ՀՀ ֆինանսների նախարարությունը նախօրեին հրապարակեց Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները` նոյեմբերի վերջի դրությամբ: Ըստ այդմ, Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 4 միլիարդ 813 միլիոն 400 հազար դոլար:
Նույն այդ տվյալներից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 778 միլիոն 500 հազար դոլար: Այսինքն՝ վերջին երկու ամսում մեր պետության պարտքը ավելացել է 34 մլն 900 հազար դոլարով: Իսկ այս տարվա հունվարի 1-ի հետ համեմատած, այսինքն՝ անցած տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի պարտքը փաստացի ավելացել է 371 միլիոն 900 հազար դոլարով:
Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 330 միլիոն 400 հազար դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարությանը: Իսկ մնացած` 483 միլիոն դոլար պետական պարտքը բաժին է հասնում ՀՀ կենտրոնական բանկին: Ի դեպ, կառավարության պարտքից 3 միլիարդ 578 միլիոն 900 հազար դոլարը արտաքին պարտքերն են: Այսինքն՝ Հայաստանն այդ գումարները վերցրել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից: Իսկ մնացած 751 միլիոն 600 հազար դոլարը ներքին պարտք է: Ասել կուզի՝ այդ գումարը գոյացել է՝ ՀՀ ֆինանսական շուկայում պետական պարտատոմսեր վաճառելով: Ի դեպ, պետական պարտատոմսերը վաճառվում են դրամով, հետեւաբար պարտքն էլ գոյանում է դրամով:
Ֆինանսների նախարարության հրապարակած նույն վիճակագրական տվյալներից տեղեկանում ենք նաեւ, որ Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը ծածկելու նպատակով այս տարվա տասնմեկ ամիսների ընթացքում 202 միլիարդ 700 միլիոն դրամ է օգտագործվել: Այլ կերպ ասած՝ պետբյուջեի ծախսերից մի մասն իրականացվել է նոր պարտքեր վերցնելու հաշվին` վերը նշված գումարի չափով: Մասնավորապես, պետբյուջեի ծախսերը հոգալու համար ներգրավված պարտքերից 8 միլիարդ 800 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը վերցրել է ներքին աղբյուրներից, իսկ մնացած 193 միլիարդ 900 միլիոն դրամը` արտաքին աղբյուրներից են ստացվել:
Այսինքն՝ վերը բերված թվերն ուղղակի փաստում են, որ ընթացիկ տարին Հայաստանը նոր պարտքեր կուտակելու հաշվին է ապրել: Այս հանգամանքը ինքնին մտահոգիչ չէր լինի, եթե մենք համոզված լինեինք, որ այդ գումարներով Հայաստանի տնտեսության զարգացումն է խնայվել: Այլ կերպ ասած՝ պետությունն ընտանիքի պես է: Պարտք կամ վարկ վերցնելը դատապարտելի չէ, եթե տվյալ ընտանիքը պարտքով վերցրած գումարը պատրաստվում է ծախսել ընտանիքի կենցաղը բարելավելու վրա եւ համոզված է, որ առաջիկայում իր եկամուտները կբավարարեն պարտքը մարելու համար: Իսկ չհաշվարկված, կամ այլ կերպ ասած՝ ռիսկային վարկ վերցնելու դեպքում վարկառուն վտանգում է կորցնել իր ունեցվածքը: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը նոր վարկեր վերցնելիս պետք է համոզված լինի, որ դրանք իրենց նշանակությամբ կծախսվեն, եւ որ իր կողմից վարվող քաղաքականությունը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, որպեսզի հետագայում հնարավոր լինի այդ պարտքերը վերադարձնել: Սակայն իրականությունն այն է, որ հատկապես արտաքին աղբյուրներից ներգրավվող պարտքերի գերակշռող մասն ունեն, այսպես կոչված, արտոնյալ ժամանակաշրջան, որպես կանոն դա առաջին տասը եւ ավել տարիներն են: Արտոնյալ ժամանակաշրջանի «հմայքն» այն է, որ այդ ընթացքում վարկառուն, այսինքն՝ ՀՀ կառավարությունը պարտքի մարում չի իրականացնում: Այլ կերպ ասած՝ ՀՀ ներկա կառավարությունը առանց քաշվելու վարկեր է վերցնում՝ շատ լավ գիտակցելով, որ երբ գա դրանց մարման ժամանակը, իրենց առնվազն մեծ մասը վաղուց արդեն իշխանության չի լինի: Բայց այս փուլում այդ գումարները նրանց անհրաժեշտ են՝ թոշակներ եւ աշխատավարձեր վճարելու համար: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները նորանոր պարտքեր չվերցնեն, ապա պետք է խոստովանեն, որ Հայաստանի տնտեսությունը կործանման եզրին են հասցրել: Նույնն է թե՝ ընտանիքի հայրը տան ունեցած-չունեցածը գրավադրելով՝ պարտքեր վերցնի ու աջուձախ անկապ ծախսի` հասկանալով, որ միեւնույն է՝ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել, եւ վարկերը վերադարձնելու հոգսն իր հետնորդների ուսերին է մնալու: Նման ընտանիքները սովորաբար կորցնում են իրենց ունեցած-չունեցածը եւ հայտնվում փողոցում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ
Պարզվում է՝ այս երեքշաբթի ՀՀ Սահմանադրական դատարանը միանգամից չորս վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարց է քննել: Բնականաբար բոլոր չորսն էլ ՀՀ ՍԴ Սահմանադարությանը համապատասխանող է ճանաչել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ համաձայնագրերից մեկով նախատեսած է, որ Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանը կտրամադրի 85.5 մլն դոլարի վարկ: Մեկ այլ համաձայնագրով ՀՀ կառավարությունը պատրաստվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից վերցնել 31 մլն դոլարի վարկ: Սակայն ուշագրավն այն է, որ այս համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա դեկտեմբերի 10-ին՝ ՍԴ-ում քննարկելուց ընդամենը հինգ օր առաջ: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը, մեղմ ասած, շտապում է: ՍԴ-ին նման ձեւով շտապեցնելը հուշում է, որ կառավարությունը մտադիր է այդ համաձայնագրերը մինչեւ Ամանոր ուղարկել խորհրդարան՝ վավերացման: Այլ կերպ ասած՝ սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ՀՀ պետական բյուջեում միջոցներ չկան, եւ կառավարությունը փորձում է խնդիրը լուծել նորանոր վարկեր ներգրավելու հաշվին:
ՉԼԻՆԻ «ՏՆԱՎՈՐՎՈՒՄ» ԵՆ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այս տարվա նոյեմբերի վերջին պայմանագիր է կնքել «Դելտա-Դայանա» ընկերության հետ: Ըստ այդ պայմանագրի՝ հատուկ քննչական ծառայությունը գնել է 3 փոշեկուլ եւ 2 սառնարան: Փոշեկուլներից յուրաքանչյուրը արժի 85 հազար դրամ, իսկ սառնարաններից մեկը՝ 300 հազար, մյուսը՝ 200 հազար դրամ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՔԾ ղեկավարությունը որոշել է աշխատավայրում «տնավորվել»: Մնում է մի երկու հատ էլ երկտեղանոց մահճակալ, խոհանոցի կահույք գնեն ու հանգիստ ապրեն: Ապրուստը՝ ձրի, «տունը»՝ տաք:
ԴԱՏԱՎՈՐԻՆ «ՎԱՅԵԼ» ԿԵՆՑԱՂ
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանի ֆինանսական վիճակը լիարժեք համապատասխանում է իր պաշտոնին: Այսինքն՝ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով նա հասցնում է ոչ միայն ընտանիքի հոգսերը հոգալ, այլ նաեւ պատկառելի հարստություն կուտակել: Այսպես, Գաբրիելյանի վերջին՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 80 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Ավելին՝ անցած տարի նա հասցրել է նաեւ 20 մլն դրամով բնակարան գնել: Բացի այդ՝ անցած տարի վերադարձրել է 54 մլն դրամի չափով փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ «պարտքը փակել է»: Իսկ նրա տված փոխառություններից տոկոսավճարի տեսքով ստացված եկամուտը կազմել է մոտ 2 մլն դրամ: Ի դեպ, դատավոր Ավագ Գաբրիելյանի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 620 հազար դրամ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄԵՐ ՄԱՐԴԸ ԵԽ-ՈՒՄ
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը երեկ ընտրվել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի ծրագրի, բյուջեի եւ վարչական հարցերով զեկուցողների խմբի նախագահ՝ 2016 թվականի հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով։ 47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն է տվել դեսպան Պապիկյանի թեկնածությանը: Նշենք, որ ծրագրի, բյուջեի եւ վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Եվրոպայի խորհուրդը պաշտոնական քննություն է սկսել՝ պարզելու, թե որքանով են Ադրբեջանում պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները։
Խնդիրն ուսումնասիրելու նախաձեռնությունը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին է, ով ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները բացահայտում են Ադրբեջանում օրենքների կամայական կիրառումը՝ վարչակազմի քննադատներին լռեցնելու ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Յագլանդը հայտնել է, որ ներկայացուցիչների կգործուղի Ադրբեջան՝ իշխանություններից պարզաբանումներ ստանալու համար։
ԿՔՆՆԱՐԿԵՆ
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու 2016 թվականի հունվարին, որի ընթացքում քննարկվելու են զինադադարի պահպանմանը նվիրված նոր միջոցները: Քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Արմենպրես»¬ի հաղորդմամբ` այս մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը հայտնել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը: «Առաջիկա շաբաթներին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դռնփակ նիստին հարցումներ է ուղղելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքին»,¬ ասել է Չուլջյանը: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը: Նամակին միացել էր 85 կոնգրեսական:
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Ընդգծելով, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ջերմ հարաբերությունները ձեւավորվել են պատմական ամուր հիմքի վրա՝ Սերժ Սարգսյանը կարեւոր է համարել միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները, ինչպես նաեւ Հունաստանի դերակատարումը Հայաստան-Եվրամիություն եւ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: