ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված այս զեկուցագիրը կազմել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսը 2005թ. դեկտեմբերին: Հեղինակը քննարկում է ՀՀ էներգետիկ անկախության հիմնահարցը` ուղենիշ վերցնելով հայ-ռուսական հարաբերությունները: Մանրամասնորեն ներկայացնելով ՌԴ պաշտոնյաների այցելություններն ու դրանց արդյունքները` Էվանսը վերահաստատում է իր նախնական կարծիքը, ըստ որի` Հայաստանը էլ ավելի է խորացնում իր կախվածությունը ՌԴ-ից: Ավելին` ամերիկացի դիվանագետը հակված է կարծելու, որ Հայաստանը այնքան էլ առանձնահատուկ գործընկեր չէ ՌԴ-ի համար:

Այսպես, Էվանսը հայտնում է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը 2005թ. դեկտեմբերի 2-3-ը այցելել էր Հայաստան` ամփոփելու Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների շարքը, որը մեկնարկել էր նույն տարվա մարտին, ՌԴ նախագահ Պուտինի այցով: Դիվանագետը հատկանշում է, որ թեեւ Ռուսաստանի տարին հագեցած էր ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններով, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ Հայաստանի` իր «ռազմավարական գործընկերոջից» ունեցած կախվածության շուրջ առկա մտահոգությունների աճին զուգահեռ: Հեղինակը հատկապես շեշտում է ռուսական գազի նկատմամբ Հայաստանի կախվածության պարագան: Հանուն արդարության հարկ է նկատել, որ ԱՄՆ-ն էլ նվազ ջանքեր չի գործադրել Հայաստանի կախվածության խորացման հարցում` մշտապես խոչընդոտելով հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:
Էվանսը տեղեկացնում է, որ դեռեւս նույն թվականի մարտին նախագահ Պուտինը կարճ այցելություն էր ունեցել Երեւան, որը «հայերն այնպես ներկայացրին, կարծես վերջին պատմաշրջանի ամենակարեւոր այցն էր»: Դիվանագետը հավելում է, որ տարվա վերջին 8 ամիսներն աչքի են ընկել ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններով, ինչպես օրինակ` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի, ՌԴ Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւի, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի դեպքում: Իսկ խնդրո առարկա Ֆերադկովի այցին հաջորդել էր նաեւ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովի այցը: Դեսպանն արձանագրում է. «Մինչ հայկական ԶԼՄ-ները, թվում է, կուլ տվեցին «առանձնահատուկ հարաբերությունների» թեզը, մենք պետք է նկատենք, որ հարեւանությամբ գտնվող այլ երկրները եւս արժանացան Մոսկվայի բարձր ուշադրությանը»:
Անդրադառնալով ռուսական ներդրումներին` ԱՄՆ դեսպանը դրանցից որոշները համարում է «մաքուր քաղաքական ենթատեքստ» ունեցող: Նա շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել դեռեւս խորհրդային շրջանում գործող 5 խոշոր օբյեկտներ` որպես «Գույք` պարտքի դիմաց» գործարքի բաղկացուցիչ մաս: Իսկ գիտական ասպարեզում դիվանագետի ուշադրությունն են գրավել ՀՀ եւ ՌԴ գիտությունների ակադեմիաների միջեւ կնքված մի շարք համաձայնագրերը, որոնք, տարածված հաղորդագրության համաձայն, ներառում են 67 պրոյեկտներ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի եւ այլ ոլորտներում: Էվանսը նկատում է, որ այդ փոխգործակցության ծրագրերի ստորագրությունը լայնորեն տարածվել է մամուլում, սակայն ինքը չի կարող հատկանշել դրանց հեռանկարային երկարաժամկետ նշանակությունը: Տասնամյա հեռավորությունից կարող ենք փաստել, որ այդ ծրագրերից որեւէ մեկը օգտակար ու գործնական նշանակություն չունեցավ: Ընդհանրապես, խորհրդային ավանդույթներն այսօրինակ հարցերում լավագույնս են արտահայտվում, երբ ծրագրերի մասին հայտարարում են այնչափ բարձրաձայն, որչափ որ լռում են դրանց արդյունքների մասին: Ինչեւէ, ԱՄՆ դիվանագետը այդ ամենի փոխարեն բարձր է գնահատում հայ-ռուսական համագործակցությունը ռազմական ոլորտում: Նա ընդգծում է, որ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը ոչ միայն Ռուսաստանին է տալիս Գյումրիի ռազմաբազան առանց որեւէ վարձավճարի, այլեւ ինքն է վճարում բազայի ծախսերը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ-ՌԴ կառավարությունները կնքել են ռազմական բազմակողմանի համագործակցության պայմանագիր, որը թույլ է տալիս Հայաստանին ռազմական նշանակության արտադրանք գնել նվազեցված գնով եւ հնարավորություն ընձեռում հայ սպաներին ռուսական ռազմական ակադեմիա հաճախել առանց վճարի:
Ամփոփելով իր մեկնաբանությունը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ` դեսպան Էվանսը փաստում է, որ Ռուսաստանը երկար ժամանակ է՝ տիրապետում է Հայաստանի էներգետիկ ոլորտին եւ իր դիրքերը զգալիորեն ուժեղացրել է նաեւ 2005թ.` ձեռք բերելով Հայաստանի էլցանցերը: Դիվանագետը «Գազպրոմի» այն հայտարարությունը, ըստ որի` նախատեսվում է կրկնապատկել բնական գազի գինը Հայաստանի համար, համարում է լուրջ ապացույց այն բանի, որ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից շարունակում է խորանալ: Էվանսը արձանագրում է, որ Հայաստանը շարունակում է գերազանցապես կախված մնալ Ռուսաստանից` ի հեճուկս Իրանի հետ երեւացող կապերի: Հեղինակը ամփոփում է. «Գազպրոմը տիրապետում է գազամուղին, գազով աշխատող գեներացիոն համակարգերին, իսկ ահա այժմ էլ էլեկտրականության բաշխման համակարգին: Ռուսական «Մինատոմն» էլ Հայաստանի միջուկային ներուժի միակ մատակարարն է»:
Ահա թե ինչպիսին է Քոչարյանի կառավարման իրական արդյունքը, երբ ամեն տարի Հայաստանը կորցրել է իր էներգետիկ անկախությունն ու էլ ավելի խճճվել ռուսական կախվածության թակարդում: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի իշխանությունը եւս շարունակեց նույն վատագույն ավանդույթները` կատարյալ դարձնելով Հայաստանի էներգետիկ ինքնուրույնության ոչնչացման օպերացիան: Այսօր Հայաստանն ավելի խոցելի է դարձել, ավելի հպատակված Ռուսաստանին, քան երբեւէ, ինչի մեջ իրենց մեղավորությունն ունեն թե՛ հայաստանյան էլիտան, թե՛ նաեւ ամերիկացիները, որ շարունակաբար աջակցել են իշխանություններին, միաժամանակ իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրություններով պայմանավորված` լրջագույնս սառեցրել հայ-իրանական այլընտրանքային գործակցությունը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԷԼԻՏԱՐ ՍԵՐՄԱՑՈՒՆ ՉԻ ԾԼԵԼ
Դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ 2015թ. Տավուշի մարզին հատկացվել է 815 տոննա առաջին վերարտադրության էլիտար սերմացու, որը բաժանվել է 38 համայնքի՝ 2100 շահառուի: Այս տարի սերմնաբուծական 2 տնտեսություն Արծվաբերդ եւ Բերդ համայնքներում էլիտար սերմացուով համապատասխանաբար 20 եւ 7 հեկտար ցանք են կատարել: Գյուղվարչության պետը նշեց, որ Տավուշում նախորդ տարիներից էլիտար սերմացուն վերադարձնելու պարտք կա, 2012թ. համար այն կազմել է 5 միլիոն դրամ, 2013թ.՝ 21 միլիոն, իսկ 2015թ.՝ արդեն 40 միլիոն դրամ: Այս կապակցությամբ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանը դժգոհեց, որ 2013թ. էլիտար սերմացուն ցանել են, սակայն այն չի ծլել: Ասվածին արձագանքելով` մարզպետ Հովիկ Աբովյանը նկատեց, որ հարկ էր մարզպետարանի եւ գյուղապետարանի հանձնաժողով կազմել եւ արձանագրել փաստը: Ոսկեպարի գյուղապետն էլ պարզաբանեց, որ այդ ժամանակ ինքը դիմել է Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն, սակայն ասվել է, որ էլիտար սերմացուի հատկացման պայմանագրում ֆորսմաժորային իրավիճակներ նշված չեն, եւ բոլոր դեպքերում սերմացուն պետք է վերադարձնել: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ ասաց, որ նախկինում Բերդավանի բնակիչները մշտապես պարտաճանաչ վերադարձրել են կառավարության կողմից հատկացված էլիտար սերմացուն, սակայն 2015թ. ամռանը կարկտահարության պատճառով արտերը ոչնչացել են, եւ դրա վերաբերյալ առկա են գյուղապետարանի եւ Տավուշի մարզպետարանի մասնագիտական հանձնաժողովների կազմած ակտերը: Սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը եւս հայտնեց, որ 2015թ. հուլիսի 17-ին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Բաղանիսի սահմանամերձ գոտում այրվել է 4 հեկտար ցորենի արտ եւ այդ պատճառով էլիտար սերմացուն չեն կարողացել վերադարձնել:

 

ԽԱՂՈՂԸ ԱՇՆԱՆԸ, ՓՈՂԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը դեկտեմբերի 15-ին մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ իր համագյուղացի Արամայիս Վիրաբյանն իր աճեցրած խաղողը դեռ հոկտեմբերին հանձնել է Իջեւանի գինու գործարան, սակայն մինչ օրս փողը չի ստացել: Մարզի համայնքապետերը նրան պարզաբանեցին, որ խաղողի մթերման պայմանագրով հանձնած խաղողի դիմաց Ա. Վիրաբյանը գումարը կստանա 2016թ. փետրվարին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
LՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻ
ՌԴ նախագահ Վ. Պուտինն իր տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսել էր տնտեսական հարցերից՝ հին անեկդոտ պատմելով. «1 տարի առաջ ասում էին, թե ամեն ինչ վատ է, պարզվեց՝ ամեն ինչ բավականին լավ էր այն ժամանակ»: Պուտինը հայտնեց, որ թեեւ կառավարությունը սխալվել էր նավթի հնարավոր գնի մասով արված կանխատեսումներում, այնուամենայնիվ, ՌԴ-ի տնտեսությունը դուրս է եկել ճգնաժամից, ինչը ապացուցող օբյեկտիվ ցուցանիշներ թվարկեց:
ՌԴ-ի նախագահ Վ. Պուտինը ընդգծեց, որ թուրք ժողովրդին բարեկամ ժողովուրդ է համարում, սակայն Թուրքիայի այսօրվա իշխանությունների հետ դժվար է համագործակցել, ավելին՝ հնարավոր չէ: Ասուլիսի սկզբում ՌԴ նախագահը թույլ տվեց, որ հարցեր տան թուրք լրագրողները, եւ պատասխանելով այդ հարցերին՝ ՌԴ նախագահը ասուլիսի ընթացքում հերթական անգամ քննադատեց թուրքական իշխանություններին Սու-24-ի կործանման համար՝ այն որակելով որպես «թշնամական քայլ»: Նրա խոսքով՝ թուրքական ղեկավարությունը «ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»: «Սու-24-ի կործանումը կարող էր գաղտնի գործարք լինել Անկարայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Եվ եթե թուրքական ղեկավարությունում որեւէ մեկը որոշել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը, ապա չեմ կարող ասել, թե ճիշտ են արդյոք նրանք վարվել… Ներկայիս թուրքական ղեկավարության հետ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, անհնար է համաձայնության գալ: Երբ ասում ենք՝ այո, մենք համաձայն ենք, նրանք կողքից կամ թիկունքից հարված են հասցնում: Միջպետական մակարդակում հեռանկարներ չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ստիպված ենք սահմանափակող միջոցներ կիրառել տնտեսական եւ այլ ոլորտներում, օրինակ՝ տուրիստական ոլորտում: Թուրքիայի գործողությունները թշնամական ենք համարում: Կործանեցին ռազմական ինքնաթիռը, մարդիկ զոհվեցին: Զանգելու եւ բացատրություն տալու փոխարեն՝ նրանք վազեցին Բրյուսել: Երբ ես վերջին անգամ Անթալիայում էի, Անկարան մեր առջեւ հարցեր էր դրել՝ Թուրքիայի համար շատ ցավոտ հարցեր, եւ այդ հարցերի լուծումները, որ առաջարկում էր Անկարան, հակասում էին միջազգային նորմերին, բայց մենք համաձայնել էինք օգնել Թուրքիային», – հավելեց ՌԴ-ի նախագահը՝ հրաժարվելով, սակայն, հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը: Նկատենք, որ արդեն երկրորդ անգամ է Պուտինը այդ մասին հրապարակավ խոսում:
«Չեմ հասկանում, թե ինչու նրանք դա արեցին: Եվ ինչի էին ձգտում հասնել: Կարծում էին, որ մենք կփախչե՞նք: Ռուսաստանն այդ երկիրը չէ: Այժմ այնտեղ հակաօդային պաշտպանական համակարգեր են տեղակայված, թող թռչեն»,- Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունների մասին մեկ այլ հարցին էլ այսպես պատասխանեց Պուտինը:
Երեկվա ասուլիսի կարեւոր կետերից մեկն այն էր, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն միասին պատրաստում են սիրիական ճգնաժամի կարգավորման մի փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության խաղաղ կարգավորում եւ ընտրություններ Սիրիայում: Պուտինի տեղեկացմամբ՝ սա ամերիկյան կողմի նախաձեռնությունն է, որը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օրերս կայացած այցի ժամանակ տարել էր Մոսկվա:




Լրահոս