ԼՂՀ ԱԳՆ­-ն ողջունում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակման հարցին քննարկումը Բեռնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրական է համարում, որ դեկտեմբերի 19­-ին Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից են եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։

Այս մասին հայտարարեց ԼՂԳ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը` պատասխանելով «Արմենպրես»-­ի հարցին: ­Չնայած, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեկտեմբերի 19­-ին Բեռնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ ­Դրական ենք համարում, որ նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից են եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։ Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։

Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք` միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։ Ցավոք, այն փաստը, որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ:




Լրահոս