Այս թշվառ Անուշը հեռավոր կապ անգամ չունի մինչ օրս սրբությամբ պահված գոհարի հետ. բաց նամակ
Մեծարգո պարոն Նախագահ
Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած “Անուշ” օպերայի պրեմիերան: Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված: Բեմադրիչը պնդում է, որ “Անուշը” դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել “օձերի բնում” (նկատի ունի Օպերային թատրոնը):
Մեր նպատակը չէ անդրադառնալ այդ ներկայացմանը, կատարել դիտողություններ: Այդ ամենն արվում է քիչ թե շատ հաջողված մի բեմադրության համար, որն ունի մանր-մունր թերություններ, որոնք շտկելուց հետո այն ավելի կատարյալ կարող է լինել:
Ոչ: Այստեղ մենք գործ ունենք բացարձակապես անընդունելի մի բեմադրության հետ: Դիտելով 1ժամ 40 րոպե տևող ներկայացումը` այն տպավորությունն ես ստանում, որ բեմադրիչի համար Հովհաննես Թումանյանը լոկ սովորական մի լիբրետոյի հեղինակ է, իսկ Արմեն Տիգրանյանը գրել է մի պարզունակ ու անհաջող մյուզիքլ, որը ոմն Ա.Սիմոնյան գործիքավորել է և վերամշակել` խախտելով հարմոնիայի և գործիքավորման անգամ տարրական կանոները: Իսկ ինչ-որ մեկն էլ Թումանյանի գրածը փոխել ու ինքն է գրել…
Օպերային արվեստում կարևոր տեղ է գրավում կերպարը: Մինչդեռ ավեդիկյանական բեմադրությունը զուրկ էր կերպարներից: Բացակայում է սյուժետային հենքը: Ներկայացումը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբն իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: “Նորամուծություններից” է շվիի, դուդուկի և դհոլի օգտագործումը, մինչդեռ ոչ ոք իրավունք չունի նման միջամտության: Ժամանակակից բեմադրությունն ակնկալում է ձևավորման, հագուստների, բայց ոչ հեղինակային տեքստի, երաժշտության կտրտելն ու աղավաղելը։ Արմեն Տիգրանյանն իր մահկանացուն կնքել է 1950 թվականին` կատարելության հասցնելով օպերան բոլոր առումներով:
Օպերայի հանճարեղ նախերգանքը կատարում են երկու-երեք գործիքներ` միևնույն մեղեդին խղճուկ ունիսոն (ինչպես ողջ ներկայացումը) նվագելով: Լացե՞ս, թե՞ խնդաս:
Այո, այդ երեկո Տիգրանյանին ու Թումանյանին սպանեցին` համակարծիք էինք շատերս:
Նման մոտեցման մասին ավանդական, սակայն և ամենաթարմ կարծիքը հայտնեց օրերս Մարիինյան թատրոնի երկրորդ բեմահարթակի բացման առթիվ նշանավոր մաեստրո Վ.Գերգիևը: Նա մի անգամ ևս հաստատեց, որ “դասական դարձած հանրահայտ, հանճարեղ ստեղծագործությունները կրճատելը, սրբագրելը համարում է ոչ միայն արատավոր, այլև աբսուրդայինե: Առավել ևս տարիների ընթացքում մեր ժողովրդի արյան մեջ մտած երկու հանճարեղ հեղինակների փառահեղ գործն այդպես թուրքավարի, բարբարոսաբար խողխողելը հանցագործություն է ոչ միայն նրա ստեղծողների, այլև մեր ժողովրդի հանդեպ:
Ըստ Ավեդիկյանի հայտնագործության` օպերայի ամենահիմնական հանգույցը անհայր Սարոյին Մոսիի կողմից աղջիկ չտալն է: Ակնհայտ է, որ բեմադրիչը ոչ միայն երբևէ “Անուշի” այլ ներկայացում չի տեսել, այլև Թումանյան չի կարդացել, զգացել և այստեղից-այնտեղից լսած բամբասանքների հիման վրա լիբրետո է սարքել: Եվ անհաջողագույն լիբրետո: Ավեդիկյանի բեմադրությունը ոչ թե գեղջկական կյանք է ներկայացնում, այլ գեղջկական մակարդակ ունեցող մի բան: Այն որևէ առնչություն չունի համաշխարհային երաժշտական մարգարիտներից մեկը հանդիսացող մեր “Անուշի” հետ:
Սա ոչ մի դեպքում չի կարելի ներկայացնել իբրև հայ օպերային արվեստ: Իսկ արտասահմանում այն ներկայացնելն ուղղակի հայ մշակույթը պապուասական մակարդակի իջեցնել կնշանակի: Այս ներկայացման “ավեդիկյանական արժեքը” ֆրանսիացի պարուսույցի կողմից բեմադրված ոտաբոբիկ, սևացած ներբաններով շապիկավոր գեղջկուհիների աերոբիկային, ռոքընռոլային անիմաստ, գռեհկության հասնող ցատկոտումները չեն, որոնք ոչ մի առնչություն չունեն պարի, այն էլ` հայկական պարի հետ: Դրանով բեմադրիչը ցանկանում է նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանալ: “Շատ կարևոր է, ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն”,- քարոզում է նա:
Ինչո՞ւ վավերագրող Ավեդիկյանը չփորձեց այս ներկայացումը բեմադրել դրսում, դրսի ուժերով և կամ բեմադրել մի ուրիշ օպերա: Միայն ,Անուշիե գերբնական համբավը կհավաքեր այն ահռելի գումարները, որ պիտի իբր կայացներ ներկայացումը: Արտասահմանում հայ արվեստագետը նման պայմաններով չէր մասնակցի հայ մշակույթի նկատմամբ նման մեղանչմանը: Այո, Հայաստանում մշակույթն այսօր իր լավ օրերի հուշերով է ապրում, իսկ թշվառ վիճակում գտնվող արվեստագետն իր մասնակցությունը որպես օրվա հացի հնարավորություն է նկատում: Այնուամենայնիվ, պիտի երազեինք ավելի արժանապատվորեն մոտենալու այս խնդրին, քանզի ժողովրդական իմաստությունն ասում է, որ չպետք է ապականել կամ թքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում: Իսկ այս նույն մասնակիցներն իրենց կյանքում դեռ շատ անգամ օպերային թատրոնում “Անուշի” ներկայացումներին պիտի մասնակցեն:
Ավեդիկյանը բացարձակապես ոչ մի քննադատություն չի ընդունում` անվանելով այն հիվանդագին, պաթոլոգիկ ձևով ասված խոսք: “Թող խոսեն էլի…”:
“Անուշի” միջոցով սեքսուալ ազատ հարաբերությունների այս քարոզիչը կարծում է, որ օպերան պետք է լսել հատուկ ականջներով: Ի՞նչ ականջներով է այն լսել երաժշտական տարրական գիտելիքներին ոչ հասու, էլ չենք ասում օպերային մշակույթին իսպառ անծանոթ այս մարդը: Վավերագրական կինոյի ներկայացուցիչը և երաժշտական ստեղծագործության, այն էլ դասական օպերայի բեմադրիչը միանգամայն անհամատեղելի են: Ինչպե՞ս է պատահում, որ կանաչ լույս է վառվում նմանների առջև:
Ներկայացման միակ արժեքը թերևս 35 հազար եվրո արժեցած պլաստմասայից կամուրջն է` ի պատասխան արտասահմանից և Հայաստանում շռայլորեն տրամադրված և “մարսված” ահռելի գումարների: Ահա հայ մշակույթը առանց զգալու միջազգային հանրության առաջ մահապատժի ենթարկելու ելած այս գայլի ախորժակով “բեմադրիչը”:
Այս գումարներով մի հրաշալի օպերային ներկայացում կարելի էր տանել օտարներին ի ցույց:
Հարգարժան պարոն նախագահ, այս թշվառ “Անուշը” հեռավոր կապ անգամ չունի մինչ օրս սրբությամբ պահված գոհարներից ամենաթանկագինի հետ: Չի կարելի թույլ տալ, որ այն դառնա շուկայական էժանագին առևտրի մանրադրամ: Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձևով վարվողներին պիտի խստագույնս պատժել:
Որպեսզի ծիծաղի առարկա չդառնա մեր մշակույթի գոհարի աղավաղված շարժը, և ծաղրի առարկա չդառնա մեր ժողովուրդը, խնդրում ենք արգելել այս ներկայացման “արտահանումը” արտասահման:
Բեմադրության հանրային քննարկման առարկա դարձնելը մեծապես կնպաստեր նման արատավոր խեղաթյուրումներով զբաղվող ու չափազանց մեծ ախորժակ ունեցող փորձարարներին: Թույլ չտանք, որ նմաններն իրենց տգիտության համար վրեժխնդրության առարկա դարձնեն մեր մշակույթի գոհարները:
Մայիսի 6, 2013 թ. Երևան
Խորին հարգանքով՝
Վարդուհի Վարդերեսյան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի
Ժենյա Ավետիսյան ՀՀ Ժողովրդական արտիստուհի
Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյան
Երվանդ Ղազանչյան ՀՀ Ժողովրդական արտիստ
Վահե Շահվերդյան ՀՀ Ժողովրդական արտիստ
Ռուբեն Մաթևոսյան ՀՀ Ժողովրդական արտիստ
Հրաչյա Աշուղյան ՀՀ Ժողովրդական արտիստ
Հենրիկ Անասյան Կոմպոզիտոր, դիրիժոր, գրող
Արա Պետրոսյան Դիրիժոր
Նելլի Շահնազարյան Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս
Ռոբերտ Դավթյան Պրոֆեսոր, արվեստաբան, գրաքննադատ
Սուսաննա Մարտիրոսյան Պրոֆեսոր, Կոմիտասի անվ.Կոնսերվատորիայի
վոկալ ամբիոնի վարիչ
Հասմիկ Ստեփանյան Պատմ.գիտ.դոկտոր, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր