմ է այս նախագծին, քանի որ անընդունելի է համարում այն հապճեպությունը, որով փորձ է արվում այն անցկացնել: Նա նշեց, որ Օեկ-ի համար անընդունելի է առկա իրողությունը, երբ որքան տույժ-տուգանքների ցանկ կա, կիրառվում է երկրի ներսում: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ սա շահույթ հետապնդող նախագիծ է: «Մենք պատերազմական երկիր ենք, եթե վաղը հանկարծ կարիք լինի, որ ծանր ռազմական տեխնիկա տեղափոխող մեքենաները հսկայական քանակ տեղափոխեն այս տարածքից այն տարածք, ի՞նչ է, սկսելու ենք տուգանե՞լ իրենց: Քաղաքի կենտրոնում, Բաղրամյանում ամիսներ շարունակ ռազմական բեռնատարներ են կանգնած, չգիտես՝ ումից ում են պաշտպանում, ո՞վ է կշռել, գիտե՞ք նրանց քաշը: Եթե մի միտինգ լինի, հլը միտինգի անունը չլսած, այդ մեքենաները բերեք, շարեք Բաղրամյանում, կշռելո՞ւ եք եւ տուգանելո՞ւ եք դրանց, ջրցան մեքենայի քաշը գիտե՞նք, թե՞ չգիտենք»,- իր ելույթում ասաց Հեղինե Բիշարյանը: ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն էլ կարծիք հայտնեց, թե. «Հայաստանի բոլոր ճանապարհները չէ, որ լավ վիճակում են, կան ճանապարհներ, որոնք խնդիր են մեր երկրի թե՛ հեղինակության, թե՛ մեր տրանսպորտային փոխադրումների անվտանգության եւ հարմարավետության առումով: Հայաստանում ճանապարհներ կան, որոնք պարբերաբար վերանորոգվում են, բայց 6-7 ամսից նորից նույն վիճակն է: Կուզենայի, որ Հայաստանի ճանապարհների համակողմանի ուսումնասիրություն կատարեինք»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ Առաքելյանից հետաքրքրվեց՝ չկա՞ն արդյոք այլընտրանքային ճանապարհներ: Ի պատասխան՝ տրանսպորտի եւ կապի փոխնախարարը վստահեցրեց. «Ստացված ներդրումների արդյունքում կստանանք առավելագույն արդյունք: Նախարարությունում եւս քննարկվել է այդ հարցը: Համաշխարհային բանկի միջոցներով համայնքային ճանապարհների ծրագիրն է մշակվում, եւ մի քանի համայնք լավ ճանապարհներով կգան, կմիանան գլխավոր մայրուղուն»: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նախքան կսկսեր նախագծի մասին խոսել, շնորհավորեց «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ «Հատուկ շնորհավորանք՝ ընդդիմության կողմից»,-իր տեղից միջամտեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: «Ոչ միայն ընդդիմության, այլեւ, կարծում եմ, իշխանության մեր բոլոր գործընկերների կողմից էր շնորհավորանքը»,- Շարմազանովին ուղղեց Հովհաննես Մարգարյանը:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՑԱՆԿՆ ԱՃՈՒՄ Է
«Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել: Հիշեցնենք, որ սնանկացած գործարարն այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան էր եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակը հասել է 187-ի: Ընդհանուր պարտքերի չափը կազմում է մի քանի միլիոն դոլար, բայց վերջնական թիվը դեռ ճշտվում է: Ի դեպ, արդեն 10 ամիս է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է Լեւոն Ամիրխանյանի ինքնասպանության գործով նախաքննությունը: Ու տեղեկություններ կան, որ հայտնի գործարարը ինքնասպան լինելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, թե իր սնանկանալու համար ում է մեղադրում եւ ինչ-ինչ անուններ էր նշել:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՂՔԸ ՉԸՆԴՈՒՆԵԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 1-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը դեռեւս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ընտրակեղծարարություն):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կացության վիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 4 հազար 723 հոգի: Ամենաշատ կացության կարգավիճակ ստացածները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն են՝ 934 հոգի, երկրորդ տեղում Հնդկաստանի քաղաքացիներն են՝ 695 հոգի: Իհարկե, վիճակագրական տվյալներում չի պարզաբանվում, բայց հայտնի է, որ մասնավորապես Հնդկաստանի քաղաքացիները հիմնականում երիտասարդներ են, որոնք Հայաստան են եկել ուսման նպատակով:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող անձանցից Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 668 անձ: Իսկ ինչ վերաբերում է Սիրիայի քաղաքացիություն ունեցողներին, ապա՝ կացության կարգավիճակ ստացած անձանց, նրանք 411-ն են: Իհարկե, վերջին չորս տարիներին Սիրիայից Հայաստան է եկել մոտ 20 հազար սիրիահայ, սակայն մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են այստեղ բնակություն հաստատել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալով: